ԱՍՏԾՈ ՀՈՒՅՍԻՆ


 

Տավուշի մարզից ահազանգեր են սկսել ստացվել հերթական տարերային աղետի անխուսափելիության մասին: Մարզաբնակները հավաստիացնում են, որ ձնհալն սկսվելուն պես ակտիվանալու են սողանքները: Հատկապես վտանգավոր է համարվում Դիլիջան-Իջևան ճանապարհին ընկած Հովք գյուղի հարևանությամբ գտնվող սողանքը: Դեռևս խորհրդային ժամանակներից պարբերաբար ակտիվացող հողաշերտը բազմիցս վերանորոգվել է: Ամեն անգամ շինարարությունը միլիոններ է խլել պետբյուջից, բայց չանցած մի քանի ամիս` ճանապարհը դարձյալ հողի խոշոր ալիքներով է պատվել, իսկ ճամփեզրի ստորին հատվածը փլուզվել-լցվել է աջակողմյան ձորը:

Սողանքային գոտին նախորդ աշնանն անձրևներից զգալիորեն ակտիվացել էր: Սպասվող ձնհալն առաջիկայում դարձյալ մեծացնելու է փլուզման վտանգը, թեև տեղի ունենալիքն անհնար է կանխել, քանի որ տարբեր ժամանակներում կատարված երկրաբանական ուսումնասիրությունները փաստել են, որ միակ ելքը շրջանցիկ ճանապարհի կառուցումն է: