ԱՆԿՈՒՄ, ԲԱՅՑ` ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ


Այնպես է ստացվել, որ Վիճծառայության վերջին շրջանի հրապարակումներն առավելապես մտահոգիչ թվեր են ամրագրում£ Պարզվում է` ընթացիկ տարին բարենպաստ չի կարելի համարել նաև ներդրումների առումով£ Այդպիսիք (այն էլ նախորդ ճգնաժամային տարվա համեմատությամբ) շուրջ 9,5 տոկոսով կրճատվել են£ Եվ կարելի է ամփոփել, թե այն, ինչին այդքան շատ էինք ձգտում, գլխիվայր շուռ եկավ ու սպասվածի ուղիղ հակառակն արձանագրվեց£ Ի վերջո, մեր բոլոր կառավարությունները ձգտել են հրապուրել հատկապես օտարերկրյա ներդրողներին` նրանց համոզելով, թե Հայաստանը շատ ու շատ բիզնեսների համար անփոխարինելի առավելություններ ունի£ Սակայն գոնե այս տարվա վիճակագրական տվյալներին ծանոթանալով` կարող ենք եզրակացնել, որ նրանք, ովքեր հրապուրվել են մեր երկրի գործարար միջավայրով, արդեն իսկ գործի են անցել£ Բայց նորանոր ինվեստորներ հայտնաբերելու գործընթացն է դանդաղել£ Հարկ է նկատել, որ այս առումով տեղացիներս ավելի համարձակ ենք£ Եթե ընդհանուր առմամբ անկումն 9,5 տոկոս է կազմում, ապա դրա 35 տոկոսը օտարերկրացիներին է բաժին ընկնում£ Մյուս կողմից էլ նորանոր հորիզոններ նվաճելու բարդությունն է ներդրումներին խոչընդոտում£ Ավելին, համոզված կարելի է պնդել, որ այս առումով հեռանկարներն էլ փայլուն չի կարելի համարել£ Լավատեսությունը` լավատեսություն, բայց պարզ է նաև, որ նախ և առաջ ամենաշահութաբեր համարվող ոլորտներն են տեղացի թե օտար գործարարների տեսադաշտում հայտնվում£ Ու հիմա, երբ նշված առումով «հարցերը լուծված» են, նոր բիզնեսներ հայտնաբերելու ու ավելի մեծ ռիսկերի գնով դրանք զարգացնելու պայմանները, բնականաբար, պետք է լինեն` սկսած հարկային որոշակի արտոնություններից: Ինչպես նշվեց, ընդհանուր առմամբ և այն էլ շոշափելի թվով անկում է արձանագրվել£ Սակայն վերջին 11 ամիսների վերաբերյալ այդ նույն հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների ներդրումների ծավալներում այս իմաստով շոշափելի առաջընթաց է գրանցվել… Ի՞նչ է հուշում նշված հակասությունը£ Տվյալ դեպքում` ռուսականացվելուց հետո խոշոր ձեռնարկությունները սկսել են զարգանալ£ Տնտեսապես արդարացվել են երբեմնի ռիսկերը, և մեր հյուսիսային հարևանին պատկանող տարբեր ընկերությունների սեփականատերերը հօգուտ ներկայիս շահույթների բազմապատկման (և ընդհանրապես շահագրգիռ լինելով իրենց կազմակերպությունների հետագա բարգավաճմամբ) նորանոր ֆինանսական հոսքեր են ուղղել դեպի Հայաստան£ Կարելի է կարծել, թե մեր երկիրը որպես նպաստավոր բիզնեսի կենտրոն ներկայացնելու քարոզչությունն այսքանով ավարտուն է£ Ընդհանուր առմամբ, իհարկե, այդպես էլ կա£ Իրականում, սակայն, ավարտին հասած կարելի է համարել միայն այս գործընթացի առաջին և միգուցե հիմնական փուլը£ Ակնհայտ է, որ օտար, թե տեղացի ներդրողներն անելիք դեռ շատ ունեն£ Հետևաբար, ավելի ճիշտ կլինի ենթադրել, թե քարոզչությունն ու հատկապես հայաստանյան գործարար միջավայրն իրատեսորեն ներկայացնելու քաղաքականությունը շարունակել է պետք£ Մինչդեռ վիճակագրությունը տվյալ դեպքում ընդամենն անկման փաստն է արձանագրում£ Իսկ հեռանկարների բացառման մասին խոսք անգամ չի կարող լինել, ինչն էլ հենց փաստում է, որ ընթացքի մեջ գտնվող նախաձեռնությունները առաջիկա տարիներին կյանքի կկոչվեն£ Մնում է չբավարարվել եղած ոչ այնքան լիարժեքորեն հուսադրող ընթացքով ու հիրավի նոր հորիզոններ նախանշել£