Մտորելու հրամայականը


Թուրքիայի պաշտոնատար անձինք մինչ օրս երկու անգամ են այցելել Հայաստան: Առաջին այցը խորհրդային տարիներին էր` 30-ական թվականներին: Այն ժամանակ թուրքերը Երևան էին եկել ճանաչողական նպատակներով. նրանց այցի մասին հասարակությունը չտեղեկացվեց: Իսկ անցյալ տարվա աշնանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու` Սերժ Սարգսյանի առաջարկ-հրավերով Գյուլի` Երևան ժամանելու օրվանից Թուրքիայում և Հայաստանում սկսեցին խոսել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին: Եվ անգամ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը պատճառ չդարձավ, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունից դուրս մնան երկու երկրների հարաբերություններում առկա զարգացումները: Դրան նպաստեցին նաև Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին Բարաք Օբամայի նախընտրական հավաստիացումները, Կովկասում համագործակցության, անվտանգության հարթակ ստեղծելու` Թուրքիայի առաջարկը: Այս ընթացքում մամուլում (ևþ Հայաստանյան, և° արտասահմանյան) բազմաթիվ հրապարակումներ եղան հայ-թուրքական հարաբերությունների թեմայով: Հատկապես ամերիկյան տպագիր լրատվամիջոցնե րում տեղ գտած հոդվածները ողողված էին լավատեսական վերլուծություններով, որոնցով վկայակոչվում էին թուրքական աղբյուրները: Հետաքրքիրն այն էր, որ թուրքական մամուլում խոսվում էր հայ-թուրքական ինչ-որ բանակցությունների մասին, ասվում էր, թե դրանք գաղտնի են ընթանում հատկապես հայկական կողմի պահանջով: Տարօրինակն այն է, որ այդ բանակցությունների գոյության մասին հայ հասարակությանը ոչինչ հայտնի չէր, չգիտեին նաև Հայաստանի պաշտոնատար անձինք: Այս ամենը վկայում է, որ արտասահմանյան մամուլում առկա վերոհիշյալ հրապարակումները զուտ երրորդ երկրի վարկանիշը բարձրացնող քարոզչական բնույթ ունեին: Միացյալ Նահանգները մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հաշտեցման, սահմանի բացման օգտին և հատկապես Անկարա Օբամայի այցին նախորդող ժամանակահատվածում ամերիկյան մամուլում երկու դրկիցների հարաբերությունների թեմայով հրապարակումների երևան գալը տարօրինակ չէ: Օբամայի այցի ընթացքում չէր կարող շրջանցվել նաև Աֆղանստանի խնդիրը, դրա շրջանակներում` Թուրքիայի ռազմակայաններից Միացյալ Նահանգների զինուժի օգտվելու հարցը: Եվ այստեղ է, որ Թուրքիան կարող է առևտուր առաջարկել ԱՄՆ-ին` խաղարկելով Հայաստանի հետ հարաբերությունների թնջուկը: Այս տրամաբանության շրջանակներում է դիտվում այն, որ վերջերս ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկի հրապարակման մեջ նշվում էր, թե ուր որ է կբացվի հայ-թուրքական սահմանը, իսկ նախագահ Գյուլի ինտերնետային կայքում ասվում էր, թե հայ-թուրքական հարաբերություն ների բարելավման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Անկարայում Օբամայի այցին նախորդող հակաամերիկյան բողոքի ցույցը նույնպես պատահականություն չէր: Ինքնին հասկանալի էր, որ այն կազմակերպվել էր, եթե ոչ իշխանությունների պատվերով, ապա նրանց լուռ համաձայնությամբ կամ աջակցությամբ: Դրանով, պաշտոնական Անկարան հող էր նախապատրաստում Օբամայի այցի ընթացքում Աֆղանստանի հարցը քննարկելիս սակարկելու համար: Հատկանշական է, որ հիշյալ ցույցն ընթանում էր «Ոչ մի զինվոր Աֆղանստանին» վանկարկումներով: Ինչպես տեսնում ենք, Թուրքիան լրջորեն պատրաստվում է օգուտներ քաղել ստեղծվող աշխարհաքաղաքական նոր իրավիճակներից: Եվ չի բացառվում, որ Ապրիլի 24-ից հետո Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը վերստանա իր նախկին կոշտ ու անզիջում դեմքը: Մտահոգիչն այն է, որ մեզանում դեռ կան միամիտներ, որոնք կարծում են, թե հայ-թուրքական սահմանի բացումը կարող է միայն նպաստավոր նշանակություն ունենալ Հայաստանի տնտեսության համար: Իհարկե, բոլոր առումներով ճիշտ չէ 21-րդ դարում փակ պահել երկրի սահմանները: Բայց սահմանը բացելուց առաջ հարկավոր է դրա համար օրենսդրական հենք ստեղծել: Ակներև է, որ 88-ի թավշյա հեղափոխությունից, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը թե° տնտեսապես, թե° բարոյահոգեբանական արժեքների առումով մեծ կորուստներ է ունեցել, իսկ Թուրքիան այս ընթացքում զարգացել է: Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը կարող է դիմակայել Թուրքիայի տնտեսական էքսպանսիային` սահմանի բացման դեպքում: Այսօր արդեն մեր շուկաներում բողոքում են, որ թուրքական լոլիկն ավելի էժան է տեղականից: Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է` դրանից բխող լավ ու նաև վտանգավոր հետևանքներով… Մի խոսքով, սահմանի բացման հնարավորության մասին տարածվող լուրերով ոգևորվելուց առաջ, արժե մտածել մեր օրենսդրությունը դրան նախապատրաստելու մասին…

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ