ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՀԵՐՈՍԻ ԿՅԱՆՔԻՑ ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ


Մարիետա ու Վլադիմիր ԲԱԼԱՅԱՆՆԵՐԸ Մարտակերտի Մոխրաթաղ գյուղից են: Երբ սկսվել էր պատերազմը, նրանց Նաիրուհի, Նունե, Ալեքսեյ զավակները շատ փոքր էին: Վլադիմիրի հայրը` Ալյոշա Բալայանը, թերթի խմբագիր էր: Ինքն էլ որպես տպագրիչ աշխատանքի էր անցել նույն թերթում: Հետո անտառապահ էր` բնության պաշտպան£ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էր իր ժողովրդի մասին հոգում` Շարժման առաջին իսկ օրվանից` իր նպաստը ներդնելով, որ բարբարոսի ոտքը չմտնի Արցախ աշխարհ: Նա իր վրա էր կրել հարազատների, համագյուղացիների ու Մարտակերտի ողջ տարածքների պաշտպանության խաչը` իր ոգևորությունն ու սերը փոխանցելով ամենքին: - Վլադիմիրը մասնագիտությամբ տնտեսագետ էր: Հայրենիքն իր համար սրբություն էր: Շիտակ, անկեղծ, ընկերասեր, ընտանիքին նվիրված մարդ էր: Այդ տարիներին նաև իր ձեռքերով տուն կառուցեց Մոխրաթաղում: Հիշում եմ` շարժումն արդեն սկսվել էր, ասաց` Երևան է գնալու և մեկ ամիս տուն չեկավ: Պարզվեց` Ռուսաստան էր գնացել` զինամթերք բերելու: Փաստորեն, փորձում էր մեզանից թաքցնել արդեն թեժացող վիճակը: Նա էլ կցանկանար, որ իր զավակները խաղաղ պայմաններում ապրեին, չտեսնեին դառն օրեր,¬ հիշում է կինը£ Նրանք, ովքեր ամենաթեժ պահերին չհեռացան գյուղից, ճաշակեցին վիշտ ու տառապանք, ունեցան անդառնալի կորուստներ. մեկը` ամուսին, մյուսը` զավակ, երրորդը հայր կորցրեց: Տիկին Մարիետայի ու Նունեի հիշողություններն անպաճույճ են. -Պարզ հիշում եմ` շարժումը նոր էր սկսվել, մաման ու պապան մեզ թողնում էին պապիկի տանը ու գնում Մարտակերտ ցույցի: Մի օր էլ եկան, ասացին` պատերազմն սկսվել է: Մի սուր դանակ վերցրի, կանգնեցի դռան մոտ ու ասացի` թշնամին հենց գա, փորն եմ մտցնելու: Այդ օրերին պապայի գլխավորությամբ տղամարդիկ հավաքվում էին գյուղի կենտրոնում, խարույկ վառում, գիշերները հերթապահում: Հենց այդ օրերին էլ Վլադիմիրի հրամանատարությամբ կազմավորել էր «Արցախ ճակատը»: Սկզբում 7-8 հոգի էին, իսկ հետո համալրվել էր հերոս քաջերով` հասնելով 6 տասնյակի: Պատերազմական գործողությունների մասնակից էին գյուղի բնակիչները: Լրջորեն զբաղվել էր նրանց ռազմական պատրաստվածությամբ: Ղեկավարել էր Մարտակերտի գրեթե բոլոր շրջանների պաշտպանությունը£ Ամենաթեժ մարտական գործողություններին անձամբ պետք է հասներ. նրա ներկայությունն արդեն իսկ ոգևորում էր: Վլ. Բալայանը մասնակցել է Մարտակերտի, Շահումյանի, Ասկերանի, Հադրութի, Լաչինի շրջանների մարտական գործողություններին: 1990-91թթ. Շահումյանում ծանոթանալով ու մտերմանալով Լեոնիդ Ազգալդյանի հետ` այլևս դարձան կյանքի ու մահվան անբաժան ընկերներ: Նրանք համատեղ ստեղծեցին զորամիավորում, որտեղ իշխում էին նվիրվածությունը, ջերմությունը, խիստ կարգապահությունը£ - Լեոնիդը երբեք տանը չէր գիշերում, քնապարկով մշտապես պատշգամբում էր քնում: Երբ հարցնում էի, ասում էր. «Չեմ կարող գլուխս հանգիստ բարձին դնել. զինվորներիս եմ հսկում»: Երկու տարի չընդհատվող մարտական գործողությունների ժամանակ նրանք ընդամենը չորս զոհ տվեցին: Երբեմն անհանգստանում էի, որ բավական է արդեն, եթե դժբախտություն լինի, ո՞նց եմ պահելու երեխաներին£ Իսկ ամուսինս ասում էր. «Ես պիտի կռվեմ, գիտեմ, որ կպահես երեխաներին: Եթե զոհվեմ, ընկերներս ձեր կողքին կլինեն»: Ինքը գիտեր, որ զոհվելու է… Ինքն ու իր ընկերները միայն հայրենիքի ազատագրման ու խաղաղության մասին էին մտածում, այլ միտք նրանց չեր տանջում: Տիկին Մարիետան մշտապես նրանց հետ ու նրանց կողքին է եղել` խոսք ու զրույցի, թախիծի ու անհանգստության ընկերը: Ինչպես ինքն ասաց` իր ամուսինը մարդասեր էր… Երբ թշնամու կանանց ու տղամարդկանց էին գերել, պահանջել էր նրանց հանդեպ լինել բարյացակամ: - Պապան կարգադրեց` նրանց տեսնելիս մեզ լավ պահենք: Նրանց հայ գերիների հետ փոխանակեցին: Իր ջոկատում Մուշեղ անունով մի երիտասարդ տղա կար, գերի էր ընկել, պապան շատ անհանգիստ էր, ամեն գնով ջանում էր հետ բերել. և դա նրան հաջողվեց: Վլադիմիր Բալայանի ընտանիքն ապրել է վախի ու տառապանքի տարիներ, տեսել ծանր վիշտ և շարունակել է ապրել` իմաստավորելով անցած տարիները: Հիշում է դուստրը. - Պապայի զենքը շատ էի սիրում. երբ նա տուն էր գալիս, ես ու եղբայրս առաջինն էինք ուզում վերցնել զենքը: Նա մեզ կրակել էր սովորեցնում: Ամեն առավոտ իրենց ջոկատի տղաները մարզվում էին: Հաճախ առաջին դասերին չէի գնում, սիրում էի պապայի հետ գնալ իրենց մարզումներին: Ջոկատի տղաները պետք է հոգեպես ու ֆիզիկապես պատրաստված լինեին: Անգամ մեզ նա գյուղից դուրս չհանեց` մտածելով` գյուղում խուճապ կառաջանար: - Հիշում եմ` 92 թ. ապրիլն էր, թշնամին գրոհել էր Մարաղայի վրա, ամուսինս Ստեփանակերտում էր: Իմանալով ընկերների ծանր կացության մասին` օգնության էր շտապել: Զրահատեխնիկայով մտնելով գյուղ` խառնաշփոթ էր առաջացրել թշնամու բանակում: Մերոնք, հակագրոհի անցնելով, դուրս էին շպրտել նրանց Մարաղայից: Իսկ նույն թվականի հունիսի 6-ից թշնամին լայնածավալ հարձակման էր անցել Չայլու գյուղի ուղղությամբ: Լեոնիդը հիվանդանոցում էր, միայնակ էր ստանձնել զորքերի հրամանատարությունը,¬ դստեր խոսքն ասես շարունակում է Մարիետան£ Պարզապես տիկին Մարիետայի համար դժվար էր հիշել ամուսնու կյանքի վերջին մարտերի մանրամասները: Ասում են` պատահական ոչինչ չի լինում: Չայլու գյուղի մարտական գործողութ յունների ժամանակ այնտեղ էր շտապել սփյուռքահայ Մարիամ Կիրակոսյանը և հենց խրամատներում մի քանի անգամ լուսանկարել Վլադիմիրին: Ինչ իմանար, որ նրա երկրային կյանքի վերջին ժամերն էին… Թշնամին սկսել էր ռմբակոծել, հրամանատարը մնացել էր դիտակետում… Թշնամու արկը պայթել էր Վլադիմիրի կողքին… Դա հունիսի 9-ն էր… - Նա շատ նվիրված էր մեզ, եթե ողջ լիներ, չէինք ճաշակի կյանքի շատ դառնություններ: Հասկանում եմ, որ պապան սրտի թելադրանքով է արել ամեն ինչ: Եթե չգնար, իր տեղը չէր գտնի կյանքում, հանգիստ գլուխը բարձին չէր դնի: Հայրս զոհվել է, գիտեմ, որ հանգիստ է, որովհետև մեծ գործ է այստեղ կատարել: Նրան հետևել են մարդիկ ու հավատացել, վստահել: Հպարտ եմ, որ Վլադիմիր Բալայանի դուստրն եմ: Հայրս բոլորի մեջ լավ հուշեր է թողել: Ինչպես նրան ճանաչողներն են ասում` նա քայլող լեգենդ էր: Լեգենդ է եղել և մնում է որպես այդպիսին: Մարտակերտի թիվ 1 դպրոցը Վլադիմիր Բալայանի անունն է կրում, Սառա ու Կառլեն Եսայանների շնորհիվ դպրոցի բակում կանգնեցվել է հուշաքար: Ամեն հայ օրհնում է նման հայորդիների ծնունդը, իսկ զավակներն իմաստավորում են նրանց ապրած տարիներն ու կատարած գործը:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ