ԳՐՊԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԴԱՏԱՐԿ ԵՆ Չափավորեք ախորժակներդ


Գնաճը միգուցե այն թեմաներից չէ, որն այդքան հաճախ կարելի է քննարկել£ Ի վերջո, ո՞վ չի նկատում, որ Հայաստանում թանկացումները ոչ միայն բավական ընդգրկուն բնույթ ունեն, այլ նաև դրանք կանխելու կամ գոնե մեղմելու եղանակներն այդպես էլ չեն գտնվում£ Խնդրի տարածունությունը, սակայն, միայն այսքանով չի սահմանափակվում և ավարտվում այնտեղ, ինչն առաջին հայացքից է միայն երևում£ Գնաճի հանդեպ վերաբերմունքն ընդհանուր առմամբ որոշակիացել է ու թեկուզ ոչ բառացի, բայց բոլոր կողմերից հասկացվում է, թե այն հնարավոր չէ զսպել… Այս պատասխանն, իհարկե, որևէ մեկին չի կարող հուսադրել, ոչ էլ առավել ևս` գոհացնել£ Սակայն հենց անելանելիությունն է, որ պետք է մղի` արդարացումներ գտնելու փոխարեն ճիշտ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությունը գիտակցել£ Այդպիսի գիտակցված մոտեցում առայժմ կարծեք թե չի նկատվում (իսկ ավելի հավանական է` չի գտնվում), ու ամեն ինչ միայն սկսվում ու ավարտվում է փաստ(եր)ի արձանագրմամբ£ Արդյունքում անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու են մեր երկրում ապրանքներն ու ծառայությունները շարունակաբար թանկանում£ Հարցադրումն, իհարկե, անընդհատ է հնչում ու ամենատարբեր հավանական ու անհավանական պատասխանների արժանանում£ Այնպես որ, գնաճը կարելի է ավարտվող տարվա մինչև անգամ ամենահիմնական` անլուծելի մնացած խնդիրը համարել£ Նախորդող ամիսներին տեղի ունեցածը հատկապես նրանով է ուշագրավ, որ ուր-որ է` երկնիշ թվով արտահայտվելիք 9,6 տոկոս պաշտոնական ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա 6,7 տոկոսը£ Ընդ որում, «վազանցվել» է մի թիվ, որը ճգնաժամային 2009¬ի համար է արձանագրվել£ Եվ ստացվում է, որ ճգնաժամն աշխարհում և Հայաստանում հաղթահարվեց, իսկ նրա ցավոտ հետևանքները հանրությունն ու երկիրը շարունակում են կրել£ Թանկացումները մեղմող քայլերի ու հատկապես դրանց իրագործմանն ուղղված ծրագրերի մասին, իհարկե, շատ է խոսվում£ Այսուհանդերձ, որևէ մեկը չի կարող հերքել, որ գնաճն առավելապես առանձին մարդկանց քմահաճույքների արդյունք ու հետևանք է£ Ուշագրավ է, որ Կենտրոնական բանկի կանխարգելիչ ներկայացվող արտարժութային քաղաքականությունը նույնպես օգտակար արդյունք չի արձանագրել£ Ի վերջո, նախորդ տարեվերջին դոլարն ավելի թանկ արժեր, քան հիմա£ Բայցևայնպես ակնհայտ է, որ արտարժույթի ներկայիս արհեստական կուրսը (ու եթե հավատանք պնդումներին` նաև գները զսպելուն միտված) ողջ տարվա ընթացքում գնաճը բացարձակապես չզսպեց£ Եթե գլխավոր դրամատան պատասխանատուներին հավատանք, ապա նրանք ձգտելու են համոզել, որ եթե 360 դրամը դոլարի հիմնական ու կայուն գին չհամարվեր, ապա իրավիճակը բոլորովին այլ ու շատ ավելի անմխիթար կլիներ£ Ժողովրդահաճո երևալու առումով նրանք գուցեև իրավացի են. ի վերջո, այս տարվա ընթացքում դոլարի թանկացումը գնաճի պատճառ ներկայացնելու առիթներն իրականում չկային£ Այսքանով հանդերձ` անհավանական ու անլուրջ է թվում թանկացումների ալիքի համատարած լինելու ու այն իբրև համաշխարհային պատուհաս ներկայացնելու փաստարկը նույնպես£ Եթե մենք այս հարցում ռեկորդակիր չլինեինք, թերևս ինչ¬որ ձևով կարողանայինք հավատալ, թե, դիցուք, հենց երաշտը նպաստեց կրկնապատկված-եռապատկված թվերով նորացված գնապիտակների ի հայտ գալուն£ Սակայն «գաղտնիքը» նույնիսկ գյուղատնտեսական ճգնաժամի հետևանքների մեջ չարժե փնտրել£ Հուսանք և կանխատեսենք, թե հաջորդ տարվա ընթացքում աշխարհը նորից կսկսի ցորենի ու գյուղմթերքների ավելցուկի մասին խոսել£ Համաշխարհային շուկաներն էլ լճացում ու գնանկում կարձանագրեն… Ո՞վ կհավատա, թե Հայաստանում այս պարագայում էլ նույն գործընթացներն են սկսելու թափ առնել£ Իսկապես, անհավանական սցենար է£ Լավագույն դեպքում` գների տվյալ պահի մակարդակը կարող է պահպանվել, իսկ ավելին ակնկալելը պարզապես միամտություն կլինի£ Ի վերջո, այն, ինչը տեղի է ունեցել մինչև հիմա կամ դրանից էլ առաջ, բնավ էլ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող զարգացումների արդյունք չէ£ Հայաստանում գներն առավելապես թելադրվում են ներկրողների ու երբեմն էլ տեղական արտադրողների կողմից£ Ուրեմն գնաճը զսպելու միակ ելքն օլիգարխներին զսպելը կարող է լինել£ Այսքան պարզ ելակետն, անշուշտ, բոլորն են տեսնում£ Գործնականում ասենք այն ապրանքները, որոնք այս պահին արդեն խանութներում են ու գնորդի են սպասում, մեկ¬երկու շաբաթ հետո իրենց հասցեատերերին շատ ավելի բարձր արժեքով են հասնելու£ Արհեստական գնաճի ավելի լավ օրինակ տարվա վերջին ամսին դժվար է գտնել£ Սակայն խնդիրը ոչ թե համոզիչ օրինակներ ներկայացնելն է, այլ անխնա կերպով մարդկանց գրպանները դատարկող գործընթացը գոնե կանխելը£ Եվ պարզ է միանշանակորեն, որ օրենսդրորեն կամ հնարավոր այլ եղանակներով թանկացումների կնքահայրերի ախորժակը մեղմող մեխանիզմ պետք է հայտնաբերվի: Դրանից հետո միայն կարելի կլինի հուսալ, թե հայկական գնաճը հնարավոր է կանխել ու ինչ¬որ օրինաչափությունների շրջանակում տեղավորել£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ