Գահի և աթոռի արանքում


Թեև քաղաքապետի սպասվող ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը որոշ չափով անսպասելի էր, այդուամենայնիվ, ակներև էր, որ դա ներքաղաքական խժդժությունները թարմացնելու միջոց է: Որ ՀՀ առաջին նախագահի քաղաքապետ դառնալը մշտաբողոք ՀԱԿ-ի բուն նպատակը չէ` հուշում են մի քանի հանգամանքներ: Նախևառաջ, եթե իհարկե տվյալ քաղգործչին դույզն ինչ հուզում է սեփական հեղինակությունը, երկրիս գահի համար պայքարում ձախողվելուց հետո Տեր-Պետրոսյանի պես թրծված գործիչը նոր փորձության չէր ենթարկի իր վարկանիշը` աթոռի համար: Այդ վարկածն անիրատեսական է նաև այլ առումով. ենթադրենք` ինչ-որ հրաշքով ՀԱԿ-ը հաղթում է, և ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Լ. Տեր-Պետրոսյանը քաղաքապետ է ընտրվում… Ինչպե՞ս է նա աշխատելու իր իսկ որակած «հանցագործ, ավազակապետական» իշխանությունների հետ: Ավելին, արմատականները բազմիցս հայտարարել են, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում է միայն հնարավոր: Մինչդեռ այդ` քաղբանտարկյալ կոչվածներն իրենք էին ամեն կերպ խոչընդոտում դատընթացները` տպավորություն ստեղծելով, թե ջանում են երկար մնալ նախնական կալանքի տակ: Պարզապես տերպետրոսյանական թիմը քաղաքականապես իրեն սպառելու վտանգի առջև էր կանգնած, քանի որ արդեն 2008 թ. առաջին երեք եռամսյակների նման ժողովրդի քաղաքական հետաքրքրությունների առանցքում չէր: Եվ այս ընտրությունները շատ հարմար առիթ են` երկրի ներքաղաքական լարումների ղեկը կրկին իրենց ձեռքն առնելու. հետընտրական արդյունքից հետո առնվազն վեց ամիս էլ դրանց կեղծվածության մասին կհայտարարեն, մինչև համանման տրամաչափի ինչ-որ նոր իրադարձություն: Ահավասիկ, արդեն իսկ «ահազանգում» են հնարավոր կեղծիքների մասին` նույնիսկ տոկոսներ հիշատակելով: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նշում է. - Բոլորի համար ակնհայտ է, որ թե° անցյալ տարի, թե° հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը ունի ջախջախիչ մեծամասնություն, ձայների անհամեմատելի առավելություն: Իմ անձնական համոզմամբ` զուտ ինտուիտիվ, այսօրվա դրությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը 75 %-ից ավել ունի: Իշխանությունները մոտավորապես այսպես են հաշվում. մի 30 % բացակայում է` այդ մեր ձայներն են, մնում է մի 21 % էլ կեղծենք, կունենանք 51 %: Ուրիշ ոչինչ չունեն. մեռած հոգիներ, բացակայող քաղաքացիներ, դպրոցների, մանկապար տեզների աշխատակազմի «զորահավաք»: Մենք պայքարում ենք այլանդակությունների, հանցագործությունների դեմ, և այս ընտրությունները համարենք, որ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ինչ-որ ձև է: Չի բացառվում, որ այս «եզրահանգում-նախազգուշացումը» սեփական փորձից ելնելով է` իրենց իսկ իշխանության տարիներին կիրառած տեխնոլոգիաներից բխող մտահոգություն: Իրենց սեփական հնարավորությունը լավ գիտենալով` ավելի «իրատեսորեն» են կանխատեսում ստանալիք քվեների չափը: Եվ, իհարկե, դեռևս կայանալիք «ընտրասցենարն» իրենց դիտանկյունից ներկայացնելով` ապավինում են ժողովրդի դյուրահավատ մասի վստահությանը: