ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Գաբրիել ՍԱՐԳՍՅԱՆ. Շախմատի օլիմպիական կրկնակի չեմպիոն, «Մովսես Խորենացի», Առաջին աստիճանի շքանշանակիր «ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ» Փառքի ալիքները շատերին ինքնամեծարումի ափն են նետում: Սակայն Գաբրիել Սարգսյանի մարդկային տեսակը ևս մեկ ապացույցն է այն ճշմարտության, որ հոգու հարստությունն է առաջնայինը: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Դժվարություններ ունեցել եմ. շախմատում դրանք հաճախադեպ են, բայց կդժվարանամ առանձնացնել որևէ մեկը: Կարծում եմ` ճիշտ չէ դժվարություն ասվածին «ամենա» գերադրականն ավելացնել: Ցանկացած խոչընդոտ էլ տվյալ պահի համար է առաջնային, իսկ հաղթահարելուց հետո դրանք բոլորն էլ, կարելի է ասել, նույնն են եղել: Օրինակ, մեր ոլորտում պատասխանատվության զգացումը սկզբում մի փոքր կաշկանդող էր, քանի որ միջազգային մրցույթում ազգդ ես ներկայացնում: Բայց հիմա արդեն սովորական երևույթ է. գրեթե 10 տարի Հայաստանի հավաքականի կազմում եմ հանդես գալիս և հաղթահարել եմ ամեն տեսակի բարդույթ: Կարևորը խաղատախտակի առջև զգոն լինելն է: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Ռուս, առհասարակ սլավոնական ազգի ներկայացուցիչ չէի ուզենա լինել. սառը ժողովուրդ են: Իսպանացիների կամ իտալացիների պես տաքարյուն չեն, ամեն ինչ նախօրոք հաշվարկված, որոշակի է: Մի տեսակ ռոբոտանման են: Ինձ հոգեհարազատ են անմիջական ազգերն ու ժողովուրդները: Այս առումով մեզ ինչ-որ չափով նման են հատկապես իտալացիները: Հնուց եկած խոսք է. «Նմանն զնմանի կսիրե»: Դրա մեջ, իսկապես, ճշմարտության հատիկ կա: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Բնական է` բոլոր մարդիկ էլ իրենց գաղտնիքներն ունեն: Չկա այնպիսի բան, որը միայն ես գիտենամ, բայց իհարկե, ինձ հետ կատարված շատ դեպքեր հանրության համար գաղտնիք կմնան: Այդպիսի միջադեպերն, ինչպես ասում են` նեղ շրջանակի համար են: Ուրիշի գաղտնիքն էլ ինձ չի գրավում. եթե ուզում ես, որ օտարները չներխուժեն քո անձնական կյանք, ինքդ էլ քեզ չպետք է թույլ տաս` ուրիշների գաղտնիքները «պեղել»: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Փորձում եմ խորամուխ չլինել առեղծվածները բացատրելի դարձնող փիլիսոփայության մեջ: Երևի թե իրոք հակադրությունների միասնությամբ է կյանքը իմաստավորվում. շատ են հակասությունները, և ամեն մի հարցի պատասխան շղթայական սկզբունքով իր հետ մի նոր առեղծված է ի հայտ բերում: Դրանցից ամեն մեկը ամբողջովին ընկալելու, յուրացնելու համար երկար վերլուծություն է պահանջվում: Կարող է այնքան հեռուները գնաս, որ մոլորվես` ելքը վաղուց կորցրած լինելով: Կամ էլ` ինչ-որ հանգամանքի շուրջ երկար տարիներ մտածում, ջանք ես թափում, և հանկարծ երևան է գալիս տեսակետդ գլխիվայր շրջող նոր վարկածը: Չեմ սիրում կյանքի հանելուկները լուծել: - Մանկության այն հուշը, որը մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Շատ են և դրանցից ինչ-որ մեկը ճակատագրական կամ բեկումնային դեր չի խաղացել, որ առանձնացնեմ կամ հատուկ նշանակություն տամ: Արմատներով մենք Ղարաբաղից ենք: Մի անգամ գնացինք մեր գյուղի այն մարդկանց տուն, որոնց չէի սիրում: Չգիտեմ ինչու, այդ մարդկանց ներկայությունն ինձ տհաճություն էր պատճառում և նրանց տանը ապրելը աներևակայելի տանջանք էր ինձ համար: Ես չար երեխա էի. վճռեցի ու փախա նրանց տնից` ընդհանրապես գյուղից: Հետո պարզվեց, որ «էքսկուրսիաս» շատ վտանգավոր նախաձեռնություն էր. համարյա ադրբեջանցիների մոտ էի հասել: Դե երեխա էի, ի՞նչ էի հասկանում. աչքս որտեղ կտրել էր, բախտիցս դժգոհ քայլել էի: Ծնողներս անհանգստացել էին, հայրս երկար ինձ էր փնտրել: Մի խոսքով` մեծերին լավ վախեցրել էի:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ