Գաղափարական մարտիկներ` հանուն դրամանիշերի


Թեժ քաղաքական գարունների ու աշունների մասին այլեւս խոսողներ չկան: Հիմա բոլոր նրանք, ովքեր խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հորձանուտում են, սկսել են խոսել գաղափարական պայքարի մասին: Սակայն այս երեւույթը բավականին արտառոց դրսեւորումներ է ստանում արդեն այսօր, երբ դեռ չի եկել այդ պայքարը ծավալելու բուն ժամանակը, եւ նախապատրաստումներն ընթանում են դաշնակիցներ կամ գործընկերներ ընտրելու հարթությունում: Գաղափարական պայքարն, անշուշտ, քաղաքական դաշտի անբաժան ատրիբուտն է: Բայց այնքան ժամանակ, երբ դեռ քաղաքական դաշտում, գոնե տեսանելի ու կանխատեսելի ժամանակահատվածի համար, չեն առանձնացել լիդերներ: Սրանք այն կուսակցություններն ու ուժերն են, որոնք ռեալ հնարավորություն ունեն գալու իշխանության: Դժվար թե որեւէ մեկը պնդի, որ հստակ ու շատ այլ կուսակցություններից էապես տարբեր գաղափարաբանություն ունեցող կոմկուսները վաղը` առաջիկա ընտրությունների արդյունքում կարող են գերակա քվե ստանալ: Եվ բնավ էլ ո\'չ այն պատճառով, որ պառակտված ու ֆինանսապես սնանկ են: Այլ այն պարզ տրամաբանությամբ, որ ոչ ոք գլոբալացող աշխարհում ուղղակի թույլ չի տալու` Համաշխարհային բանկի ու միջազգային արժույթային հիմնադրամի մշակած տնտեսական քաղաքականությունն իրագործող, Եվրամիության «Նոր հարեւաններ», ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ», ՆԱՏՕ-ի ռազմական եւ հազար ու մի այլ ծրագրերում ընդգրկված երկրում կտրուկ քաղաքական ու մանավանդ տնտեսական շրջադարձեր կատարվեն: Եվ, որ ամենակարեւորն է, այս տրամաբանությունը հասկացել ու ընդունել է ո\'չ միայն քաղաքական դաշտն ամբողջությամբ, այլ նաեւ ժողովուրդը` վաղվա ընտրողը: Գլոբալ աշխարհի թելադրած խաղի կանոններով առաջնորդվելու պարտադրանքը գուցե ամբողջովին գիտակցված էլ չէ: Սակայն ժողովրդավարությունը, շուկայական տնտեսակարգը, անվերապահորեն ինչ-որ մեծ երկրի վասալը լինելու եւ այդ համընդհանուր կանոններով ապրող աշխարհից որեւէ կերպ չանջրպետվելու անթույլատրելիությունը, մասնավորապես Հայաստանում, կյանքի նորմ է դարձել բոլորի համար: Ամենայն հավանականությամբ, 2007 թվականի մայիսի 12-ից հետո խորհրդարանի կառուցվածքով պայմանավորվող կառավարության մեջ դարձյալ մեծամասնություն կունենան Հանրապետականն ու ՀՅԴ-ն: Սակայն ոչ մի դեպքում ապագա կառավարությունը չի կարող լինել միայն ազգային բուրժուազիայի պաշտպանն ու իրագործել միայն լիբերալ-պահպանողական ծրագրեր: Ո`չ էլ Դաշնակցությունը հնարավորություն կունենա իր սոցիալիստական գաղափարաբանությամբ ոլորտային քաղաքականությունը դարձնել կառավարական ու հայտնի չափով մարտական կեցվածքը դրսեւորել Արցախի հիմնախնդիրը լուծելու գործում: Եթե խորհրդարանում մեծամասնություն կազմի «Ազգային միաբանությունը», ՀԺԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» կամ «Օրինաց երկիրը», երկրի ո\'չ ներքաղաքական, ո\'չ էլ արտաքին ու տնտեսական դրսեւորումներում շրջադարձային փոփոխություններ չեն կարող լինել: Իհարկե, եթե իշխանության գա ՕԵԿ-ը կամ ՆԱՏՕ-ապաշտ դարձած Հովհաննես Հովհաննիսյանը, Վրաստանի նման մեր երկիրն էլ շատ արագ կդառնա գլոբալ աշխարհի աննշան կցորդ` բացարձակ կախվածությամբ: Սա ինքնիշխանության կորստից բացի կբերի նաեւ սոցիալական բեռի ավելացում, քանի որ Արեւմուտքն իր ամեն «բարեգործության» համար կպահանջի բազում «մանր» ծառայություններ: Եվ եթե սա է միջկուսակցական գաղափարական պայքարի արդյունքը, ու՞մ են պետք անձնական շահը ժողովրդի հաշվին ապահովելու այդ ուտիլիտար ________________________________________ գաղափարները: Շատ ավելի հասկանալի է ԲՀԿ-ի ընտրական մարտավարությունը, որ չի ընկնում գաղափարական տվայտանքների մեջ, այլ ուղղամտորեն կարտոֆիլ, տուկի թել բաժանելով ու այլ սոցիալական խնդիրների հետամուտ լինելով է գնում թշվառ ընտրողի քվեն: Հաշվարկը շատ նուրբ է արված: Այս խավն ապաքաղաքականացված է, պասիվ վիճակից դուրս է գալիս նյութական չնչին խթանի պարագայում, պահանջկոտ ու հիշաչար չէ, իսկ, որ ամենակարեւորն է, բնակչության կեսից ավելին է: Բարգավաճելու այս ընտրական տեխնոլոգիան զավեշտի է վերածում ՀՌԱԿ-ի, ԱԺԿ-ի, ԱԺԴ-ի, ՍԴՀԿ-ի, ԴԿ-ի ու մանր-մունր այլ կուսակցությունների ուտոպիստական պլանները: «Բարգավաճ Հայաստան» երեւույթը, սակայն, 95-ի «Շամիրամի» նման, թեեւ երրորդական հումքից է կառուցված, բայց անակնկալի արդյունքում չէ\', որ հայտնվելու է ԱԺ-ում: Քաղաքական բոլոր ուժերին նրա անժխտելի գոյությունը ստիպելու է ընտրական պլատֆորմներում սոցիալական խնդիրները դարձնել առաջնային: Քաղաքական իմաստով ԲՀԿ-ն հենց այն լակմուսի թուղթն է, որ ընդգծում է լիբերալ գաղափարաբանության անհեթեթությունը սոցիալական չլուծված հիմնահարցեր ունեցող երկրի ներքաղաքական դաշտում: Այս կերպ նաեւ ակնառու ապացուցվում է քաղաքագետ _ սոցիոլոգների` արդեն տասնամյա պնդումները, որ մոնոէթնիկ ու հայրենակցական կերտվածք ունեցող մեր հասարակությունը չի վստահում Արեւմուտքի պարտադրած ժողովրդավարական արժեքներին եւ պատրաստ է հետեւելու սոցիալ-ազգային նպատակներ հետապնդող քաղաքական ուժերին:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ