ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱ, ՄԵԹՈԴՆԵՐ ԿԳՏՆՎԵ՞Ն


 

Օրերս գործադիրում տեղի ունեցած մի քննարկում պարզ դարձրեց, որ այս տարի նույնպես փորձ է արվելու հնարավորն անել` գյուղատնտեսության զարգացման ու հողատերերի համար այն շահութաբեր ոլորտ դարձնելու ուղղությամբ: Խորը ձմեռը, առատ տեղումներն ու դրանց հետևանքները մեր իշխանություններին չեն խանգարում` դեռևս ոչ այնքան մոտ թվացող գյուղատնտեսական տարվա հաջող մեկնարկի մասին մտածել: Եվ հետաքրքիր է, որ հիշյալ քննարկման ժամանակ Տիգրան Սարգսյանը խոսեց ոչ թե անելիքների ու դրանց կարևորության, այլ հողագործությունը եկամտաբեր դարձնելուն ուղղված պայմանավորվածության մասին:

Այսպես, արդեն հայտնի է, որ գյուղացիական տնտեսություններին ուղիղ 100 դրամ զեղչված գնով է դիզվառելիք տրվելու: Եթե հաշվի առնենք, որ որակյալ, բայց թանկ տեղական գյուղմթերքների բարձր գինը ձևավորող գործոնների շարքում կարևոր դեր ունի նաև վառելիքի թանկությունը, ապա ամեն ինչ ավելի պարզ կդառնա: 10 % զեղչը, իհարկե, չնչին է: Միգուցե ավելի մեծ զեղչի հնարավոր լիներ հասնել, եթե մատակարար-գործընկեր ընտրելիս հաշվի առնվեր ոչ թե համագործակցության ծավալը, այլ պարզապես օրինական մրցույթ հայտարարվեր: Չպետք է բացառել, որ վառելիքի շուկայի մյուս տնտեսվարողներն ավելի նախընտրելի գնային առաջարկներ կարող էին ներկայացնել: Մեր օլիգարխներն, իհարկե, սեփական գրպանի հաշվին գյուղոլորտի մասին չեն մտածի: Բայց միգուցե հայրենասիրական ու մարդասիրական բռնկումներ լինեին... Ամեն դեպքում` մրցութային տարբերակը հնարավորություն կտար գոնե խուսափել խոսակցություններից, թե ինչու է գործարքը հատկապես «Ֆլեշ» ընկերության հետ կնքվել:

Պակաս ուշագրավ չէ, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամբողջ գյուղատնտեսական տարվա համար, ինչը նշանակում է, որ ներկրող ընկերությունն ի սկզբանե բացառում է, թե այսպես կոչված միջազգային շուկաներում հնարավոր է` թանկացումներ արձանագրվեն: Այսինքն, եթե ներկայումս 450 դրամ արժեցող դիզվառելիքի շուկայական գինը վաղը 500 կամ 550 դրամ դառնա, ապա բացարձակապես անհայտ է մնում, թե ինչպես է հողագործներին այն 350 դրամով մատակարարվելու: Մի՞թե հանրահայտ ներկրող-օլիգարխի հայրենասիրության չափաբաժինը զեղչի չափին համընթաց բազմապատկվելու է, ու հիմա էլ Բ. Բեգլարյանն ինքն է սուբսիդավորելու գումարային տարբերությունը: Առայժմ ոչինչ չի ասվում ոչ այնքան հնարավոր, որքան անխուսափելի թվացող չարաշահումների մասին: Մինչդեռ էժան գյուղվարկերի դառը փորձը սույն նախաձեռնության հեղինակներին պետք է հուշեր, որ հատկապես տեղերում բացի հողագործներից էլի մարդիկ են հայտնվելու, ովքեր ձգտելու են էժան դիզվառելիքից «համտեսել»... Ամեն դեպքում և առայժմ օդում կախված հարցականների առատությունից անկախ` նախաձեռնությունը հետաքրքիր ու չափազանց կարևոր է: Ու եթե գյուղոլորտին նաև այսկերպ աջակցելու խոստումը հնչել է, մնում է ենթադրել, որ այն իրականացնելու արդյունավետ մեթոդներ էլ կգտնվեն:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ