Երբ հիմարությունը հասնում է լեզվի ծայրին, ատամների գործը սաստիկ դժվարանում է:


Երբ հիմարությունը հասնում է լեզվի ծայրին, ատամների գործը սաստիկ դժվարանում է: ԱՍԱՑՎԱԾՔ Նմանակողը կորցնում է սեփական դեմքը: Այս պարզ ճշմարտությունը հումորային ծրագրերի շատ հեղինակների գիտակցության մեջ այդպես էլ չի արմատավորվում, որովհետև արտասահմանյան հեռուստաալիքներով հեռարձակվող հումորային հաղորդաշարերին «պլեճ» անելու նրանց միակ ունակությունը աղճատված մայրենիով սեփական խղճուկ հումորը մատուցելն է, ինչից, ի դեպ, ուշաթափվում է միայն այդ մակարդակի հանդիսատեսը: Բայց երբեմն մեր պարոդիստներն անցնում են թույլատրելի սահմանը` իրենց ուշաթափեցնող հումորը հասցնելով ցինիզմի: Ռուսական «Քոմեդի քլաբ» հումորային ծրագրի (որի հեղինակների մեծ մասը հայ «կավեենշչիկներն» են) նմանակությամբ, բայց ցածրորակ ու անճաշակ տարբերակով «32 ատամ» ակումբն արդեն հանրային հեռուստատեսությամբ ապահովել է իր մշտական եթերաժամը: Վերջերս` ծրագրի հերթական հաղորդման ընթացքում ակումբը թույլ տվեց շոու բիզնեսի կանոններին հակասող արարք` իրենց հումորին զոհ դարձած մի շարք երգիչների ներկայացնելով «էշ տասնյակ»-ում: Մինչդեռ այդ տասնյակը շատ հանգիստ կարող էին զբաղեցնել «32 ատամ» ակումբի մշտական մասնակիցներից ոմանք: Հավանաբար, ակումբի ատամը նրանց չի կտրել: «Էշ տասնյակ»-ը զբաղեցնողներից մեկը որոշել է ոտնահարված պատիվը վերականգնել հայավարի, ութը միանգամայն լռություն են պահպանել և միայն «Մինորա» մշակութային կենտրոնի ղեկավար Ռոլանդ Ռեյն է (Ռոման Աբրահամյան հայկական անունով) ցանկացել իր վիրավորանքն արտահայտել ԶԼՄ-ների միջոցով, պահանջելով «32 ատամ» ակումբի ստեղծագործական խմբին ներողություն խնդրել իրենից, այլապես բարոյական հատուցումը կպահանջի դատարանով: «Եթե ուրիշների համար միևնույն է, որ իրենց ընդգրկել են «էշ տասնյակում», ինձ համար միևնույն չէ,- ասում է Ռոլանդ Ռեյը,- դա ինձ համար վիրավորական է: Նրանք ինձ մասսայաբար վիրավորել են, թող մասսայաբար էլ ներողություն խնդրեն: Դրանով նրանց ռեյտինգն ավելի կբարձրանա»: Նույն հարցի շուրջ ՌադիոՎան-ով անցկացվող հարցազրույցի ժամանակ, երբ ուղիղ կապով հարցում է արվել Մոսկվա, «Քամեդի քլաբ»-ի գովազդային գծով մենեջեր Տատյանա Բիչենկոյին, վերջինս պատասխանել է, որ երբ իրենք պատրաստվում են որևէ մեկին «հումորապատել», ապա նրա համաձայնությունն ու ներկայությունը շոուին պարտադիր է, քաղաքակիրթ տարբերակը դա է, և, բացի այդ, իրենց հումորային ծրագրի բարձր մակարդակը չի հանդուրժում անձնական վիրավորանք: «Ինձ հետ տասնյակ հումորային ծրագրեր են պատրաստել, սակայն նման գռեհիկ, անձը վիրավորող հումոր չի ներկայացվել», - ասում է Ռոլանդ Ռեյը: Բացի այն, որ չարաբաստիկ այդ «տասնյակը» տվյալ «շարքում» բոլոր հայտնվածների անձն ու արժանապատվությունն է վիրավորում, նրանցից մեկը մասնավորեցնում է, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ է «32 ատամ» ակումբը տխրահռչակ տասնյակում ընդգրկել արդեն երեք տարի երգարվեստին հրաժեշտ տված Ռոլանդ Ռեյին, իսկ գուցե հաջողության բարձունքներին հասած երիտասարդ պրոդյուսերին «կարիեսոտ» ատամներով ծամելու պատճա՞ռ ունի: «Այդ ծրագրի ստեղծագործական խմբի տղաներին իրենց ծրագրերի («Բոնուս» և այլն) իրականացման գործում չորս տարի առաջ շատ ու շատ հարցերում օժանդակել եմ»: Ստացվում է, որ Ռոլանդ Ռեյն իր անշահախնդիր աջակցության դիմաց առատորեն վարձատրվեց ապերախտության «ծաղկեփնջով» և այն էլ հանրային հեռուստատեսության եթերով` ի լուր աշխարհի: Ցավալի է, որ մի շարք հեռուստաալիքներով` «ժամանակ մեռցնող» հումորային հաղորդումները, որոնք լիաթոք ծիծաղ պարգևելու փոխարեն մի կերպ ծիծաղ են կորզում, այսպես անարգել, վերահսկող աչքի կուրությունից և կամ բացակայությունից ոգևորված, մայրենի ժարգոնով իրենց տափակ հումորի ծանրության տակ «թաղում» են ժողովրդական առողջ ծիծաղն ու հումորը, պատճառաբանելով, թե դա լսարանի պահանջն է: Արդարացի կլիներ, որ նմանատիպ հեռուստածրագրերի հեղինակները պատասխանատու լինեին թե° իրենց կողմից պատճառված անձնական վիրավորանքի և թե° ոսկեղենիկ հայերենը եթերից հայհոյախառն մատուցելու համար: Այդ դեպքում Լեզվի տեսչության գովազդային թանկարժեք պաստառները հարկադրված չէին հիշեցնի, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ