Երկրապահ բժշկուհին


«Եթե փորձեմ բնութագրել անցած կյանքս և հատկապես այն տարիները, երբ ծառայել եմ որպես ռազմական բժիշկ, ապա հպարտությամբ պիտի ասեմ, որ ես երկիր եմ պահել,- ասում է բժշկուհի Ռիմա ՇԱԲՈՅԱՆԸ,- այնքան վեհություն, խորհուրդ և գնահատանք կա այդ մեկ հատիկ բառի մեջ` երկրապահ: Ես ավելի մեծ կոչում, ավելի բարձր տիտղոս չգիտեմ»: - Բժշկուհի, մեր զրույցն սկսենք Ձեր ընտանիքից, ինչպես եղավ, որ Ձեր ծնողների տասը երեխաներն էլ բժշկական կրթություն ստացան: - Հայրս համոզված բոլշևիկ էր` արդարամիտ ու խստաբարո: Անտեսելով 10 երեխաների հոգսը, կենցաղային դժվարությունները, հայրս որդեգրել էր ևս երկու որբերի և խնամում էր հարազատի պես: Հորս` ոչ թե տասը, այլ տասներկու երեխաները մեծացան գթասրտության, կարեկցանքի, ազնվության անճառ դասեր առնելով: Հայրս որոշեց, որ իր բոլոր զավակները` հարազատ և որդեգրած, պետք է բժշկի մասնագիտություն ստանան: Մի քանիսը փորձեցին չհամաձայնել, պատճառաբանելով, որ այլ նախասիրություն ունեն, սակայն հորս վճիռը վերջնական էր ու աներկբա` բժշկի դիպլոմ ունենալուց հետո ինչ մասնագիտություն ուզում եք սովորեք: Բոլորդ պիտի կարողանաք դարմանել մարդու ցավերը, պիտի ձեր հոգու ամենամեծ ձգտումը լինի կողքինին օգնելը: Այդպես էլ եղավ. մեկը մյուսի հետևից մեր ընտանիքի 12 երեխաները ընդունվեցին բժշկական ինստիտուտ: Նրանցից մի քանիսը բժշկականն ավարտելուց հետո գնացին իրենց երազի ճանապարհով` նոր մասնագիտություն ընտրեցին, իսկ բժշկի դիպլոմը մնաց որպես գթասրտության և ազնվության առհավատչյա: - Ձեզ համար բժշկի մասնագիտությունը դարձավ կյանքի իմաստ, կենսակերպ: Այդ են վկայում Ձեր հիվանդները, որոնց երախտագիտությունն անսահման է: Դժվա՞ր էր բժշկի ճանապարհը: - Բուհն ավարտելուց հետո 1967-ին աշխատանքի անցա 2-րդ բուժսանմասում որպես նյարդաբան: Պրակտիկ փորձառությունը զուգակցվում էր անդադրում ինքնակատա րելագործման հետ: Ես երբեք չեմ բավարարվել ձեռքբերածով, տենդագին աշխատել եմ, կատարելագործել մասնագիտական ունակություններս, հմտություններս, գերագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին: Սակայն, այդուհանդերձ, բժշկի հաջողության ամենամեծ գրավականը համարում եմ մարդու հանդեպ անսահման սերը, կողքինի ցավը սեփականի պես զգալու շնորհը, օգնելու, սատարելու պատրաստակամությունը: Բժշկի պատվախնդրությունը, բարոյական նկարագիրը նույնքան, գուցեև ավելի կարևոր են, քան բժշկի արհեստավարժությունն ու մասնագիտական որակները: - Ձեր հիվանդները վկայում են, որ դուք օգնում եք բոլորին անկախ այն բանից` ի վիճակի՞ են վճարելու, թե՞ ոչ: - Պետք է բուժվեն բոլոր հիվանդները, միատեսակ բուժօգնություն, սեր ու խնամք պիտի ստանան և անվճարունակները, և հարուստները: Սա իմ մարդկային և մասնագիտական հավատամքն է: Ինչպե՞ս կարելի է չօգնել մարդուն, չբուժել միայն այն պատճառով, որ նա չունի վճարելու հնարավորություն: Ի դեպ, իմ հիվանդները ինձ փոխհատուցել ու փոխհատուցում են շատ ավելի շռայլ ու առատորեն` իրենց սիրով, երախտագիտությամբ` կյանքս լցնելով վաստակած ինքնաբավությամբ: - Դուք Ձեր ինքնանվեր կյանքն էինք ապրում, երբ մութը, ցուրտը, թշվառությունն ու պատերազմը, դաշինք կազմած, մտան մեր երկիրն ու մեր տները: - Կարիքից, անտանելի կենսապայմաններից հյուծվող ժողովրդին բժիշկ էր պետք, նորակազմ բանակին բժիշկ էր պետք, ճակատում մարտնչող ազատամարտիկին բժիշկ էր պետք, լուսավոր, տաք, հարմարավետ աշխատասենյակում նստելու ժամանակը չէր, և ես 93-ի ապրիլին համաձայնագիր-դիմումով ներկայացա զինբուժվարչություն և խնդրեցի ինձ աշխատանքի վերցնել որպես զինվորական բժիշկ: Հունիսին նշանակվեցի հոսպիտալի նյարդաբանական բաժնի պետ: Ու սկսվեց իմ բաժին պատերազմը, ամենօրյա, ամենժամյա պատերազմը մահի դեմ: Երջանիկ եմ, որ հարյուրավոր ճակատայինի կյանք եմ փրկել, հարյուրավոր ռազմիկի եմ վերադարձրել առաջին գիծ: Ես երկրապահ եմ, ես զենք չեմ վերցրել, բայց ազատամարտիկ եմ: Ես իմ զենքով եմ կռվել ու հաղթել եմ: - Եթե չեմ սխալվում` Ձեր որդին էլ է մասնակցել Արցախյան պատերազմին: - Միակ որդիս` Էդմոն Սիմոնյանը, բժիշկ-մանկաբույժ է: Պատերազմի ժամանակ «Արաբկիր» բժշկական կենտրոնի փոխտնօրենն էր: Կամավոր գնաց պատերազմ, պաշտպանեց Նոյեմբերյանի, Գորիսի սահմանները և կռվեց Գետաշենում: Պարգևատրվել է «Դրո Կանայան», «Հայրենիքի պաշտպանության համար» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով: Թոռնիկս` Գուրգեն Սիմոնյանը, ավարտել է Երևանի ճարտարագիտության համալսարանը, այժմ ծառայում է ազգային բանակում, որի համար շատ հպարտ եմ: Զորամաս այցելելիս` հաղթանակն ավելի ցայտուն ու շոշափելի եմ զգում, երբ տեսնում եմ անհերքելի առաջընթացը, նվաճումները, զինվորի ինքնավստահությունը, ուժը, խիզախությունը: Դա իմ բանակն է, և ես անչափ հպարտ եմ, որ ավանդ ունեմ բանակաշինության սրբազան ու պատվելի գործում, որ կարող եմ բանակը իմը համարել: Ես պիտի բժշկեմ հայ զորականին ու զինվորին, քանի ուժ կա ձեռքերումս ու պիտի երջանկանամ` տեսնելով երկրիս ուժն ու բանակաշինության նվաճումները: - Դուք անցել եք վաստակած հանգստի, բայց չեք հեռանում հոսպիտալից, հարազատ կոլեկտիվի հետ եք: - Ես բժիշկ եմ ու անսահման սիրում եմ բանակը, ցանկանում եմ օգնել` ինչով կարող եմ: Օրինակ, աշխատել եմ հոսպիտալի բժշկական գրադարանում, որը կրում է զոհված ազատամարտիկ Մհեր Ջուլհաճյանի անունը: Մեծ սիրով միջոցառումներ եմ կազմակերպել, ցանկացել եմ, որ բոլորը հարգեն, մեծարեն հայրենիքի պաշտպանի սխրանքը, գիտակցեն, որ երկիր պահելը ամենամեծ հերոսությունն է ու ամենամեծ պատիվը: - Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ, ինչպե՞ս եք ապրում: - Ապրում եմ միակ որդուս հովանու տակ, ունեմ նազանի ու նուրբ հարսիկ, որն իմ ընտանիքի զարդն է, երջանկանում եմ թոռներովս: Ապրում եմ լիարյուն կյանքով, բժշկում եմ, հոգում եմ հարազատներիս հոգսերը, զբաղվում եմ կենցաղային գործերով, սիրում եմ լինել մտերիմներիս շրջանում: Դաշնամուր եմ նվագում, ծաղիկներ եմ աճեցնում: Երջանիկ եմ իմ ընտանիքով, աշխատանքով, շրջապատով, երկրով, ժողովրդով, բանակով: Բանաստեղծություններ եմ գրում: - Բժշկուհի Շաբոյան, շնորհավորում ենք Ձեզ` Կանանց տոնի առթիվ: Մաղթում ենք երկարակեցություն, երջանկություն, հոգու խաղաղություն: Ապրեք առանց կորուստներ, եղեք եռանդուն` հանուն Ձեր հիվանդների և այն մարդկանց, ովքեր ունեն Ձեր կարիքը: - Շնորհակալ եմ: Ես էլ շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, հատկապես` մայրերին: Թող միշտ սիրո և հոգածության արժանանան իրենց որդիների կողմից: Թող լինեն առողջ, սիրված ու երջանիկ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ