XXI դարի հորիզոններում


Գիշերային արտասովոր իրարանցում էր Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում: Պետական ներկայացուցչական բացօթյա հանդիսասրահում շուրթից շուրթ էր փոխանցվում արտառոց թվացող հավաքի խորհուրդը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «21-րդ դարի հորիզոններ. թանգարանները նոր այցելուների փնտրման ճանապարհին» ծրագիրը, կյանքի կոչվելով ՀՀ մշակույթի նախարարության կողմից, խոստանում էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի նկատմամբ մասսայական հետաքրքրությունը սրել ողջ տարածքի ռադիոֆիկացմամբ ու տաճարի շուրջ տեղադրված գեղարվեստական լուսավորման համակարգով: Տեխնիկական արդիաշունչ այս հնարքներով այսուհետ երեկոյան ժամերին ազգային ոգուն համահունչ երաժշտության ուղեկցությամբ շուրջ 16 մլն գուներանգների հերթագայությունը նորովի ուշագրավ կդարձնի I դարում կառուցված քարակերտ հրաշքը, պատմաճարտարապետական բացառիկ արժեքավորության վրա կկենտրոնացնի Երկիր մոլորակի վրա սփռված XXI դարի քաղաքացիների ուշադրութ յունը: Չաղավաղելով բնության ու մարդու ստեղծագործությամբ պատմականորեն ձևավորված ներկայիս միջավայրը` արգելոց-թանգարանի տարածքում անցկացվելու են ընդհանուր ներդաշնակությանը հարիր մշակութային միջոցառումներ. դասական և հոգևոր ազգային երաժշտությունն ու երգարվեստը հանրաճանաչող համերգներ, ազգագրական տոների թատերականացված հանդիսություններ… Ապրիլմեկյան ոգով մտահղացված առաջին թատերածեսի անսովոր մթնոլորտում հայտնված հանդիսատեսը, սառնաշունչ գիշերաժամին կափկափելով, անքթիթ հետևում է Գառնու տաճարի գլխավոր դերակատարությամբ ծավալվող ներկայացմանը: Իր գրողական երևակայության քուրայում թրծելով տաճարի հարևանությամբ կառուցված բաղնիքի հանդերձարանի հատակի 15 գույնանի խճանկարում պահպանված «ոչինչ չստանալով աշխատեցինք» գրությունը` սցենարի հեղինակ Հովհաննես Թեքգյոզյանը հումորախառն իմաստավորում էր գտել տաճարի կառուցման առասպել դարձած պատմության համար: Հնամենի օրերի խորհրդավորության շղարշից ազատագրված իր վարկածը, ըստ երևույթին խճանկարի վրա պահպանված տղամարդու և կնոջ կիսանդրիների ծովածին պատկերի ներշնչանքով, զարգացնելով սիրո հենքի վրա: Մեկտեղելով «Միհր» ժամանակակից պարի թատրոնի (գեղ. ղեկավար` Ցոլակ Մլքե-Գալստյան) ու Կամերային թատրոնի արտիստների, Նորքի Հայորդյաց տան 2 պարախմբերի սաների կատարողական ներուժը իր բեմադրական մտահղացման իրականացման տիրույթում` Գրիգոր Խաչատրյանը ջանք չէր խնայել գիշերային տարատեսակ հանդիսատեսին Թեքգյոզյանի նորահնար վարկածի մերօրյա գրավչությամբ հմայելու համար: Ստեղծագործական ողջ խումբը, իր հերթին, խանդավառ ակտիվությամբ էր կենդանացնում հանպատրաստից հորինված այս պատմությունը` ներկաներին պատկառանք ներշնչելով մասնակցության պատրաստակամ պատասխանատվությամբ: Ընդհանուր տպավորությունը, ըստ իս, լիովին կարդարացներ փայփայված ակնկալությունները, եթե հաղորդավարի դերը ստանձնած Հրանտ Թոխատյանը հեղինակային տեքստը մատուցեր իր «Այբբենարանի» հերթական դասի պարզունակ անմիջականությանը հարիր հավակնոտության հնչերանգներից հնարավորինս թոթափված: Ինչևէ: Առաջիններին, գուցե, չպետք է խիստ դատել`մշակութային ժամանցին բարձր արվեստի պահանջներ ներկայացնելով: Կարևորը, այս պարագայում, կազմակերպվելիք միջոցառումներով Հայաստանի բնակչության ու այլազգի զբոսաշրջիկների համար Գառնու նկատմամբ հետաքրքրությունը մշտապես պահպանելն է:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ