»Մանկավարժությունն իմ ճակատագիրն է«


Էջմիածնի Գորկու անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցը շատ արագ գտավ իր հունը: Այսպես լինում է, երբ մարդն ասելիք ունի, երբ մասնագիտական դիտարկումներն ընթանում են ընկալումների համախոհության հենքով, և լրագրողական զրույցի կանոնիկությունը անտես-աննկատ տեղի է տալիս հոգևորի վարարումներին: Եթե հարկ կա անդրադառնալ նորանշանակ տնօրեն Գայանե Սաֆարյանի մանկավարժական բավականաչափ ներկայանալի անցյալին, ապա արժե նաև զննել արմատը: Նկարիչ պապն իր Գայանե թոռան մեջ դեռ վաղ տարիքում տեսել է մանկավարժին: Իսկ նախախնամությունն ապագա ուսուցչին ՈՒՍՈՒՑԻՉ է կարգել Հայկ Դանղյան ազնվագույն մարդուն, ով իր ուսուցիչը լինելուց առաջ իր պապի աքսորական ընկերն էր և այս ընտանիքի բարեկամը: Եվ միանգամայն հասկանալի է ու խոնարհումի արժանի այն ակնածանքը, որ նախկին սանն այսօր էլ տածում է նրա նկատմամբ. «Կենդանի դաս էր, կյանքի ուղենիշ, ամեն մի խրատը` մի մասունք»: Դպրոց ոտք դրեց իրականացված երազանքի երկյուղածությամբ: Դիտված է նրբորեն. շատերն են դպրոց մտնում իբրև ուսուցիչ, բայց բոլորը չէ, որ դառնում են ուսուցիչ: Գայանե Սաֆարյանը դարձավ ուսուցիչ: Ահավասիկ իր խոսքը. «Մանկավարժությունն ինձ համար ճակատագիր է: Ես ինձ շիտակ քայլքի մեջ եմ զգում դպրոցում: Դասարանն ինձ համար ուրիշ աշխարհ է: Երեխաների մեջ ես մոռանում եմ ամեն ինչ: Իրենց տալով` ես իրենցից ստանում եմ: Ամենադժվար պահերին, երբ հույսն ու հավատը ծիծաղելի են թվում, երեխաների գոյությունը, շփումը նրանց հետ ինձ կյանքով է լցնում»: Հիմնադրումից ի վեր ոչ միայն քաղաքում, այլև ողջ երկրում մեծ համբավ ունեցող այս կրթօջախի ղեկը Գայանե Սաֆարյանը ստանձնել է դպրոցի հեղինակությանը տեր կանգնելու, լավագույն ուսումնական հաստատության համարումը պահպանելու, իր ոչ պակաս նվիրյալ նախորդների հիմնած ավանդույթները խորացնելու, և, ինչո՞ւ չասել, առաջին հերթին դպրոցի ընթացքի մեջ սկիզբ առած վայրէջքը կասեցնելու գիտակցված վճռականությամբ: Արդյունքի հավաստիությանը կարելի է չկասկածել, մարդն անցել է ուսուցիչ-փոխտնօրեն բովով, թրծվել բոլոր աստիճաններում, և ակներև են դրան հասնելու երաշխիքներն ու գրավականը. կազմակերպչական ջիղ, մասնագիտական հմտություն, մանկավարժի հոգու ցոլանք: Մարդկային հատկանիշներն էլ, ինչպես ասում են, ձեզ նվեր: Դպրոցի առանձնահատկություններից մեկը համարելով ռուսերենով ուսուցումը` տնօրենն ընդգծում է այլ երկրներից վերադարձած երեխաների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու կարևորությունը: Պետք է նկատի առնել, որ ինչ-որ տեղ ազգային արմատներից կտրված, այլ ավանդույթներով շրջապատված երեխան առավել քան կարիք ունի հայեցի կրթության ու դաստիարակության` նրա ինքնությունը չվնասելու նրբին զգուշավորությամբ: Մեծապես դպրոցանպաստ է նաև այն, որ անցած տարվանից այս կրթօջախը դարձել է դպրոց-կենտրոն: Համագործակցային ուսուցման ներդրմամբ դպրոցը պարտականություն ունի փոխանցել ձեռք բերած փորձը` այսպիսով մի քայլ առաջ անցնելով բարեփոխված դպրոց ունենալու ճանապարհին: Իսկ բարեփոխման առանցքը, գործընթացի կենտրոնական դեմքը ուսուցիչն է: Գայանե Սաֆարյանը սկզբունք ունի. ուսուցչին ճանաչել իր աշխատանքով, հարգել յուրաքանչյուրին իր տեսակի մեջ և բոլորից աշխատանք պահանջել: Սա° է սերնդակրթության որակը բարելավելու ուղին: Գ. Սաֆարյանի բնութագրմամբ, այս կոլեկտիվում մարդիկ են, ովքեր լավ գիտեն իրենց գործը, բաց են ամենայն նորի և առաջավորի համար և աշխատում են դպրոցին ներկայացվող մերօրյա պահանջների ռիթմով: Իրենց պարտականությունների մեջ պատրաստակամ են փոխտնօրեններ Մարիամ Զաքարյանը և Սոնա Բուդաղյանը: Միևնույն նպատակին ուղղված աշխատանքը, բարի կամքն ու վերաբերմունքը, անշուշտ, միտված են ընդհանուր արդյունքին և կարող են լինել այդ արդյունքի լիարժեք գրավականը: Փոխտնօրեններն իրենց հերթին նշում են այն դրական տեղաշարժը, որ նկատելի է նոր տնօրենի դպրոց գալուց ի վեր: Նրա աշխատաոճը, անսպառ եռանդն ու դպրոցան վիրումը, որ բարձրացրել է ողջ կոլեկտիվի զգոնությունը, նրանց ոգևորում է աշխատել և հույս ներշնչել, որ կրթօջախը վերստին կունենա իր նախկին համբավն ու հեղինակությունը, և է°լ ավելի շատ ծնողներ կնախընտրեն իրենց երեխաների հետ բռնել այս դպրոցի ճանապարհը: Տնօրենի նշված առավելություններին մեկն էլ մենք ավելացնենք: Վերջին տարիներին հանրակրթության համակարգում սկիզբ առած օլիմպիական շարժումը, որ սերնդի գիտելիքների խորացմանը և օժտված երեխաներին բացահայտելուն ուղղված մի քայլ է, շատ-շատերի հետ միասին, ի դեմս մայրենիի ուսուցչուհի, փոխտնօրեն, կրթության մարզային վարչության առաջատար մասնագետ և այսօր արդեն դպրոցի տնօրեն Գ. Սաֆարյանի, ունի իր նվիրյալը, անխոնջ ծառան, եռանդուն կազմակերպիչն ու աջակիցը: «Օլիմպիադան մեզ համար քննության պես մի բան է` ի մի բերելու արդեն արվածը ու ճշտելու լրացնելիքը»,- ասում է: Կյանքում էլ ստեղծագործող մարդ է Գայանե Սաֆարյանը, կենսասեր, նախաձեռնող ու լավատես: «Սիրում եմ կյանքը, ամեն ինչի մեջ լավն եմ փնտրում ու, փառք Աստծո, գտնում եմ»: Ամենայն ազգայինի հավատավորն է ու պահապանը, հայերենի բարձրագույն խորհրդի միակ մանկավարժ անդամը: Վանեցի պապից ժառանգել է հող հայրենիի պաշտամունքը, և նժդեհյան գաղափարներին մոտենալը դարձել է ներքին պահանջ: Այդ պահանջն էլ նրան մղել է հանրապետական կուսակցություն: 2001-ից ՀՀԿ անդամ է, կանանց հանձնախմբի նախագահ, իսկ այսօր արդեն ՀՀԿ Էջմիածնի տարածքային կազմակերպության նախագահի տեղակալ: «Կուսակցական լինելով`

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ