ՄԵ´ՆՔ ԵՆՔ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ

ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ


 

Երևի բնավ էլ պատահական չէր, որ սկսված տարվա առաջին ասուլիսներից մեկը հենց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրավիրեց: Ոչ պատահական, որովհետև 2012 թվականին Հայաստանը վերածվելու է համաշխարհային մշակութային կենտրոնի, որտեղ նշվելու է հայ գրատպության 500-ամյակը և միջոցառումներ են նվիրվելու Երևանը` գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու իրադարձությանը:

Բոլոր գործող գրավոր ժառանգության հիմքերը օգտագործելու ենք ժամանակակից ապրելակերպը ձևավորելու ուղղությամբ, որպեսզի մեր հասարակության մեջ մասսայական տարածում ստանա ընթերցանությունը, բարձրանա տեղեկատվության մակարդակը, ինչպես նաև ընդհանուր գրագիտությունը,- իր ասուլիսում ասաց նախարարը:

Հասմիկ Պողոսյանի այս հայտարարությունը կարելի է և´ առաջիկա միջոցառումների ինքնահատուկ կարգախոսը հռչակել, և´ Մշակույթի նախարարության առաջին հայեցակար գային դրույթը, որին տևական ժամանակ սպասում էինք:

Պետական ծրագրերն անպայմանորեն դրվատելի են, ողջունելի: Սակայն առաջին անգամ ուզում ենք խոսել մշակութային գերակայությունների և հասարակության մասին, դրանց միջև ձևավորված, կամ, ավելի ճիշտ, բացակայող կապի մասին: Ընթերցանությունը, իհարկե, այնքան էլ ողբալի վիճակում չէ մեզ մոտ, ինչպես ենթադրում ենք և կամ ինչպես հայտարարում ենք: Համացանցը մխրճվել է մեր կյանքի մեջ` որոշակիորեն հեռացնելով տպագիր գրքից: Բացի համացանցից, որը հատկապես երիտասարդությանը ժամեր շարունակ իրենից կառչած է պահում, այսօր նաև էլեկտրոնային գրքերն են դարձել մեր կենցաղի բաղկացուցիչներից` ձևավորելով որոշակի անջրպետ տպագիր գրքի և հասարակության միջև: Իհարկե, համացանցը ողջ աշխարհն է տիրել, սակայն թերզարգացած երկրներում է, որ ամեն ինչ կենտրոնացել է նրա շուրջ, մինչդեռ աշխարհի զարգացած շատ երկրներում հերթեր են գոյանում տարբեր գրքերի համար, լույս են տեսնում միլիոնավոր տպաքանակով գրքեր: Մասնագետները հաշվարկել են, որ հիմա Հայաստանում տարեկան շատ ավելի գիրք է լույս տեսնում, քան խորհրդային տարիներին: Մինչդեռ գրքի սպառումը հույսեր չի ներշնչում, այլևս չենք խոսում նաև տպաքանակների մասին: Տպագիր գիրքը բարձր մշակույթի արտահայտություն է և առավել գործնական է, քան ցանկացած համացանցային կամ էլեկտրոնային հրատարակություն: Հասարակություն-գիրք կապի միջև ձևավորված անջրպետը հաղթահարելու ուղղությամբ ինչ-որ բան մեզ մոտ արվում է, սակայն տակավին քիչ են նախաձեռնություններն ու միջոցառումները, տակավին չի գործում գրքի համակողմանի քարոզչությունը: Մեր գրախանութները ճռնչում են գրքերի առատության տակ, մինչդեռ անգամ հատուկենտ դարձած գրքի վաճառքի սրահները շատ քիչ են հետաքրքրում մարդկանց: Այստեղ, իհարկե խնդիր է դառնում գրքի ապրանքային գինը, որը ոչ միշտ է հասանելի և ոչ միշտ է ողջախոհ: Օրերս գրախանութներից մեկում կամեցա գնել մի գիրք, որը տպագրվել է պետական պատվերով: Ես այդ գրքի ներքին գրախոսության հեղինակն եմ եղել, ուստի հետաքրքրեց գիրքն ինձ: Մեծ եղավ զարմանքս, երբ ընդամենը 120 էջանոց, առանց ձևավորման գրքի արժեք էր սահմանվել 2500 դրամը: Առավել անհանդուրժելի է վիճակը մանուկների համար տպագրված գրքերի գների հարցում: Այստեղ արդեն տիրում է անկառավարելի վիճակ, ամեն հրատարակիչ փորձում է իր գինը թելադրել` հաշվի չառնելով գնագոյացման առանձնահատկությունները: Փաստորեն անընդունելի մրցակցություն է ծավալվում ոչ թե գնողունակություն ձևավորելու, այլ գնային թռիչքներ ստեղծելու ասպարեզում: Հենց այս հանգամանքն էլ շատերին հեռու է պահում գրքից: Եթե ընդունված է, որ ընթերցանության հանդեպ սերը պետք է դաստիարակվի մանկության տարիներից, ապա այսօր հենց մանուկ ընթերցողն է հեռու մնում գրքից, որովհետև այն դառնում է անհասանելի...

Ցանկացած մշակութային գերակայություն կմնա կարգախոսի կարգավիճակում, կկորցնի իր նշանակությունը, եթե չլինի հասարակական շահագրգռվածություն, եթե կայացած չլինի հասարակությունը: Բայց արդյո՞ք մեզ մոտ կայացել է հասարակությունը, արդյո՞ք այն ապրում է մշակութային արժեքներով: Խոստովանենք. գործ ունենք չկայացած հասարակության հետ, որը, բնականաբար, չի կարող այսօր ընկալել մշակութային գերակայությունները և դրանք տեղափոխել անձնային-հանրային ընկալումների շրջագիծ: Սա նշանակում է, որ այս ասպարեզում մեծ, շատ մեծ անելիքներ ունենք: Ուրեմն, պետք չէ հապաղել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ