«Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել»...


Նրա վստահության քվեն հենց իր գործունեությունն է, այլ ոչ ընտրությունների նախաշեմին խոստումներ շռայլելը: Ի դեպ, հատկանշական է, որ հայ կնոջ բարօրությամբ, նրա դերի ու կենսամակարդակի բարձրացման խնդիրներով մտահոգ քաղաքական գործիչը` Հրանուշ Հակոբյանն է Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածում համամասնական ցուցակներում կանանց թիվը եռապատկելու մասին առաջարկի հեղինակը: - Հայաստանի Հանրապետությունում հայ կինը քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական համակարգերի կարևորագույն դերակատարն է: Եթե կրթության ոլորտում կանանց թիվը 86,4 % է, առողջապահության ոլորտում` 83 %, մշակույթի ոլորտում` 71 %, ապա Ազգային ժողովում նրանց ընդգրկվածությունն ընդամենը 5 % է: Ի պատիվ ՀՀ վարչապետի, պետք է փաստել, որ նրա հավանությանն արժանանալով, այդ օրինագիծը կենսակոչվեց ձայների գերակշռությամբ: Հարկ է նշել, որ կա խնդիր` ընտրացու ցակներում կանանց գոնե անցողիկ տեղերում ընդգրկելու համար: Այս չորս տարիների ընթացքում մեր քաղաքական համակարգում սա լավագույն մոտեցումն էր` կանանց դերի բարձրացման ուղղությամբ: Պետք է ընդգծեմ, որ թե° սոցիալական, թե° առողջապահության, թե° կրթական ոլորտներին առնչվող բոլոր օրենքներն էլ միտված են կանանց, մայրերի և երեխաների հիմնախնդիրների լուծմանը: Իսկ վերջին տարիներին Կառավարության վարած քաղաքականության նվաճումներից կարելի է համարել պետական բյուջեի սոցիալական ուղղվածությունը, ինչը նույնպես, վերջին հաշվով, նույն միտվածությունն ունի: Արդյունքն ակնհայտ է. եթե 4 տարի առաջ Հայաստանը համարվում էր աղքատության 50 %-անոց ցուցանիշ ունեցող երկիր, ապա այսօր այն կիսով չափ նվազել է: Անչափ կարևորում եմ կանանց կրթական մակարդակի բարձրացումը և համոզված եմ, որ միայն կրթված մայրը կարող է հայեցի դաստիարակություն տալ իր զավակին և կրթել երկրի լիարժեք քաղաքացի: Ընդհանուր առմամբ, հայ կնոջ կերպարին հոգևոր մեծ ներուժն է բնորոշ. հայրենասեր, հավատարիմ, աշխատասեր: Նաև ամենահնարա միտն են, թերևս` ոչնչից ամեն ինչ ստեղծելու իրենց ունակությամբ: Մենք պատերազմի արհավիրքները հաղթահարած երկրի քաղաքացիներ ենք, և մեր ժողովրդի զավակները իրենց կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին: Հայրենյաց պաշտպանների մեջ ևս քիչ չեն եղել աղջիկներն ու կանայք, ովքեր տղամարդկանց հետ կողք-կողքի դիմակայել են Հայրենիքին պատուհասած օրհասին: Այսօր էլ քիչ չեն կանայք, ովքեր աշխատում են այնպիսի կարևորագույն օղակներում` ինչպիսին Պաշտպանության նախարարությունն է, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը: Դա խոսում է հայ կնոջ արիակամ ոգու, տոկունության, դժվարությունների առջև չընկրկելու մասին: Փառք ու պատիվ հայ օջախը շենացնող և դարերի հոլովույթում իր դիմագիծը չկորցնող հայ կնոջը: Շնորհավոր գարնան և քնքշության տոնդ, հայ մայր, հայ կին, սիրելի հայրենակցուհի: Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ «Մայրանալուց հետո միայն զգացի, թե մայր ասվածը ինչ բերկրանք է: Միշտ թվացել է, թե ամենալավ մայրը աշխարհում հայ մայրն է: Ցանկանում եմ, որ կանանց աչքերը ուրախ փայլեն, հոգին զրնգա անուշ երգով կյանքի գարնանային զարթոնքի: Դա շատ գեղեցկացնում է կնոջը»: Օֆելյա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստուհի Երջանկությունը կնոջ պոեզիան է Այն ծնվում է գարնանային զարթոնքի թրթիռների դաշտում, որտեղ ապրում է կինն իր հմայքի ողջ խորհրդավորությամբ: Կինը ճակատագիր է, նրան պետք է ընդունել առանց վերափոխելու: Մարդկային «կոդը» հնարավոր չէ փոխել, առավել ևս կնոջը, ում անհնար է իր «պատյանից» դուրս բերել, քանի որ կինը հավերժական առեղծված է, որը յուրաքանչյուր տղամարդ փորձում է բացահայտել յուրովի: Իսկ ինչպիսի՞ն են հայ քաղաքական գործչի և այդ դաշտը հերկող մտավորականի պատկերացումները կնոջ մասին: Թեև դրանք շատ էլ երկնային չեն, այնուհանդերձ, խիստ երկրային են և իրատեսական: ԱԺ խոսնակ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԸ գարնան և կանանց բույրերով միախառնված օրը` Մարտի 8-ը սիրում է նշել ընտանեկան ջերմ մթնոլորտում և տոնական հաճելի սեղանի շուրջ մոռանալ առօրյա հոգսերը, ըստ արժանվույն մեծարել կնոջը: Սակայն պետական այրը միաժամանակ «նեղվում» է, որ Հայաստանում կանայք անհամեմատ ավելի լավ վիճակում են, քան` տղամարդիկ: Իրո՞ք... - Տղամարդիկ շատ խնդիրներ ունեն, պարտականություն ունեն երկրի և երեխաների հանդեպ,- ասում է Տիգրան Թորոսյանը:- Կնոջ գործն ավելի հեշտ է` ընտանիք, երեխաների դաստիարակություն: Բայց (քավ լիցի) չկարծեք, թե ասում եմ, որ նրա գործը միայն դա է, չեմ ժխտում, որ ընտանիքի ողջ ծանրությունը նրա ուսերին է: Ընտանիքից դուրս նա ունի իր աշխատանքը, զբաղմունքը: Պաշտոնական սովորույթի համաձայն, խոսակցությունը «շեղելով» դեպի քաղաքական ոլորանները` ԱԺ նախագահն ակնարկեց քաղաքական դաշտում կանանց քանակական աճի փաստը, հիշեցնելով, որ հ/կ-ների նախագահների գերակշռող մասը կանայք են, ինչը սակայն չի կարելի ասել ԱԺ-ի պարագայում: - Միգուցե տղամարդիկ սկսեն խորհել, որ ԱԺ-ում կանանց համար հարկ է ստեղծել բարվոք միջավայր: Իրավական առումով կանայք Հայաստանում որևէ խնդիր չունեն: Մեզ մոտ նրանց հանդեպ ցուցաբերվող հարգանքն ավելի մեծ է, քան եվրոպական շատ ու շատ երկրներում: Դա մեր ազգային առանձնահատկությունն է, որն, անշուշտ, պետք է պահպանել: Կանանց մեծարելու, նրանց գարնանային մի գեղեցիկ օր նվիրելու իրողության հետ չի հաշտվում ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, քանի որ հազիվ էր հաստատվել Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության օր համարելու ավանդույթը, երբ կրկին «անաստված, ապազգային և տգետ» նախաձեռնությամբ ի օգուտ Մարտի 8-ի, այն կրկին տապալվեց: Սակայն Պարույր Հայրիկյանի ըմբոստ հոգին թեև դժկամությամբ, բայց հանդարտվեց: Այն միտքը, որ Ապրիլի 7-ի նախապատրաստությունը սկսվում է Մարտի 8-ից, փոքր-ինչ մեղմացրեց նրա զայրույթը և միայն կանանց միամսյակ ընդունելու ժողովրդի ցանկությունը ԱԺ-ին փրկեց անվանի քաղաքական գործչի թուքումուրից: Թեև Պարույր Հայրիկյանի ողջ գիտակցական կյանքը` ընդհուպ 1988 թ. ընթացել է «տոտալիտար Մարտի 8-ի» շրջանակներում, այնուամենայնիվ. - Մարդը նրանով է մարդ, որ կարողանում է ընտրություն կատարել պարտադրվածի և աստվածատուրի միջև: Անգամ առանց առիթի կանանց մեծարելու, նրանց մի գեղեցիկ խոսքով ջերմացնելու պատրաստակամությունը «Շանթ» հեռուստաընկերության առաջատար հաղորդավար Նվեր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ կերպարն ասպետական է դարձնում: - Ինձ համար Մարտի 8-ը գագաթնակետ չէ, որից հետո պետք է վերադառնամ այն տեղը, որտեղից մեկնարկել եմ այդ տոնը: Եթե գնահատում ես կնոջը, ապա այն պետք է շարունակվի առանց ընդհատումների: Ավանդապաշտ գյումրեցին այսօր էլ պնդում է, թե քաղաքականությունը կնոջ տեղը չէ, քանի որ քաղաքականություն իրականացնող մեխանիզմներին կինը չի տիրապետում: Միայն ձևավորված քաղաքական մշակույթի պայմաններում նրան կհաջողվի տիրապետել այդ «գործիքներին», որով հաստատի իր տեղն այդ դաշտում: Իսկ լրագրող Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆԻ համար կանանց նվիրված օրը համազգային տոն է, քանի որ հասարակության բոլոր խավերի կողմից այն սիրված և ընդունելի է: - Այն հասարակությունը, որտեղ չկա կնոջը նվիրված տոն, արդեն իսկ հույսեր չներշնչող հասարակություն է: Փառք Աստծո, մենք այդպիսին չենք: Հ. Գ. Որքան էլ կնոջ երջանկությունը համարենք պոեզիա, այնուհանդերձ, այն սրբագրողը տղամարդն է, և միայն նա է կնոջը դարձնում երջանիկ: Այնպես որ, հարգելի տղամարդիկ, դարձրեք կանանց այդպիսին և յուրաքանչյուր կնոջ մեջ փնտրեք հենց իրե°ն, այլ ո°չ ուրիշին: Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ Գարունը միշտ գալիս է ճիշտ ժամանակին` անկախ քաղաքական գործընթացներից: Ու թեպետ այս գարունն էլ հագեցած է լինելու քաղաքականապես, բայց դա բնավ էլ չի խանգարում, որ ԱԺ երրորդ գումարման խորհրդարանականները Մարտի 8-ի կապակցությամբ իրենց բարեմաղթանքները հղեն հայ կնոջը: Վահե ՀԱԿՈԲՅԱՆ - Հայուհին դարերի հոլովույթում է կերտել իր ազգային նկարագիրը դժվարությունների հորձանուտում անգամ չաղավաղելով իր դիմագիծը: Շնորհավորելով հայ կանանց ու աղջիկներին այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ նրանց գարնանային տրամադրություն, սեր և հոգու կորով: Հենրիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ - Ես միանում եմ կանանց միամսյակի առիթով հնչելիք բոլոր շնորհավորանքներին և հայ կնոջը մաղթում եմ առաջին հերթին` կանացի երջանկություն: Արտակ ՍԱՐԳՍՅԱՆ - Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին և մաղթում, որ հայուհուն վայել կենսակերպը անպակաս լինի մեր երիտասարդ աղջիկներից, ժպիտն ու երջանկությունը լինեն նրանց ողջ կյանքի ուղեկիցը: Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Հայ կնոջը մաղթում եմ համբերություն: Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ - Գարնանային տոնի կապակցությամբ հայ կանանց մաղթում եմ առողջություն, երջանկություն, գեղեցկություն և բարեկեցություն: Ցանկանում եմ, որ միշտ ժպտան մեր մայրերն ու քույրերը և միշտ հիշեն, որ իրենց կեցությամբ է պայմանավորված իրենց զավակների բարօրությունը: Գրիգոր ՂՈՆՋԵՅԱՆ - Ի սրտե մաղթում եմ հայ կնոջը իր հին, ավանդական կերպարին ավելացնել 21-րդ դարի կնոջը բնորոշ հատկանիշներ, բայց պահպանել ազգային նկարագիրը: Աշոտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - Թո°ղ որ այս գարունը բոլոր կանանց ու մայրերին պարգևի մեծ սեր ու կանացի երջանկություն: Թող գարնանային տրամադրությունը նրանց ուղեկից լինի ողջ տարվա ընթացքում: Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ - Բոլոր կանանց շնորհավորում եմ Մարտի 8-ի կապակցությամբ ու ցանկանում, որ քաղաքական տարում կանայք նպաստեն, որպեսզի տղամարդիկ մի քիչ մեղմանան: Աշոտ ԱՐՍԵՆՅԱՆ - Միջազգային տոնի առիթով շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, մաղթում եմ նրանց հոգսերի թեթևացում, համբերություն, մեծ հավատք ու կամք` այս անցումային իրավիճակում հաղթահարելու բոլոր դժվարությունները: Արմեն ՊՈՒՐՏՈՅԱՆ - Կինն իր օջախի հենասյունն ու պահապանն է, իսկ հայուհին` նաև ազգային արժեքների դավանանքը իր զավակներին ուսուցանողը: Տոնի առիթով շնորհավորում եմ հայ մայրերին և մաղթում երջանիկ ու բարեկեցիկ ապագա: Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Հայոց աշխարհի բոլոր կանանց մաղթում եմ խաղաղ երկնքի տակ կրթել ու դաստիարակել իրենց զավակներին: Թող երբեք չթացվեն հայ մայրերի աչքերը: Գրիգոր ՄԱՐԳԱՐՅԱՆ - Սիրով շնորհավորում եմ բոլոր հայ կանանց` գարնանային գեղեցիկ տոնի առթիվ: Նրանց առաջին հերթին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն: Ցանկանում եմ, որ հայ ընտանիքները լինեն բարեկեցիկ, և բոլոր օջախներում թևածեն սերն ու բարությունը: Հրանտ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագներ: Ես բոլոր կանանց մաղթում եմ խաղաղ ընթացք ու անամպ երկինք: Վազգեն ԿԱՐԱԽԱՆՅԱՆ - Մեր դուստրերին, մեր մայրերին, մեր կանանց ցանկանում եմ ամենակարևորը` երջանիկ կյանք, հզոր հայրենիք, իրենց կողակիցների հանդեպ սեր և հարգանք: Ռաֆիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Անսահման սեր եմ մաղթում հայ կնոջը և ցանկանում, որ միշտ շրջապատված լինի իրեն սիրող մարդկանցով: Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Ես կարծում եմ, որ կգա ժամանակ, երբ հայ կինը լիարժեքորեն ներկայացված կլինի քաղաքական-հասարակական կյանքում: Այդ իսկ պատճառով մաղթում եմ նրան նպատակների և ծրագրերի իրականացում: Համլետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Հայ կնոջը մաղթում եմ ընտանեկան երջանկություն, քնքշություն, ամենալավն ու բարին, որ մարդ կարող է ցանկանալ իր մորը, քրոջը և կնոջը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ