Ինքնամաքրում և հարգանք` ուսադիրի հանդեպ


Կաթվածից ապաքինվող օրգանիզմն առավել լավ է զգում յուրաքանչյուր մարմնամասի կարևորությունը: Ու որպես առողջացող կառույց` ՀՀ ոստիկանությունում կարևորվում է յուրաքանչյուր օղակի կենսագործունեությունը: Իսկ այստեղ «համեստ ընդհատակում անտես ապրելն» արդեն մերժված պրակտիկա է: 2011-ի նոյեմբերն, իսկապես բեկումնային եղավ` մինչ այդ ժողովրդի անվստահության «դափնիներին» նիրհող Ոստիկանության համար: Կառուցվածքային ու կադրային հիմնարար փոփոխությունների արդարացիությունը մեկեն նկատելի դարձավ: Եվ իրենց կարևորությունն արդեն զգացնել են տալիս այնպիսի օղակներ, որոնց անունն իսկ մինչ այս անհայտ է եղել շատերին:

Երբ որոնում էինք Պետական պահպանության գլխավոր վարչության գտնվելու վայրը, դրա հարևանությամբ ապրողներից մեկն ասաց.

- Էստեղ առաջ պահակային ծառայությունն էր, հիմա ոնց որ` փոխվել է:

Շատ բան է փոխվել, իհարկե: Բայց չեն փոխվել վարչության անվանումը կամ հասցեն: Պարզապես վարչությունը լիարժեք աշխատանքային գործունեություն է ծավալում, ինչն աննկատ չի մնում նույնիսկ «կողքի» հայացքից: Իսկ գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռոմա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ներկայացրած փաստերը` կատարված աշխատանքը և առաջիկա ծրագրերը նույնիսկ ոմանց զարմանքը կարող են հարուցել:

- Մինչ օրս ոստիկան և ոստիկանություն ասելով` մարդիկ նախ թերահավատությամբ էին համակվում: Այսօր արմատապես փոխվել է այդ վերաբերմունքը: Այդուհանդերձ` իր կարևորությամբ, պարտականությունների ծավալով և արդեն իսկ կատարած աշխատանքով համակարգի առաջատարներից մեկը համարվող ՊՊԳ վարչությունը կարծես չունի անհրաժեշտ ճանաչում:

- Երկու ամիս առաջ եմ ստանձնել վարչության պետի պաշտոնը, որն ավելի շուտ մեծագույն պատասխանատվություն է: Այսօր Հանրապետության ոստիկանապետի կողմից հստակ պահանջ է դրված` ծառայել կոչմանը, արձանագրել առաջընթաց, որը պետք է նկատելի լինի ամենքին ու յուրաքանչյուրին:

Այո, մենք պետք է պահպանենք մեր պետությունը` քաղաքացիների և պետական ունեցվածքը: Թե ինչ ու ինչպես է եղել մեզանից առաջ` ինձ չի հետաքրքրում, և այդ մասին նախընտրում եմ լռել: Բայց որ վճռական ենք տրամադրված և մեր առաջնահերթություններից ենք համարում նաև ինքնամաքրումը` համոզվեցին բոլորը: Շատերին երևի զարմացրեց, բայց հանցագործներ նաև մեր շարքերում հայտնաբերեցինք և չհապաղեցինք բարձրաձայնել: Աղբը թաքցնելով` միայն գարշահոտություն կտարածվի: Դա ևս Ոստիկանապետի հրահանգով էր. նա լավագույնս տիրապետում է հանցածին իրավիճակին, լավագույնս տեղեկացված է և նույնը պահանջում է համակարգի բոլոր աշխատողներից: Վերը նշածս` գողություն կատարած ոստիկաններին բացահայտելու համար ընդամենը մեկ օր պահանջվեց…

Կամ, դեկտեմբերի 31-ին այցելել եմ բոլոր բաժիններ, շնորհավորել բոլորի Ամանորը: Հանձնարարել էի, որ նախապես վճարվեին բոլորի աշխատավարձերն ու խրախուսական հավելավճարները: Բայց պարզվեց, որ որոշ բաժնի պետ կոչեցյալներ ոմանց չէին վճարել: Ինքս ներողություն խնդրեցի: Հաջորդ օրն իսկ Ոստիկանապետի հրամանով փոխանցեցինք նրանց գումարները: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այսպիսի անտարբերությունը: Ինչպե՞ս կարող են այդպիսիներն աշխատել համակարգում:

- Այսինքն` կա ցանկություն և չթերանալու պահանջ:

- Դա սոսկ ցանկություն չէ, այլ արժանապատվության խնդիր: Ինչպե՞ս կարող ենք այլոց կարգի հրավիրել, դրսի հանցագործներին պատժել, եթե մեր շարքերում էլ այդպիսիք կան: Ինձ ուրախացրեց այն փաստը, որ համակարգի աշխատակիցները ողջունեցին մեր այդ քայլը: Դա հուշում է, որ մեր գործընկերները` շարքայինից մինչև բարձրաստիճան սպաներ, կողմ են ինքնամաքրմանը: Սա մեր տունն է, մի մեծ ընտանիք, որի յուրաքանչյուր անդամ պատասխանատու է դրա հեղինակության համար: Համատեղ ջանքերով միայն կարող ենք իրագործել մեր ծրագրերը: Այսօր ինձ ցավ է պատճառում, որ ոստիկանը պատշաճ հարգանք չի վայելում: Պետք է հասնենք նրան, որ ծնվի այդ հարգանքը, և փոխադարձ լինի ոստիկան-քաղաքացի վստահությունը: Ժողովուրդը պետք է համոզվի, հավատա, որ մենք պահպանում ենք իրեն` իր անձն ու ունեցվածքը: Երևի կդժվարանաք պատկերացնել, թե այս ընթացքում որքան պայմանագրեր եմ չեղյալ համարել. ձևական, կեղծ թղթեր, որոնք իբր վավերացվել են` չկատարված աշխատանքներ արձանագրելով: Կեղծ պայմանագրերն ի չիք անելով հանդերձ, իմ պաշտոնավարման կարճ ընթացքում մեր ծառայությունների դիմաց վճարվող գումարների կտրուկ աճ է ապահովվել: Վերջին հաշվով` ՊՊԳՎ-ն ոչ միայն ինքնաֆինանսավորվող կառույց է, այլև արտաբյուջետային մուտքեր է ապահովում:

- Արդյո՞ք միայն պետական հաստատությունների պահպանությունն է իրականացնում վարչությունը:

- Ինչո՞ւ միայն պետական. մասնավոր հիմնարկների, անհատ քաղաքացիների հետ նույնպես պայմանագրեր ունենք և հսկողություն ենք իրականացնում: Երեկոյան ժամը 18-ից մինչև առավոտ մեր ոստիկանները շրջում են: Նրանք պետք է տիրապետեն իրավիճակին և ծառայության դուրս գան կոկիկ, ինքնավստահ. պետք է ծայրագույնս զգոն լինեն և անաչառ: Սա է մեր պահանջը:

- Պիտի ուրախացնեմ Ձեզ. այդ պահանջը կատարվում է. ակնհայտորեն բարեփոխվել է հայ ոստիկանի կեցվածքը: Երբեմնի ամբարտավան համազգեստա վորներ այլևս չենք տեսնում:

- Անձամբ շրջում եմ բոլոր բաժիններով, զրուցում անձնակազմի բոլոր անդամների հետ: Ամեն ուրբաթ նրանցից յուրաքանչյուրն իրեն հուզող ցանկացած խնդրով կարող է դիմել անձամբ ինձ:

- Համակարգում բոլո՞րն ունեն մասնագիտական հմտություն և գիտելիքներ: Մանավանդ, որքան նկատեցի` մեծացել է համակարգ ընդունվել ցանկացողների թիվը:

- Իսկապես` հոսքը մեծացել է: Ոչ միայն նորերն են դիմում. 200-250 նախկին ոստիկաններ, ովքեր իրենց կամքով հեռացել էին, վերադարձել են: Փորձ ունեցող, չարատավորված կադրերի վերադարձը միայն ողջունել կարելի է: Ինչ վերաբերում է նորերին, ասեմ, որ 150 ոստիկանի ուղարկել ենք սովորելու: Դա` առաջին փուլում: Հիմա ևս 150-ին կուղարկենք ուսուցման: Մեր կադրերին ինքներս պետք է պատրաստենք:

- Դուք խոսում եք ընդամենը 2 ամսվա մասին. դա, փաստորեն սկիզբ է, բայց շարունակական ընթացքի է նման:

- Սկիզբ է թերևս, ինձ համար, բայց համակարգը նոր չէ… Բացի այդ, ես գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի դպրոցն եմ անցել: Իսկ դա նշանակում է ձեռքը միշտ ժամանակի զարկերակին պահել, մոռանալ «դժվար է», «անլուծելի է», «չենք հասցնի» արդարացումները: Դա նշանակում է` անվերջ սովորել. չէ՞ որ ոչ մի գիտելիք վերջնական չէ: Աշխատանքն անընդհատ նոր խնդիրներ է առաջադրում. պիտի´ հասցնել, պիտի կատարելագործվե´լ…

- Համակարգը նոր չէ, բայց տկար էր, ու Դուք միաժամանակ ապաքինում ու զարգացնում եք: Ի դեպ` կատարված որոշ անձերի փոփոխությունը բնավ կադրային ջարդ չընկալվեց: Ավելին, հենց համակարգի աշխատակիցները փաստում են, որ կատարվածն անհրաժեշտություն էր:

- Ինձ ուրախացնում է օբյեկտիվ գնահատականը: Կարճամիտ պետք է լինել` չհասկանալու համար, որ լավ մասնագետից, բարեխիղճ աշխատողից ոչ մի ղեկավար չի հրաժարվի: Մեզ համար յուրայիններ և օտարներ չկան: Իր գործը սիրող, ոստիկանի ծառայությանը տիրապետող անձինք մեր կողքին միշտ տեղ ունեն: Այստեղ աշխատողը պետք է գիտակցի, որ ինքը ոչ թե պահակ է, այլ իրեն վստահված օբյեկտի պահապան:

- Որոշ կազմակերպություններ իրենց ունեցվածքի պահպանությունը հանձնում են մասնավոր անձանց. անտեղյա՞կ են, թե՞ չեն վստահում:

- Ավելի ճիշտ` անտեղյակ են:

- Նաև տեխնիկական վերազինումն է օրախնդիր:

- Հրամայական է դարձել պահպանության կենտրոնացված դիտակետերը վերազինել ժամանակակից համակարգերով, որոնք աշխատում են ինչպես քաղաքային հեռախոսացանցով, այնպես էլ ռադիո և արբանյակային կապով: Դա ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումներին հնարավորություն կտա որակյալ և հաջող պահպանություն իրականացնել ՀՀ ողջ տարածքում` գործնականում բացառելով ինժեներ-օպերատորի գործոնը: Տագնապ-ազդանշանների պահին վտանգված օբյեկտներից կստանանք նաև տեսապատկերը` առցանց (օնլայն) ռեժիմով: Վարչությունում ստեղծում ենք մոնիտորինգի կենտրոն, ինչի շնորհիվ կկարողանանք վերահսկել մեր կողմից պահպանվող բոլոր օբյեկտները: Հայաստանի ամենահեռավոր վայրում անգամ կողոպուտի, հարձակումների ցանկացած փորձ մենք անմիջապես տեսնելու ենք էկրանին: Ընդ որում, ինֆորմացիան նույն պահին մեզ փոխանցելուց զատ, այդ մասին ավտոմատացված հրահանգ է ուղարկվում տվյալ տարածքի պահպանության բաժին, ծառայություն իրականացնող բռնող խմբին և մոտակայքում գտնվող մեքենաներին: Բնականաբար` արձագանքը կլինի անհապաղ, իսկ հանցագործներին տեղում բռնելը կամ, ծայրահեղ դեպքում` որոնել-գտնելն` անհամեմատ ավելի հեշտ: Մի խոսքով, կապահովվի առավել արդյունավետ հսկողություն` թե´ պահպանվող օբյեկտների ու բնակարանների, թե´ մեր աշխատակիցների նկատմամբ:

- Այսինքն, այսուհետ մենք ավելի ապահո՞վ կապրենք:

-Մենք պատասխանատվություն ենք կրում միայն պայմանագրով մեր հսկողությանը հանձնված բնակարանների ու հիմնարկների համար: Բայց դա չի նշանակում, թե մյուսների դեմ կատարվող ոտնձգությունները մեզ չեն հետաքրքրում: Մեզ դիմում, զանգահարում են ամենատարբեր գանգատներով: Վերջերս հուզված մի քաղաքացի խնդրում էր միջամտել, որ հիվանդի համար կանչած շտապօգնությունն ուշանում է: Անտարբեր մնալ չկարողացանք. զանգահարեցինք և խնդրեցինք, որ ծանր հիվանդին անօգնական չթողնեն:

- Դուք կարևորում եք ոստիկանի, բնականաբար` նախևառաջ սպայի հմտություններն ու արժանապատվությունը: Ո՞րն եք համարում սպայի պատիվը:

- Ոչ թե իրավունքների և հնարավորությունների չարաշահումը, այլ` պարտականությունների գիտակցումը: Սպան պետք է օրինակ ծառայի, իրեն նմանվելու ձգտում արթնացնի սկսնակների մեջ, իսկ հասարակությանը նա պետք է հավատ ներշնչի: Պետք է հարգի իր ուսադիրները, գիտակցի համազգեստի պատիվը: Պատրաստակամ պետք է լինի` օգնելու իրեն դիմողներին… Եթե փոքր-ինչ հումորով ու հակիրճ ասեմ` սպան պետք է այնպես դրսևորի իրեն, որ երբ համազգեստը հանեն` համոզվեն, որ դրա մեջ մարդ ու մարդկային հոգի կա:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ