ՆՈՐ ԱՂՄՈՒԿ «ԷՊՈՍԱԳԵՏԻ» ԱՌԹԻՎ


 

Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում, և այն այժմ կապակցվում է ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին: Ինչպես գիտենք, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան երկամսյա կալանքի է ենթարկել, սակայն, ըստ իրավաբանների, սա օրենքի կոպիտ խախտում է:

Ուրեմն, էպոսագետի կալանավորումը օրենքի խախտու՞մ է:

«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել նախօրեին կալանավորված, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

-… Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչև Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել, կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնութ յամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է

հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա: Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչ օրս հանդիսանում է Հանրապետության նախագահի թեկնածու և կալանավորվել չէր կարող:

Ահա այսպիսի բաներ… Ի՞նչն է պատճառը, որ դատարանը վճիռ է կայացրել` չուսումնասիրելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, չունենալով ԿԸՀ համապատասխան արձանագրությունը: Կամ գուցե կա՞ այդ արձանագրությունը, և Սեդրակյանի փաստաբանները միտումնաբար աղմուկ են բարձրացնում… Համենայնդեպս, երեկ դեռ որևէ հստակ հայտարարություն չէր արվել ԿԸՀ կողմից…