«Հայ ժողովրդի հետ մեր հարաբերությունները ամենալավագույնն են»


Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը կրկին մասնակցում էր նաև «Ավանգարդի» թղթակիցը: Եվ այս անգամ նույնպես, ինչպես և նախորդ երկու հանդիպումների ժամանակ, ՌԴ նախագահն իրեն հարց ուղղելու հնարավո րություն ընձեռեց Գոհար ԲՈՏՈՅԱՆԻՆ, ում հնչեցրած հարցերը և դրանց պատասխանները, կարծում ենք` կհետաքրքրեն մեր ընթերցողներին: Ի դեպ, Բաքվի «Տրենդ» լրատվական գործակալության ներկայացուցչի հարցերից հետո մեր լրագրողուհին տեղից կիսաձայն «առաջարկել» է չանտեսել հայ լրագրողներին նույնպես: Տեխնիկայի ժամանակակից միջոցների շնորհիվ նրա ձայնը լսելի է դարձել: Եվ` - Ո՞ւր են հայ լրագրողները,- հարցրել է Վլ. Պուտինը` հայացքով դիմելով Գ. Բոտոյանին:- Համեցեք: Քանի որ ադրբեջանցիները հարց տվել են, հայերին շրջանցելը քաղաքականապես ճիշտ չի լինի: - Շնորհակալություն: Արդեն երրորդ անգամ Դուք ինձ հարց տալու հնարավորություն եք ընձեռում: Ձեր գնահատականը` հայ-ռուսական հարաբերություններին. նկատի ունեմ քաղաքական և տնտեսական: Բացի այդ, ի՞նչ խոշոր ներդրումներ եք նախատեսում Հայաստանում և ինչպե՞ս եք վերաբերվում հայ ժողովրդին: Շնորհակալություն: - Հայ ժողովրդի հետ մեր հարաբերությունները ամենալավագույնն են: Այդ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. և° քաղաքական, և° տնտեսական, և° անվտանգության բնագավառներում, որովհետև Հայաստանը Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ է: Ինչ վերաբերում է խոշոր ներդրումներին` դա արվում է էներգետիկայի ոլորտում: Ինչպես հայտնի է` մենք Հայաստանի հետ անցել ենք շուկայական գնագոյացման գործելակերպին: Սակայն գների մի մասը, մինչ շուկայական գնանշումը, հաշվարկվում է իրացվելի սեփականությամբ, և մենք մասնակցում ենք Իրանից գազամուղի շինարարությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքում էներգետիկ ցանցերի շահագործմանն ու հիդրոէներգետիկայի զարգացմանը: Իհարկե, այս ամենը դեռ բավարար չէ: Աշխատանքային այցով Սոչիում գտնվելիս Հայաստանի նախագահը մի քանի հարցեր առաջ քաշեց, որոնք վերաբերում էին և° ադամանդագործության ճյուղին, և° երկրորդային ապրանքների վերամշակմանը... Մենք ծրագիր ենք իրականացնում իրացվելի եկամուտների հաշվանցմամբ պարտքը մարելու ուղղությամբ և մտադիր ենք վերակենդանացնել այն ձեռնարկությունները, որոնք ձեռք են բերվել ռուսաստանյան համապատասխան ընկերությունների կողմից: Մի խոսքով, դուք գիտեք, որ մեզանում գործնականում բոլոր ուղղություններով ամենաակտիվ կերպով զարգանում են հարաբերությունները: Ինձ համար նույնիսկ դժվար է հիշել որևէ բնագավառ, որտեղ մեզ համար կարող էին լինել անլուծելի հիմնախնդիրներ: Չնայած` երբ մենք երկխոսություն էինք վարում էներգետիկայի ուղղությամբ, դա նույնպես հեշտորեն չստացվեց: Բայց, այնուամենայնիվ, գտանք երկու կողմերիս համար էլ ընդունելի որոշում: *** Դատելով խմբագրություն զանգահարած մեր մի քանի հայրենակիցների «ոգևորվածությունից»` ազերի լրագրողի «հարձակողական» հարցի առնչությամբ, նպատակահարմար ենք դիտում թարգմանաբար ներկայացնել նաև Ռ. Աղաև-Վլ. Պուտին համառոտ այդ երկխոսությունը: Բայց մինչ այդ ուզում ենք հիշեցնել (թերևս` մի ավելորդ անգամ), որ, Արցախյան սխրամարտում հաղթող կողմ լինելով, հայ լրագրողը անհրաժեշտություն չուներ ճամարտակել` կեղծ հայրենասիրա կան «հրովարտակներով»: Ավելին, բնավ կարիքը չկա` սեփական հարցերի լուծման բանալին թեկուզ բարեկամ, բայց օտար երկրի «գրպանում» որոնել: Ռ. ԱՂԱԵՎ- Վլադիմիր Վլադիմիրովիչ, Մոսկվան մտադի՞ր է արդյոք ավելի գործնական քայլեր ձեռնարկել` Ադրբեջանի դեմ Հայաստանի նվաճողական գործողությունների վերջնական վերացման ուղղությամբ և իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանին օգնել` լուծելու գլխավոր խնդիրը` կապված մարդասիրական աղետի հետ: Դա շուրջ 1 միլիոն փախստականների և բռնագաղթածների վերադարձն է իրենց հարազատ վայրեր, որոնք հիմա զավթված են Հայաստանի կողմից: Եվ, երկրորդ հարցը. ո՞րն է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաները պահելու քաղաքական և տնտեսական հիմնավորումը: Շնորհակալություն: ՎԼ. ՊՈՒՏԻՆ- Դուք գիտեք, որ ռուսաստանյան ռազմաբազաները մնացել են Խորհրդային Միության ժամանակներից: Դրանք դեռևս խորհմիության համապատասխան ռազմական ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրեր են: Եվ նախկին Խորհրդային Միության այդ հանրապետություններում, որոնց ղեկավարությունը հնարավոր է համարել տեղում թողնել մեր ռազմական ստորաբաժանումները, մենք այդպես էլ վարվել ենք: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին: Դա վերաբերում է, օրինակ, նաև Տաջիկստանին. այնտեղ 201-րդ դիվիզիան է մնացել, բայց մենք ուղղակի համապատասխանեցրել ենք իրավական բազայի ժամանակակից պահանջների հետ և այնտեղ ստեղծել ենք ռազմական հենակետ: Դա վերաբերում է նաև, թերևս, նորից ստեղծված թվացող, բայց, այդուհանդերձ, ավելի վաղուց Կիրգիզիայում ունեցած ռազմական ավիացիայի ստորաբաժանմանը` ահաբեկչության դեմ համատեղ պայքարի շրջանակներում: Այս առնչությամբ ուզում եմ ընդգծել և հատուկ նշել. Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան ուղղված չի տարածաշրջանում որևէ երկրի, այդ թվում և Ադրբեջանի հետաքրքրությունների դեմ: Ես հիշում եմ Միխայիլ Նիկոլաևիչ Սահակաշվիլու հետ մեր բանավեճը` Աջարիայում իրադարձությունների սրման ընթացքում, երբ նա ինձ ասաց. «Մենք վախենում ենք, որ ձեր զինվորականներն այնտեղ կարող են ետնաբեմային ինչ-որ գործողություններ կատարել: Դա մեզ կխանգարի` անհրաժեշտ հարաբերություններ հաստատել, Աջարիայում քաղաքականություն իրականացնել»: Ես նրան ասացի. «Դուք կտեսնեք, որ դա չի լինի»: Եվ հետո նա հաստատեց իմ խոսքը` ասելով. «Այո, շնորհակալություն, մենք տեսանք, որ զինվորականներն ամենևին չմիջամտեցին տեղի ունեցող իրադարձություններին»: Նույնը վերաբերում է և Հայաստանում մեր հենակետերին: Իսկ ինչ վերաբերում է ամբողջական կարգավորմանը` բարդ հարց է: Մենք նույնպես ջանում ենք օգնել ադրբեջանական և հայկական կողմերին` գտնելու ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի համար ընդունելի որոշում ներ: Սակայն այդ որոշումները պետք է ձերը լինեն: Մենք չենք կարող որևէ մեկին պարտադրել ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ մի եղանակ (միջոց): Որովհետև եթե մենք միայն փորձենք դա անել` եթե որևէ որոշում պարտադրենք, ապա գուցեև առհավետ կփչացնենք (կվատացնենք) հարաբերությունները կամ հայ, կամ ադրբեջանցի ժողովրդի հետ: Պետք չէ մեզ վրա բարդել այդ հիմնախնդիրը: Դուք ինքներդ պետք է գտնեք այդ իրավիճակից դուրս գալու ընդունելի տարբերակը: Իսկ եթե արդեն վերացարկվենք շատ լուրջ հարցերից, ապա` ինչ խոսք, մեզ դառնացնում է այն, ինչ մենք տեսնում ենք Աղդամի շրջանում: Որովհետև մենք քննարկել ենք ալկոհոլային ոչ լավորակ արտադրանքի հարցը, և, ինչպես հայտնի է, Աղդամի պորտվեյնը միշտ եղել է էժանագին և խիստ տարածված ալկոհոլային թեթև խմիչքներից մեկը` Խորհրդային Միության տարածքում: Թող որևէ մեկը` հայերը կամ ադրբեջանցիները, վերականգնեն: Թող միասին անեն, և դա թող ընդհանուր ծրագիր դառնա: Իսկ մեզ հարկավոր է ավարտել (զրույցը-խմբ.): Խնդրեմ` ավելի իրական բաժին (թեմա-խմբ.). դա կարևոր հարց է: