Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով և շնորհավորում կանանց ու մայրերին` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Փրկչի ծննդյան ավետումը Սուրբ Աստվածածնին` աշխարհի փրկության աստվածային խոստումի բարի լուրն էր, վկայությունը Բարձրյալի անսահման սիրո ու խնամքի մարդկության հանդեպ: Սուրբ Աստվածածինը օրինակ է առաքինության, բարեպաշտության, առ մարդիկ սիրո ու նվիրումի: Թող Աստվածամոր լուսավոր կերպարը այսօր և միշտ ոգեշնչի և առաջնորդի կանանց` ապրելու առ Աստված հավատքով, ծառայելու մեր երկրի առաջընթացին, ընտանիքների բարօրությանն ու ամրությանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ հավատավոր մեր ժողովրդի, Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու: Աղոթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի տիկնանց և օրիորդաց` Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պարգևելով երջանկություն և բյուր բարիքներ, և Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Տիրոջ օրհնությունը առատ արգասիքներ բերի մեր կյանքում, համայն աշխարհում: