ԷԼԻ՞ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ 


 

Երևանի նախկին քաղաքապետ ու ներկայիս Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունը չի դադարում հայտնվել սկանդալային պատմությունների առանցքում: Հիմա էլ հայտնի են դարձել մեկ ամիս առաջ տեղի ունեցած մի միջադեպի մանրամասներ:

Փետրվարի 18-ին «Մետաքս» թաղամասում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց լրագրողների աշխատանքը հիմնական խոչընդոտողը եղել է ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը` Հակոբ Բեգլարյանը: Այս միջադեպի մասին արդեն գրվել է, սակայն մինչև օրս կարծես խնամքով թաքցվում էր կատարողի անունը: Հենց նա է մոտեցել լրագրողներին և կոպ-տորեն արգելել մուտք գործել շտաբ` ասելով.

- Գնացեք ստեղից, դավայ:

Սակայն լրագրողներն այդ պահին նրան չեն ճանաչել: Փաստն ի հայտ է եկել նրա և լրագրողների առերեսման քննչական գործողության ժամանակ:

Հակոբ Բեգլարյանը նախկինում «Գնումների աջակցման կենտրոն» պետական կազմակերպության պետն էր: Անցյալ տարվա սեպտեմբերին վարչապետի որոշմամբ ազատվել է աշխատանքից` Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքի ու ֆինանսների նախարարի գրության հիման վրա:

Հազիվ թե այս միջադեպը առիթ դառնա Բեգլարյանի նոր պաշտոնանկության, սակայն փաստն ինքնին խոսում է այն մասին, որ դեռ ոմանք շարունակում են զարկ տալ ամենաթողությանն ու անպատժելիությանը: