Հաղթողները նրանք չեն, ովքեր երբեք չեն ձախողվում,  այլ նրանք, ովքեր երբեք չեն հանձնվում


 

Ես իմ հարթակն ունեմ

Արա ԵՐՆՋԱԿՅԱՆ Երևանի պետական կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր

- Ես երջանիկ մարդ եմ, որովհետև իմ հարթակը ունեմ, որտեղ 30 տարի, շաբաթը 5 անգամ ներկայացնում եմ այն գործերը, որոնք մեր կյանքին են վերաբերում: Եվ այն, ինչ ցանկանում եմ ասել, ասում եմ բեմից: Դուրս գալ պուրակներ և հրապարակներ` ինչ-որ բան ասելու` դա իմ գործը չէ:

 

Եթե 10-ն էլ կարողանա...

Միքայել ԴՈՎԼԱԹՅԱՆ կինոռեժիսոր

- Ներկայումս ես համագործակցում եմ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ: Հիմնդրամում գործում է ստուդիա, որն այսօր ես եմ ղեկավարում: Ստուդիայում ստեղծվում են բնապահպահպանական և մշակութային խնդիրներին առնչվող ֆիլմերը: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ` դրանք նկարահանում են Հայաստանի տարբեր մարզերում գործող մշակութային և բնապահպանական ակումբների անդամ երեխաները: Նախկինում «Արևորդի», իսկ այսօր արդեն «SOS Մշակույթ» ծրագրերի շրջանակներում գործող երիտասարդական ակումբներում բնապահպանական և մշակութային թեմաներով դասընթացներ են անցկացվում, որոնց նպատակն է մարզերում բնակվող երեխաներին փոխանցել այնպիսի հմտություններ, որպեսզի նրանք կարողանան հոգ տանել և´ հայրենի բնության, և´ մշակութային արժեքների մասին: Երեխաները մշակութային արժեքների կրողն են և պահպանողը: Ֆիլմերի, դասընթացների միջոցով փորձում ենք սեր, հարգանք և պատասխանատվության զգացում սերմանել նրանց մեջ` ինչպես հայրենի բնության, այնպես էլ մշակութային արժեքների նկատմամբ: Կարծում եմ` եթե 40 երեխայից 10-ն էլ կարողանան հետագայում ինչ-որ բաներ փոխել, մենք հասած կլինենք մեր նպատակին:

Հեռուստատեսությունը մեծ դեր է խաղում նման արժեքների փոխանցան գործում: Հասարակությունը ճահճի նման կլանում է այն, ինչ մատուցվում է: Պետք են այնպիսի ծրագրեր, որոնք օգտակար կլինեն: Այն դժվարությունները, որոնք այսօր ծառացած են մեր առջև, պետք է հաղթահարել և դրանցից չվախենալ: Անհրաժեշտ է գտնել այլընտրանքները, որոնց միջոցով, հնարավոր է դրանք հաղթահարել:

 

Նախևառաջ` իր գործի գիտակը

Համլետ ԱՍԱՏՐՅԱՆ տնտեսագետ

- Իմ կարծիքով` մտավորականը նախևառաջ իր գործի գիտակն է: Մտավորականը նա է, ով իր մասնագիտական գործունեությունը արվեստի աստիճանի է հասցնում և լավատեղյակ է ազգային ու համամարդկային արժեքներին, ունի ձևավորված աշխարհայացք, վերլուծական միտք, առողջ բանականություն: Եվ, որ ամենակարևորն է` նա ազգի նվիրյալ պետք է լինի: Եթե մարդը հայրենասեր չէ, նա չի´ կարող արժեք ստեղծել:

Այսօր մեզանում մի վակուում է գոյացել. ճշմարիտ մտավորականների հետ առնչվելու, նրանց խոսքը լսելու սով է զգացվում: Մարդկության խիղճը մտավորականությունն է. նա´ է կարողանում անհատ և հասարակություն ձևավորել: Այսօր մեր հեռուստաեթերները լի են աղբով. հանգամանք, որը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հասարակության գիտակցության ձևավորման վրա: Եթերներից հնչող իբր հումորը տհաճ զազրախոսություն է գիտակից մարդկանց համար, վիրավորում է շատերիս լսողությունը:

Ինձ անչափ ցավեցնում է աշխատանք չգտնող մարդկանց, ինչպես բանաստեղծն էր ասում` դառը դատող ու դատարկ նստող գյուղացու վիճակը: Մտավորականությունը ևս դժվարին կացության մեջ է, բայց նրա ձայնը միշտ պետք է լսելի լինի ժողովրդին: Ես համոզված եմ, որ բռունցքվելու դեպքում մեր մտավորականությունն ի զորու կլինի երկրում շատ բան փոխել:

Անդրադառնալով այս հավաքին, կարծում եմ, որ նման հանդիպումներն ավելի մեծ նպաստ կբերեն երկրի, ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծմանը` եթե շարունակական լինեն: Եվ, իհարկե, ամեն անգամ քննարկվի օրվա հրատապ խնդիրներից որևէ մեկը:

 

 

Լինել անհատ  և անհատականություն

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ «02» շաբաթաթերթի իմբագիր

- Այստեղ հնչած բոլոր խոսքերում առկա է բարեկեցիկ երկիր և արժանապատիվ քաղաքացիներ ունենալու մտահոգությունը: Համամիտ եմ բոլորի կարծիքին: Ընդամենը կավելացնեմ, որ մտավորականը միշտ անհատն է. «ություն» վերջածանցը (կամ բառամասնիկը) բոլշևիկներն ավելացրին, որպեսզի անհատը տարրալուծվի բազմության մեջ և կառավարելի դառնա: Եվ նրանք լավ էլ կառավարեցին այդ խավին, լավ էլ օգտագործեցին նրա մտավոր ներուժը:

Այստեղ արտահայտված այն կարծիքին էլ, թե մամուլի, մտավորականության ձայնը լսում էին, կհավելեմ. ով փորձում էր դուրս գալ նրանց գծած շրջանակներից` կա´մ աքսորվում էր, կա´մ` գնդակահարվում: Ըմբոստացողները քիչ էին, մտավորականությունն ակտիվ էր` թույլատրելիության սահմաններում:

Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր փոխվել է մտավորականության խոսքի վեկտորը: Մենք պետք է դիմենք ոչ թե իշխանություններին, այլ` ժողովրդին: Պետք է դիմենք հասարակությանը, որպեսզի մեր խոսքը լսելի լինի, տեղ հասնի: Մենք պետք է լինենք անհատ և անհատականություն: Իմ կարծիքով` ուրիշ ճանապարհ չկա:

Համամիտ չեմ նաև հնչած այն խոսքի հետ, որ մտավորականի հետ շփվելու, հանդիպելու սով կա: Չկա´ նման որևէ խնդիր: Գնացեք թատրոն, գիրք կարդացեք… Մտավորականն այլ անելիք չունի. նա իր գործը պիտի անի` հստակ, պարտաճանաչ և նվիրումով: Եվ, ամենակարևորը` ոչ թե կեցությունն է որոշում գիտակցությունը, այլ` հակառակը. սա´ է մտավորականի նշանաբանը:

Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե ինչքան է նրա երկարությունը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆ լինելը կոչում է, որը հրովարտակ-հրամանագրերով չի շնորհվում: Նույնիսկ դժվար է ասել` մտավորական դառնո՞ւմ են, թե՞ ծնվում: Մեր ժամանակներում թերևս փոքր-ինչ խաթարվել է այս բառի նախնական իմաստը: Հիրավի ազգընտիր այս խավը հասարակության խիղճը պետք է լինի, հասարակական տրամադրություններ ձևավորողը և այդ տրամադրությունները բյուրաղեցնող ընտրանին: Ընտրյալ` ո´չ մերօրյա իմաստով: Նախորդ հասարակարգում միջակություններն անգամ ներքուստ այնքա˜ն գնահատում էին մտավոր ներուժ ունեցողներին ու ձգտում էին, որ գոնե իրենց զավակներն ուսյալ լինեն: Թերևս սա էր պատճառը, որ սկսեցին շփոթել դիպլոմակիր լինելը ճշմարիտ մտավորականի հետ: Ու հենց պահը եկավ` տեսակ-տեսակ բուհերի կարմիր ու կապույտ վկայականներ ձեռք բերեցին. փողերի տրցակները ոտնատակի հենահարթակ դարձրին և իրենց այնքա˜ն բարձր զգացին, որ «վար» նայելը մոռացան: Չմոռացա´ն, վախեցան (ու այսօր էլ նրանցից շատերը վախենում են) «ներքև նայել, որովհետև այդ «ներքևներում» իրենց թողած ավերածություններն են` ժողովրդի հիասթափության, դժվար գոյատևումի, հանապազօրյա հացի փնտրտուքի տեսքով: Այդպիսիներին Աստված թող խիղճ ու միտք պարգևի, իսկ մենք արձանագրենք, որ ճշմարիտ մտավորականը պահպանել է իր արժանապատվությունը և չի ընկրկել սոցիալական դժվարություններ կոչված տառապանքների առջև: Ճշմարիտ մտավորականը շարունակում է տքնանքով արժեքներ արարել: Մնայո´ւն արժեքներ: Եվ շարունակում է արարումի բերկրանքն ապրել ու չհիասթափվել` մնալով իրատես և ինքնավստահություն ներշնչել` ի´ր լավատեսութ յամբ: