Երկուսն էլ պետք են.

և` ընտանիքը, և´ արվեստը


 

- Երգը մանկուց է իմ մեջ, և առանց դրա ես չեմ կարող ապրել: Երգել եմ և երգելու եմ շարունակ: Երբ զգում ես, որ դու ժողովրդի կարիքը ունես, ժողովուրդը քեզ սիրում է, ծափերով է ողջունում քեզ, դու պարտավոր ես գոհացնել նրան: Ես շատ ուրախ եմ, որ 14 տարվա դադարից հետո Հայաստանի իմ հանդիսատեսը, իմ երկրպագուներն ինձ չեն մոռացել:

Վկան. երբ մենք շրջում էինք քաղաքում, մարդիկ ճանաչում էին ինձ ու ջերմ զրույցի բռնվում ինձ հետ: Իսկ երբ 3 օր չարչարվելուց հետո մառախլապատ եղանակի պատճառով Փարիզից մեր օդանավը վայրէջք կատարեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, պիտի տեսնեիք, թե ժողովուրդն ինչպիսի խանդավառությամբ էր դիմավորում ինձ… Հենց դա էլ ինձ պարտադրում է մշտապես գոհացնել իմ հանդիսատեսին:

Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ այսպես խոսեց Ռոզի Արմենը` հաստատելով այն մեծ ճշմարտությունը, որ տարիներ շարունակ ինքն ապրել է երգով ու ժողովրդի սիրով, որ այդ սերն է իրեն ուժ ու կորով տվել: 1961 թ. առաջին անգամ հանդես է եկել ֆրանսիական ազգային հեռուստատեսությամբ, ձայնագրել իր առաջին ձայնասկավառակն ու դարձել նշանավոր: Երգչուհու առաջին հաջողությունները ոգևորել են նրան և հարազատներին, ֆրանսիական էստրադա բերել մի չափազանց ինքնատիպ անուն, Ռոզիին տարբերել արդեն նշանավոր դարձած անուններից: Ֆրանսիան էստրադային երգն ընկալում և ընդունում էր Էդիթ Պիաֆի մաներայնությամբ և սկզբունքներով: Ֆրանսիայի համար ընդունելի էին կատարման այն ձևերը, որոնք բերել ու հաստատել էին Ազնավուրը, Ժակ Բրելը, Միրեյ Մաթիեն: Ռոզի Արմենն իր տաք արևելյան երգեցողութ յամբ հայտնություն էր  ֆրանսիական էստրադայի համար, նա ժխտում էր կատարման մի շարք ավանդույթներ և հաստատում սեփական ներկայությունը, գլխավորապես դիմում քնարական երգերի կատարմանը` առաջնային դարձնելով հույզի գերակայությունը: Շարլ Ազնավուրը, լսելով Ռոզի Արմենի կատարումները, գրեց.

- Ռոզին ունի շատ մելամաղձոտ ձայն, նուրբ քնարականություն: Հաճույքով եմ լսում նրան: Ֆրանսիայում ծնված այս աղջիկն ամբողջապես հայ է, հայի թախիծ կա նրա երգեցողության մեջ:

1960-ականների վերջերին արդեն Ռոզի Արմենը միջազգայնորեն ընդունված անուն էր, որը հաճախ էր հնչում Սիլվի Վարդանի անվանը զուգահեռ` այսպես նշանավոր երկու հայուհիներին դարձնելով այդ ժամանակների Ֆրանսիայի ինքնահատուկ խորհրդանիշերը: 1965 թվականին երգչուհին առաջին անգամ հանդես եկավ հայ հասարակության առջև, իսկ հետո արդեն մոսկովյան երաժշտասերներն ընդունեցին նրան: Մոսկվայում Ռոզի Արմենն ունեցավ 12 համերգ. աննախընթաց մեծ հաջողություն:

- Այդ համերգների ընթացքում իմ երկրպագուների շարքում էին Տիգրան Պետրոսյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Առնո Բաբաջանյանը, բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն: Հիշում եմ, թե ինչպես էր մեծն Առնո Բաբաջանյանն ամեն համերգից հետո գալիս` ինձ տեսնելու, որպեսզի գնամ իր ընտանիքի հետ ճաշելու, և մինչև վաղ առավոտ նա նվագում էր իր ստեղծագործությունները` առաջարկելով որևէ բան ընտրել իմ երգացանկի համար: Դրանք անմոռանալի երեկոներ էին,- պատմել է նշանավոր երգչուհին:

Մոսկվայում Ռոզի Արմենին ունկնդրելու է գնացել նաև Արամ Խաչատրյանը և նրան նվիրել իր «Սև կակաչ» երգը: Արամ Խաչատրյանը երգարվեստով քիչ էր հետաքրքրվում, սակայն Ռոզին գերել էր նրան, հմայել, ուստի ապրող դասականը ոչ միայն այս, այլև «Գարուն Երևան» երգը նվիրեց նրան: Իսկ «Գարուն Երևանը» դարձավ Ռոզիի յուրատեսակ անցաթուղթը, երգչական անձնագիրը:

- Մաեստրոն իր տիկնոջ հետ եկավ իմ օթյակ, բռնեց ձեռքս և ասաց «Փոքրի´կս, դու վերածնեցիր իմ երգը, և ես ուզում եմ քեզ ուրիշ երգեր առաջարկել»: Այդ խոսքերից ես արտասվեցի: Որ երկրում էլ որ ելույթ ունենամ, մի տեսակ ուրիշ հպարտությամբ եմ արտաբերում Խաչատրյան և Բաբաջանյան ազգանունները: Առայսօր հիշում եմ նրանց խոսքը` երգը պետք է մատուցվի հոգով կամ` երգն էլ հոգի ունի,- հիշում է երգչուհին:

Իր երաժշտական գործունեության ողջ ընթացքում նա ձայնագրել է 45 ալբոմ, մասնակցել բազմաթիվ համերգների, հանդես եկել Միշել Լեգրանի, Հուլիո Իգլեսիասի հետ, մենահամերգներ տվել Ամերիկայում` հանդես գալով ամենանշանավոր բեմերում:

- Ամեն մի բեմում հանդես գալով` ես իմ մեջ երկու զգացողություն եմ կրել. ես Ֆրանսիան եմ ներկայացնում` որպես հայ երգչուհի: Ես իմ երկրի քաղաքացին եմ, բայց դուստրն եմ մի ժողովրդի, որը աշխարհի բոլոր ծագերում իր ներկայացուցիչներն ունի: Հպարտ եմ եղել միշտ, որ երկու երկիր ու երկու հայրենիք եմ ներկայացրել: Անբացատրելի ու մեծ հպարտություն է դա,- տարբեր առիթներով ասել է Ռոզի Արմենը:

Երևանով հմայված` վերջերս նա նկատել է`  

- Այն, ինչ հիմա տեսնում եմ Հայաստանում, շատ լավ է: Նոր տներ են, շնորհքով սարքած շենքեր, արտասահմանյան ավտոմեքենաներ շատ կան: Բայց Հայաստանի խորքը տեսնել դեռ չեմ հասցրել: Հուսով եմ, որ նույն կուլտուրան ու նույն արվեստի շունչը կա: Չգիտեմ, դեռ չեմ հասցրել զգալ:

Իսկ իր ու ընտանիքի, իր ստեղծագործության մեջ ընտանիքի դերի մասին անկեղծանալով` նշեց.

- Ընտանիքս կարող է և հաճախ խանգարում է: Այդ ժամանակ պետք է զիջումների գնալ: Եթե ես մտածեի, որ միայն իմ կարիերայի մասին պետք է հոգամ, չպիտի ամուսնանայի ու երեխաներ ունենայի: Եվ այդ ժամանակ երգչուհի Դալիդայի պես միայնակ ու չոր անձ կլինեի: Ու անպայման կյանքիս վերջում կասեի` ի՞նչ արեցի, երգեցի-երգեցի, հետո՞ ինչ: Միայն երգելը պարապ բան է: Ես դա զգացի, երբ երեսուն տարեկան դարձա: Յուրաքանչյուր տարվա ընթացում ես ինը ամիս երգում էի, հյուրախաղերի էի մեկնում: Տարվա մեծ մասն օդանավերում, հյուրանոցներում, ճաշարաններում և բեմերի վրա էի: Երգում էի, ապա համերգից հետո գնում էի հյուրանոցի իմ սենյակն ու մեն-մենակ մտածում էի` նույնիսկ ուտել չեմ ուզում, ուտելու սիրտ չունեմ, ավելի լավ է` շուտ քնեմ, որ վաղը նորից համերգ երգեմ: Իսկ կողքիս ոչ ոք չկար: Մտածում էի` մինչև ե՞րբ այսպես պիտի երգեմ ու ինձ մենակ զգամ: Այնպես որ, երկուսն էլ պետք են` և´ ընտանիքը, և´ արվեստը: Եվ երկուսն էլ պետք է հավասարակշռված լինեն: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ