«ԱՅԳԱԲԱՑԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ» Հեղափոխական այգաբացը


Որպես կյանքի այգաբաց են ընդունում իրանցիները իսլամի շիա ուղղության հեղափոխական մարտնչող տեսակի հաղթանակը Իմամ Հոսեյնի առաջնորդող գաղափարներով ներշնչված: Իր հիմքում ունենալով Աշուրայի ծեսն ու ուսմունքը` հանուն Բարու հավիտենական գերիշխանության նահատակությունը, մուսուլմանների բարեկեցության հիմունքների առաջնայնության, հավատուրացության դեմ հասարակական պայքարի գաղափարները` Իմամ Խոմեյնու ապստամբությունը իր համախմբող դրոշի տակ միավորեց ուսանողությանն ու իսլամական հավատքից հեռացած մտավորականությանը, այդպիսով նաև` ողջ ժողովրդին, որ պատրաստ էր ըմբոստանալու շահական իշխող վարչակարգի կեղեքման ու բռնապետության դեմ: Վերածնված իսլամը, հոգևոր-մշակութային հզոր ազդակների արմատավորման միջոցով, երկու տասնամյակների ընթացքում կարողացավ հասարակական-քաղա քական ոլորտում հասնել բարեփոխումների, որոնք շահը չկամեցավ կամ չկարողացավ իրագործել: Համաժողովրդականի վերաճած հեղափոխական պայքարը, հուժկու թափ առնելով, իր շարքերը անվերապահ հավատով համալրած միլիոնավոր անձնուրաց իրանցիներով, անթիվ նահատակների արյան գնով հաստատեց Իրանի Իսլամական Հանրապետությու նը: Եվ միասնական, հավաքական կամքով ու ջերմեռանդությամբ, իր դժվարին պայքարի քաղցր պտուղները վայելելով ու փայփայելով, այս էլ ահա 28-րդ անգամ տոնում է իր կյանքի հեղափոխական այգաբացը ոչ միայն մայր հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս գտնվող հինգ տասնյակ երկրներում, որոնցում գործում են ԻԻՀ դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս տարի Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի տոնակատարությանը հատկապես մասսայական շքեղ բովանդակություն է հաղորդվել, քանի որ այն համընկել է մոհարամ ամսվա և Աշուրա արարողության հետ: Կոնկրետ մեզ մոտ` Հայաստանում, ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 1-ից 10-ը ներառյալ «Այգաբացի տասնօրյակ» խորագրով անցկացվում են ԻԻՀ ներկան լուսաբանող մի շարք ուշագրավ միջոցառումներ` ցուցահանդեսներ Երևանի ժողովրդական ստեղծագործության արվեստի թանգարանում ու Կապույտ մզկիթում, «Ներկայիս Իրանը հայ մտավորականների տեսանկյունից» գիտաժողովը ԱՕԿՍ ընկերության սրահում, Իմամ Խոմեյնու պատմական նամակի արդյունքների քննարկում ու իրանական պոեզիայի ցերեկույթ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում, Սբ. Ղուրանի շնորհանդեսը ՀԳՄ Կլոր սրահում, ԻԻՀ դեսպանի ընդունելություն Արմենիա-Մարիոտ համալիրում, հեղափոխության տոնակատարություն Իրանի իսլամական դպրոցում: