Ուրեմն` կեցցե¯ Հայաստանը


Երաժշտարվեստին հմտանալու նրա նվիրական երազանքը իրականանալու հնարավորություն ստացավ Իրանի կյանքը հիմնովին վերափոխած իսլամական հեղափոխութ յամբ բացված այգաբացից հետո միայն: Իրենց կյանքը Իրանի նոր երաժշտասերնդի կայացմանը նվիրաբերած Վազգեն Օհանջանյանի ու Նվարդ Դումանյանի որդին` Հովիկը, ոչ միայն կողմնորոշեց պատանի Համիդին երաժշտարվեստում բնության կողմից իրեն վերապահված ոլորտի որոնումներում իր առաջին մասնագիտական դասերով, այլև հարստացրեց միտքը` կյանքի համակողմանի ճանաչողության գիտելիքների պաշարից շռայլորեն բաժին հատկացնելով: Հենց նրանից էլ սովորեց հայոց լեզուն ու ծանոթացավ հայկական մշակույթի գանձարանին: Ստեղծագործելու հակումը ծնունդ տվեց բազմաթիվ խոհազգացական բանաստեղծությունների: Ավարտելով Թեհրանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը` 2001-ին ընդունվեց ԵՊԿ ստեղծագործական բաժին, Մարտուն Իսրայելյանի դասարան` զուգահեռ խմբավարական դասեր ստանալով Տիգրան Հեքեքյանից: Աշխատելով «XX դարի ժողովրդական երգերի խմբերգային մշակումները» գիտական թեզի ամբողջացման վրա` Համիդ Ասքարին հընթացս ազատություն տվեց ստեղծագործելու իրենում զսպված տարերքին: Առաջին անգամ նրա անունը հայ երաժշտասեր հանրությունը լսեց անցյալ տարի անցկացված Կամերային երաժշտության I հանրապետական փառատոնի մոտ 30 մասնակիցների` ըստ էության ԵՊԿ ստեղծագործական բաժնի սաների համախմբում` տպավորվելով «Երեք պատկեր» խմբերգով: Եվ ահա, իր երաժշտակրթությունը հովանավորած մեկենասի չընդմիջվող աջակցությամբ, ԵՊԿ ուշիմ սանը առաջին հեղինակային համերգով ներկայանալու պատվին է արժանանում Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հովհաննես Պապիկյանը (հոբոյ) և Վարդուհի Մինասյանը (դաշնամուր) հնչեցնում են 2002-ին գրված նրա Պիեսը` հոբոյի ու դաշնամուրի համար, Աբդոլրեզա Ռոսթամյանը (բարիտոն) կատարում է Օմար Խայամի և Հովհաննես Թումանյանի խոսքերով հորինված երաժշտական քառյակները: Բազմահմուտ խմբավար Ռոբերտ Մլքեյանի գեղարվեստական ղեկավարությամբ կարճ ժամանակում մեծ ճանաչում գտած Հայաստանի պետական կամերային երգչախմբի գունեղ մատուցմամբ Ասքարիի 5 խմբերգերը միանգամայն այլ տպավորություն են ներգործում հանդիսասրահի վրա` մոռացնելով հեղինակի սկսնակութ յան մասին: Նույնպիսի ազդեցություն է ապահովվում օպերայինի սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար` Կարեն Դուրգարյան) կողմից «Դամավանդ-Պերսեպոլիս» 2 պիեսների համար: Եվ հեղինակային երեկոն հասցվում է իր ավարտական ուժգին ակորդին: Հաֆեզի խոսքերի հիման վրա բարիտոնի, խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Կանտատ»-ի կատարմանը միանում է «Ավետիս» կամերային երգչախումբը (խմբավար` Նաիրի Պարտագճյան): Ռոբերտ Մլքեյանի բազմամյա փորձառությամբ մեկտեղված բազմամարդ երաժշտակոլեկտիվը պարզապես հմայում է ունկնդիրներին իր բարձրարվեստ վարպետությամբ` կիզակետին հասցնելով Համիդ Ասքարիի խանդավառ հուզմունքը, մղելով պաթետիկ խոստովանության. «Այս ամենը կատարվեց 7 տարվա ընթացքում, այս սուրբ հողի վրա, ուրեմն` կեցցե Հայաստանը»: Կատարելագործելով իր մասնագիտական կարողությունները` նա, կարծում եմ, կդառնա արժանի շարունակողը առաջին ուսուցչի` Հովիկ Օհանջանյանի երաժշտանպաստ գործունեության` ջանասիրաբար ամրապնդելով նաև երկու հարևան ժողովուրդների բարեկամությունը մշակույթի մտերմացնող ուԺով: