ԼՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Մեզ` հայերիս համար մեծագույն բարեբախտություն էր, որ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանում կամ այլուր, այլ Եվրոպայի կենտրոնում` Բեռլինում: Այլապես աշխարհը չէր իմանա ոգեցունց պատմության մասին: Այս միտքն իմ մեջ վերստին նորոգվեց, երբ հնարավորություն ունեցա ձեռք բերելու և մի շնչով ընթերցելու Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) չորս քաջորդիների կողմից 1981 թ. սեպտեմբերին Փարիզի թուրքական հյուպատոսարանում իրականացված «Վա ն» գործողության դատավարության արձանագրությունները: Ֆրանսիայի Արդարադատության պալատի գաղտնազերծած այդ արձանագրությունները թարգմանել, մշակել և հրատարակել է Հայ դատի պաշտպանության անխոնջ նվիրյալ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԸ:
Սողոմոն Թեհլերյանի և նրա սերնդակից մյուս վրիժառուների (Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան, Միսաք Թոռլաքյան, Պետրոս Տեր-Պետրոսյան, Արտաշես Գևորգյան, Ստեփան Ծաղիկյան և այլն) 1920-22 թթ. Իրականացրած պատժիչ գործողություններից մինչև 1970-ական թվականների սկիզբը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով կարելի է բնորոշել որպես լռության ու անտարբերության ժամանակաշրջան: Չգրանցվեց որևէ լուրջ ձեռքբերում` որքան էլ որ աշխարհի տարբեր երկրներում բնավորվող հայության բեկորները, կենցաղավարման նոր պայմանների դժվարությունները հաղթահարելուն և համայնքներ ձևավորելուն զուգահեռ` իրենց դատը պաշտպանելու համար դիմում էին հնարավոր բոլոր խաղաղ միջոցներին: Կազմակերպում էին բողոքի երթեր ու ցույցեր, խնդրագրերով հեղեղում Ազգերի լիգայի (հետագայում` Միացյալ ազգերի կազմակերպության) գզրոցները, դիմում խոշոր տերությունների ղեկավարներին, հրապարակում թուրքական վայրագությունները փաստող գրքեր, հոդվածներ, լուսանկարներ և այլն: Աշխարհն այս ամենին նայում էր սառն անտարբերությամբ: Օտարազգի հատուկենտ անվանի մտավորականների, գրականության և արվեստի գործիչների բարոյական աջակցությունը ևս չէր կարող եղանակ ստեղծել: Իսկ Խորհրդային Հայաստանում նման թեմայի արծարծումը, հասկանալի պատճառներով, օրակարգից դուրս էր: Ավելին` հղի էր կանխատեսելի վտանգներով:
Այս ամենի արդյունքում մեր ժողովրդի երբեմնի հպարտ հոգեկերտվածքում պատվաստվեց մի նոր, արհեստածին որակ` զոհի հոգեբանությունը: Ընդ որում, հայ ժողովուրդը, որ ցեղասպանության զոհ էր, հիմա էլ դառնում էր անտարբերության զոհ, որի հետևանքները նվազ սարսափելի չեն: Հայությունը ներփակվեց իր համայնքային հոգսերի մեջ, դարձավ ինքնամփոփ` շարունակ վերապրելով և իր զավակներին ու թոռներին փոխանցելով ազգային ողբերգության մորմոքը: