Քաոսային իրավիճակը` փոխադարձ անվստահության հետևանք


Հայաստանի քաղաքական դաշտում խառնաշփոթն է գերիշխում: Արդեն բազում անգամներ այս նույն գնահատականն է տրվում առկա իրավիճակին, բայց, ինչ արած... իրադրությունը չի փոխվում, հստակություն ու պարզություն չի մտնում: Քաղաքական գործընթացներն էլ կարծես թե միտված են ոչ թե անորոշության նվազեցմանը, այլ խճճվածության «մակարդակի» մեծացմանը: Եվ այս պայմաններում ո՞վ կարող է մեղադրել ԶԼՄ-ների վերլուծաբաններին, ովքեր, մեղմ ասած, «թարս ու շիտակ» կանխատեսումներով են «զբաղված»: Երբ շատ բան թաղված է թանձր մշուշի մեջ, քաղաքական զարգացումների ինչպիսի արտառոց վարկածներ էլ առաջ քաշվեն, գոնե զրոյից բարձր հավանականություն հաստատ կունենան: Սա հենց այն դեպքն է, երբ ոչինչ չի կարելի բացառել: Թիվ 1 հարցը, բնականաբար, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու հավանականությանն ու հնարավորությանն է վերաբերում: Ոչ ոք չի կարող ստույգ կանխատեսել, թե ինչպես կընթանան ընտրությունները իրականում: «Իրականում» ասելով նկատի ունենք ընտրությունների ընթացքի օբյեկտիվ պատկերը` անկախ ընդդիմադիրների գնահատականներից, որոնք բոլոր դեպքերում լինելու են սուբյեկտիվ: Այս հարցում անորոշության չափաբաժինը մեծանում է հետևյալ պատճառներով. 1) Ինչքան էլ իշխանությունները անկեղծ լինեն, թե իրենք շահագրգիռ են ազատ ու արդար ընտրություններով, արդյո՞ք չեն գտնվի վերջիններիս վերահսկողությունից դուրս ուժեր, որոնք կրկին կփորձեն դիմել կեղծարարությունների: Խոսքը միայն «արջի ծառայություն» մատուցողներին չի վերաբերում, այլ նաև իշխանամետության դիրքերից հանդես եկող այն կուսակցություններին, որոնք հնարավոր է` չդիմանան գայթակղությանը և ընթանան ընտրությունների արդյունքը աղավաղելու ճանապարհով: 2) Ընդդիմությունը, որ ներկայումս հստակ գիտակցում է սեփական պարտության հավանականությունը, արդյոք չի՞ դիմի նախօրոք ծրագրված սադրանքների, «խայտառակ» ընտրությունների իմիտացիա ստեղծելու նպատակով: Չէ՞ որ բոլորի համար էլ պարզ է` ընդդիմության միակ հույսը ոչ թե ընտրություններում հաղթելն է, այլ դրան հաջորդող օրերին, հեղափոխական ալիք բարձրացնելով, հեղաշրջման իրագործումը: Այնպես, ինչպես կատարվեց հարևան Վրաստանում: 3) Անչափ կարևոր է նաև արտերկրից ժամանած քաղաքական դիտորդների անաչառությունը: Անցած ընտրություններում մենք ականատես ենք եղել, թե ինչպես դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ և երկրներ ներկայացնող խմբեր, տրամագծորեն հակառակ, իրար հակասող գնահատականներ են տվել հայաստանյան համապետական ընտրություններին: Եթե նկատի ունենանք, որ ներկայումս ավելի շատ, քան անցյալում հակադրվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի շահերը մեր տարածաշրջանում, ապա հավանական է թվում սուբյեկտիվության գերիշխումը և նույնիսկ իրականության ու ճշմարտության հետ ոչ մի աղերս չունեցող գնահատականների «շռայլումը»: Իսկ դա կարող է ոչ միայն հարված հասցնել Հայաստանի միջազգային վարկանիշին, այլև բորբոքել ներքաղաքական կրքերը, լրացուցիչ «յուղ» ավելացնելով համաժողովրդական ընդվզման ալիք բարձրացնելու ընդդիմության ցանկությանն ու նպատակներին: 4) ՀՀ խորհրդարանական ընտրություններին ճշմարիտ գնահատական տալը դժվարանալու է նաև այն պատճառով, որ, ամենայն հավանականությամբ, կեղծարարության նախկին` բռի, լկտի, բացահայտ միջոցներն այլևս չեն «գործելու»: Այսինքն` բացառվելու են լցոնումները, հայտնի ու փորձված «կարուսելները», քվեատուփերի գողանալը և այլն: Տրամաբանական դիտարկումներով` ընտրությունների արդարության կամ անարդարության գլխավոր բնութագրիչը լինելու է ընտրակաշառքի գործոնը, որի բացահայտումը, Սահմանադրությանն ու օրենքներին անհամապատասխանության աստիճանը որոշելը գրեթե անհնար է, քանզի չկան բարեգործությունն ու ընտրակաշառքը իրարից սահմանազատող հստակ չափորոշիչներ: Ինչևէ: Հայաստանի քաղաքական կյանքի «թափթփվածության» մասին խոսելիս, նկատի չունենք միայն ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխա նելու անկանխատեսելիության ցածր աստիճանը: Տարակուսանքի, զարմանքի, աբսուրդի հասնող զգացումների ու դատողությունների տեղիք է տալիս քաղաքական ուժերի, հատկապես ընդդիմության կողմնորոշման ունակության, թվում է, անվերադարձ կորուստը: Դժվար է վերհիշել, թե մեկ էլ երբ են կուսակցությունները այսչափ ծայրահեղ տատանվողականություն, եթե չասենք փոփոխամտություն` միմյանց հանդեպ փոխըմբռնման, ընդհանուր հայտարարի գալու, համատեղվելու ախտանիշային դեֆիցիտով համեմված վարք ցուցաբերել: Գրեթե բոլոր կուսակցությունները հրապարակավ հայտարարում են, թե պատրաստ են համագործակցել առողջ ուժերի հետ, սակայն առ այսօր որևէ դաշինք չի ուրվագծվում: Իսկ այն, ինչը ոչ վաղ անցյալում ինչ- որ չափով նշմարվում էր, ներկայումս աղոտանում է, շփման եզրերը «թուլանում» են, դաշինքի հավանականությունը` նվազում: Խոշոր հաշվով` ստացվում է, որ ոչ մի քաղաքական ուժ մեկ այլ կուսակցության հարյուր տոկոսով «առողջ» չի համարում. այսինքն, լիակատար չի վստահում: Մի խոսքով, ընդդիմության ճամբարում ստեղծված քաոսային իրավիճակը պայմանավորված է կասկածի և թերահավատության մթնոլորտի առկայությամբ: Իսկ այն, ինչ կատարվում է ՍԻՄ կուսակցության հետ, յուրօրինակ լակմուս է, որն ապացուցում է ոչ թե միավորման, այլ տրոհման միտումները ինչպես միջկուսակցական, այնպես էլ ներկուսակցական հարաբերություններում: Այս պարագայում արժե՞ արդյոք հազարմեկերորդ անգամ արձանագրել, թե միավորման, համախմբման տենդենցը բացակայում է, տեղապտույտը շարունակվում ու ձգձգվում միայն ու միայն այն պատճառով, որ ընդդիմադիրները առաջնորդվում են նեղ ամբիցիաներով, «պրագմատիկ» հաշվարկներով, կուսակցական, խմբակային, անձնական շահերով: Խանդն ու նախանձը միմյանց նկատմամբ, որքան էլ լավագույնս քողարկվի, միևնույն է, «խորքում» գլուխ է բարձրացնում: Արդյունքում ստացվում է այն խառնիճաղանջ պատկերը, շիլաշփոթ իրավիճակը` ինչն ունենք այսօր: Իրար հասկանալու, վստահելու, փոխըմբռնման, հանդուրժողականության բացակայությունը, թերևս, այդքան տխուր զգացումներ չառաջացնեին, եթե ի վերուստ մեր` հայերիս մեջ արմատավորված չլիներ միաբանվելու անկարողության բարդույթը: Ի վերջո քաղաքական դաշտը նաև հասարակության իրավիճակը արտացոլող հայելի է:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ