ՀԱՑԻ ԳԻՆՆ ԻՋՆՈՒՄ Է, ՔԱՇԸ` ՆՈՒՅՆՊԵՍ


 

Վերջին օրերին նկատելի է դարձել հացի գնի իջեցում: Եթե մի շարք սննդամթերքներ, մասնավորաբար մսեղենն ու ձկնեղենն, արձանագրել են գների անօրինակ աճ, ապա հաց արտադրողները որոշել են իջեցնել հացի գինը` ի հաշիվ նրա քաշի: Ամենասովորական հաշվարկներն անգամ ցույց են տալիս, որ 50-100 գրամով նվազեցնելով հացի քաշը, արտադրողները ոչ թե գների իջեցում են արձանագրել, այլ պահպանել են նախկին գները: Սակայն երևութականություն են ստեղծել, թե հաշվի են առել բնակչության վիճակը... Բնակչությունն այժմ ավելի է ծախսում հացի համար, որովհետև երեք հացի քաշը հիմա հավասարեցվել է չորս հացի քաշի: Ի դեպ, բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքում, ուր կենտրոնում գտնվող խանութներում հացի գինն ավելի թանկ է, քան` ծայրամասերում: Տնտեսագետներն այս իրավիճակը չկարողացան մեկնաբանել, իսկ հացի վաճառքով զբաղվողներն էլ պարզապես թոթվեցին իրենց ուսերը: Նրանց նույնպես հայտնի չէ այս տարօրինակ «անտագոնիզմը»...