Բարլուս տղե°րք, ո՞նց եք


Հետաքրքիր է, ի՞նչ կանեին մեր քաղաքացիները, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ենթադրենք, որոշեր, թե ամեն մի ընտանիք տարեկան ինչ-որ մի իքս գումար պետք է վճարի ինչ-որ մի իքս տաքսի ծառայության, անկախ նրանից` սպասարկվե՞լ է նրա կողմից, թե՞ ոչ: Կարևորը այդ չէ: Կարևորն այն է, որ նրանք միշտ պատրաստ են սպասարկել նրան` ով իրենց կդիմի: Համարձակ կարելի է պնդել, որ ոչինչ էլ չէին անի, կվճարեին: Որովհետև չեն կարող չվճարել: Այդպիսի «քյալլագյոզությունը» կպատժվի ոչ միայն տաքսի, այլ նաև երթևեկության մնացած բոլոր միջոցներից զրկելով ամբողջ շենքին, գյուղին, թաղամասին, որպես «զիմաստություն և զխրատ»: Դեկտեմբերյան ցուրտ օրերից մեկն էր: Փողոցում հանդիպեցի մեր թաղամասի «գազի մարդուն»: Նա մոտեցավ և խիստ քաղաքավարի տեղեկացրեց, որ օգտագործված գազի դիմաց վճարելուց բացի, պետք է վճարեմ նաև 5700 դրամ` ներտնային սպասարկման տարեկան վարձավճար: Ընթերցողին հիշեցնեմ, որ խոսքը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2005 թ.-ի N 154-Ն որոշմամբ սահմանված «ՀայՌուս գազարդ» ընկերության կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար գանձվող տարեկան վարձավճարի մասին է, ըստ որի բաժանորդը գազասպառման մեկ կետ ունենալու դեպքում վճարում է 2400 դրամ, երկուսի դեպքում` 5700, երեք և ավելիի դեպքում` 6900 դրամ: Այս որոշումով հանձնաժողովը մարդկանց կանգնեցնում է մի արտառոց, անհեթեթ իրավիճակի առաջ` ստիպում է մարդկանց վճարել մի «տաքսի» ծառայության համար, որից նա չի էլ օգտվել, այն էլ` ոչ իր մեղքով ու ցանկությամբ: Վճարում ես միայն այն բանի համար, որ այդ կազմակերպությունը իբր թե միշտ պատրաստ է քեզ սպասարկել: Նախ ուշադրություն դարձնենք այս արտառոց որոշման ձևակերպումներին, որոնք մեջբերվում են բառացի, այնուհետև կանդրադառնանք, թե ինչպես է այն կիրարկվում իրական կյանքում: «Բաժանորդը պետք է վճարի. ա) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում... (գումարները վերը նշված են), բ) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում... գ) երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում...»: Եթե նկատեցիք, խոսք չկա անսարքություն ունեցող սարքավորումների տեխնիկական սպասարկման մասին, այլ վերաբերում է ընդամենը... սարքավորումների առկայությանը: Բացի այդ, բնական է, որ անսարքության դեպքում ոչ մի խելքը գլխին մարդ իր «Բաքսին», «Մերկուրին» կամ գազօգտագործող մյուս սարքավորումները չի վստահի ինչ-որ մի «գազի մարդու», ընդամենը կզանգահարի վաճառող ֆիրմային, որն էլ կուղարկի համապատասխան մասնագետ` համապատասխան վճարով, իհարկե: Իսկ եթե որոշման տրամաբանության հիմքում ընկած է ոչ թե գազօգտագործող սարքավորումների անսարքությունները վերացնելը, այլ ընդամենը դրանց սնուցող խողովակների «վինտիլները տաութոտելը», ապա դրա համար բնավ էլ պարտադիր չէ «ՀայՌուսգազարդի» լիցենզավորված վարպետ լինել, «միջին» կարգի «տան տղամարդու» որակավորում ունեցող մեկն էլ կարող է դա անել, և, առավել ևս, այդ աշխատանքը չի կարող այդքան թանկ լինել: Բացի այդ: Ինչպես վերն ասացինք` մեկ սարքավորման սպասարկումն արժե 2400 դրամ. որոշել է հանձնաժողովը: Առնվազն տարօրինակ է երկու կետի արժեքը: Ենթադրվում է, որ այն պետք է լիներ (եթե իրոք, ինչ-որ մի մաթեմատիկական հիմնավորում կա հաշվարկի հիմքում ընկած) երկուսի մեխանիկական գումարը` 4800: Բայց... 5700: Ավելի անհեթեթ է երեք և ավելի քանակի համար սահմանված գումարը` 6900: Հանձնաժողովը գտել է, որ տվյալ ծառայությունը մատուցող կազմակերպությունը ընդամենը 1200 դրամի սահմաններում կարող է տեղավորվել երրորդ, չորրորդ, հինգերորդ և այլն կետերը սպասարկելի՞ս: Իսկ ինչպե՞ս է այս «սպասարկումն» իրականացվում մեր կենցաղում: Երբ մեր «գազի մարդուն» ասացի, որ այդ գումարը մուծելուց առաջ ես պետք է նման ծառայություն ստացած լինեի, նա պատասխանեց. - Չե՞ք հիշում, որ մեկ տարի առաջ մի քանի հոգով մտանք ձեր տուն ու հարցրինք` ի՞նչ բողոք ունեք: Եթե բողոք ունեիք, պետք է ասեիք: Մենք էլ ինչ որ պետքն է կանեինք: Մնացած հարցերով դիմեք վերադասին: Եթե հրաժարվեք այդ գումարը մուծելուց, ստիպված կլինենք ձեր գազն անջատել, իսկ ես չեմ ուզում: Այդ «սրտառուչ» հոգատարությունը 5700 դրամ արժեցավ: Հանրապետությունում կա մոտ 600.000 բաժանորդ: Հաշվենք, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բարի կամքով «ՀայՌուսգազարդը» ինչքան գումար է գրպանում մեր ժողովրդից, այսպես, միայն «հալուհարաքյաթ» հարցնելով: Լենինի, պրոլետարիատի, ինտերնացիոնալի` Իրաքի թոզ ու դումանի - Անցած տարիները չեն նպաստել արտաքին քաղաքական կուրսի հստակեցմանը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նորացված կոմկուսի ղեկավար Յուրի Մանուկյանը և շարունակել (մեջբերումը բառացի է): - Քաղաքական կուրսի հստակեցում ո՞րն է: Գիտեք: Կայունությունը, որը բնորոշ է քաղաքակիրթ ազգերին, նրանց ներկայացուցիչներին, հայ ժողովրդի, նրա ներկայացուցիչների մոտ ինչ-որ տեղ վարկաբեկիչ, չակերտների մեջ ֆակտոր է հանդես գալիս: Այսինքն, եթե դու համոզված մարքսլենինյան ես, սոցիալիզմի կողմնակից ես, դու էնքան էլ գնահատված չես լինի, եթե դու չունես ֆինանսական, տնտեսական, իրավական, իշխանական լծակներ: Այստեղ մենք հակադրվում ենք միջազգային հարաբերությունների բարդույթին, որը ծնում է կախյալ հոգեբանական վիճակ, որը որ ծնում է սեփական անձի կամ, որը որ նույնն է, սեփական ձայնի թերագնահատման խնդրին: Ասեմ ձեզ, եզրակացություն. անհամեմատ վտանգավոր է այն անձնավորությունը, որին թվում է, որ ինքն ամեն ինչ գիտի կամ ինքն այն անձնավորությունն է, որ ժողովրդին իր հետևից կտանի: Բայց հավատացնում եմ ձեզ` պակաս վտանգավոր կամ ավելի վարկաբեկիչ բան չի, երբ որ մարդը թերագնահատում է իր ուժերը, երբ որ ինքը կանխակալ արդեն մտածում է իր ընդունակությունների, թուլության կամ թերության մասին: Սա ավելի վատ բան է, որի երկու դրսևորումներն էլ մեր ժողովրդի, մեր ազգաբնակչության մեջ կա: Ծնվել են, այսպես ասած, լիդերներ, որոնք պետք է մարեին ծնվելուց անմիջապես հետո, գոյատևում են այսօր, բայց ժողովրդի մեջ թողել են այն հետքը, որ ես ոչ մեկին այլևս չեմ հավատում: Սա այսպես ասեց երե°կ, այսօ°ր այսպես ասեց, վա՞ղն ինչ է ասելու: Կայունությունը քաղաքական մտքի կամ գաղափարախոսության հավատարմությանը դավաճանվել է: Եկել հասել ենք այնտեղ, որ ժողովուրդը դա հասկացել է և ասում է. այսօր այստեղ ենք, վաղն` այնտեղ, վերջապես ո՞վ ենք մենք, ո՞ւմ հետևից գնանք: Չի կարևորվում անհատը իր ձայնի առումով, որ իր ձայնով ինքն արդեն լիդեր է, իր ձայնի տերն է, իր ձայնի նախագահն է, իր ձայնի նախարարն է: Սա վտանգավոր երևույթ է, որ ձեզ հետ միասին պետք է աշխատենք հաղթահարել: Լրագրողական առումով «անձեռակերտ» մտքերի այս շարադրանքը մի նպատակ ունի, ապագա ընտրողին քաղաքական դաշտն ու քաղաքական լիդերներին ներկայացնել որքան հնարավոր է անաղարտ` իրենց սեփական գույն ու երանգով:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ