Խղճի և օրենքի խաչմերուկում


«Խիղճը օրենքների օրենքն է» Գաղտնիք չէ, որ շարունակական թանկացումներից զատ` սպառողներին մտահոգում է նաև մանավանդ սննդամթերքի որակական հատկանիշների պահպանման կասկածելիությունը: Ցավալի է, բայց փաստ, որ հաճախ չեն պահպանվում տարրական չափանիշներն անգամ, ու չգիտենք, թե խանութից գնված մթերքի օգտագործումն ինչպիսի ազդեցություն կունենա օրգանիզմի վրա: Զորօրինակ` տեղական արտադրության հավկիթի կամ պաղպաղակի պարագայում` կարծես թե գինաչափ է դարձել պիտանելիության ժամկետի մակնշման բացակայությունը: Այնինչ դրա առկայությունը սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի պահանջն է, քանզի նաև սննդի թարմությունից է կախված թունավորման հավանականությունը: Մինչդեռ սպառողի, առողջությունը վտանգելու հաշվին եկամուտ ապահովելը սովորական գործելակերպ է դարձել արտադրողների համար: Դժբախտաբար` այս իրողությունը նորություն չէ մեզանում: Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես փաստում է. - Սննդամթերքի անվտանգության մտահոգությունը մեր երկրում միշտ օրակարգային է եղել, և այսօր էլ չի կարելի ասել, որ մենք ունենք գոհացուցիչ կամ բավարար մակարդակ` սննդամթերքի անվտանգության առումով: Շատ դժվար է մեր շուկայում որոնել և գտնել թեկուզ մեկ ձու, որը պատշաճ մակնշված կլինի: Անցած տարի հետաքրքր վեցինք պաղպաղակի հարցով, որի հիմնական սպառողը մանուկներն են: Բայց այդպես էլ չհաջողվեց գտնել պաղպաղակի գեթ մեկ նմուշ, որի վրա գրված լիներ, թե երբ է այն արտադրվել, և որքա՞ն է դրա պիտանելիության ժամկետը: Այս թվարկումը կարելի է շարունակել: Մենք օրենքների կամ նորմատիվների պակաս չունենք, բայց վերահսկո ղությունը խիստ կաղում է: Երկու արտադրատեսակների խնդիրները միաժամանակ նորից ներկայացրել ենք Գյուղատնտեսության նախարարության սննդի տեսչություն, և ստացել ենք հավաստիացումներ, թե շուտով կսկսվի այդ շուկաների մոնիտորինգն ու վերահսկումը` մեր մասնակցությամբ: Իհարկե, առևտրի բնագավառում ուրախալի առաջընթաց կլինի պարտադիր մակնշումը թղթի վրայից նաև իրականության դաշտ տեղափոխելը, սակայն մեր ձեռներեցների շահադիտական հնարամտությունը անօրինակ ճկունությամբ է օժտված, և վերջիններից առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի` պիտանելիության սահմանը չանցած մակնշում ունեցող փաթեթավորմամբ ժամկետանց ապրանք մատակարարել: Խնդիրն այն է, որ խաբեության ախտի հետ զարգանում են նաև բացահայտումից պաշտպանվելու միջոցները: Բացի այդ եղանակը տաքանալուն պես նորից երևանյան բանուկ փողոցներում հայտնվում են այսպես կոչված «լցնովի» պաղպաղակի վաճառակետերը, ինչը նույնպես չի համապատասխանում բացօթյա առևտրի մասին օրենքի պահանջներին: - Իհարկե, կան թաքցնելու, կեղծելու ավելի խրթին ձևեր: Պատահել են դեպքեր, երբ փորձել ենք ճշտել ինչ-որ երկրից ներկրված սննդամթերքի` քաղցրավենիքի ծագումը, և պարզել, որ այդ երկրում նման ձեռնարկություն չկա: Երաշխիք չկա: Երաշխիքը մեր հետևողականությունն է: Փողոցում կարելի է վաճառել մաստակ, թերթ և ծաղիկ: Առողջության տեսանկյունից այդ պաղպաղակի վտանգի աստիճանն ավելի բարձր է: Մարդիկ պետք է իմանան, որ եթե սնունդը ժամկետանց է կամ հիգիենիկ պայմաններում չի արտադրված, այն միանգամից չի սպանում: Հետևանքներ է ունենում, որոնք հետագայում արտահայտվում են լյարդի, ստամոքսի, աղիների և այլ օրգանների անկանոն աշխատանքով,- պարզաբանում է սպառողների իրավունքների պաշտպանը: Թեև մեր որոշ ձեռներեցների ինքնակամ բարեխղճության հետ հույսեր կապելն անիրատեսական լավատեսություն է ընդամենը, այդուհանդերձ հարկ է նրանց վերստին հիշեցնել` «Ամենահանգստավետ բարձը խիղճն է»:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ