Դեպարդյեն` չունևորների բնակարանում 


 

Այս մարդն իր հայրենիքից երես թեքեց` իր գրպանին վայել հարկերից խուսափելու համար: Ու դեռ զարմացողներ կան, որ նա իրեն թույլ է տալիս աղքատ ընտանիքների համար նախատեսված կացարանում ապրել` առնվազն չունևոր մեկ ընտանիքի զրկելով տանիք ունենալու երջանկությունից:

Ռուսաստանցի բլոգեր Ռոստիսլավ Անտոնովը ոչ թե զարմացել, այլ զայրացել է ու ընդվզում է այդ փաստի դեմ: ՌԴ գլխավոր դատախազություն նա բողոք է ներկայաց րել` ընդդեմ Չեչնիայի Հանրապետության ղեկավարների, ովքեր համայնքային բնակֆոնդից 5 սենյականոց բնակարան են հատկացրել դերասան Ժերար Դեպարդյեին:

Բլոգերը հիշեցրել է, որ Բնակարանային օրենսգիրքը թույլ է տալիս այդպիսի կացարաններ հատկացնել միայն չքավոր քաղաքացիներին:

- Ես ուշադիր ծանոթացել եմ դրան (Բնակարանային օրենքին-խմբ.) ամբողջությամբ և չեմ հանդիպել «գործազուրկ ֆրանսիացի դերասան» գրառմանը: Նաև` նրա հանդեպ իմ հարգանքով հանդերձ` նա չքավոր չէ,- գրել է Ռ. Անտոնովը:

Վերջինիս մտահոգությունն ավելի ընդգրկուն է. նա «հուշում» է, որ ցանկության դեպքում` Դեպարդյեն կարող է սեփականաշնորհել այդ բնակարանը, ինչը «խոշոր վնաս կհասցնի Գրոզնի քաղաքի բյուջեին»: