Էն էլ` Թուրքիա˜ն


 

Ապշել կարելի է, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի լեզուն պտտվում խոսել ժողովրդավարությունից: Չէ՞ որ հենց Թուրքիայի բանտերում են փտում բազում քաղբանտարկյալներ և ընդդիմադիր լրագրողներ: Բայց արի ու տես` Թուրքիայի արտգործնախարարը երկու օր առաջ իր ելույթում ողջունում էր «արաբական գարուն» իրականացրած երկրներին և կանխատեսում նրանց համար պայծառ ապագա: Միաժամանակ, ձեռքի հետ, նա իրեն իրավունք է վերապահում բացահայտ կամ ենթատեքստերով մեղադրել Ռուսաստանին և Չինաստանին, թե իբր նրանք արգելակում են Սիրիայի բռնապետական ռեժիմի տապալմանը: Սակայն առավել զավեշտականն այն է, որ Դավութօղլուն մտահոգություն է հայտնում, թե աշխարհը գուցե կրկին վերադառնա «սառը պատերազմի» իրավիճակին, ինչն անթույլատրելի է համարում: Սա պարզապես ուղեղի մորմոք է: Չէ՞ որ Թուրքիան վաղուց սառը պատերազմի մեջ է իր հարևան Հայաստանի հետ, իսկ այսօրվա դրությամբ նաև մյուս հարևանների` Իսրայելի, Սիրիայի, և ինչու չէ, փոքր-ինչ քողարկված` նաև Իրանի հետ: Այստեղ են ասում, սեփական աչքի գերանը թողած` գերտերություններին խելք է սովորեցնում: