ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ


Անցյալ շաբաթ Ուկրաինայի խորհրդարանի` Գերագույն Ռադայի լիագումար նիստում, որին մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվել էին ընդդիմադիր Տարածաշրջանների կուսակցության անդամ բազմաթիվ պատգամավորներ, իր ամենամյա ավանդական և պաշտոնավարման այս շրջանի համար վերջին ուղերձով հանդես եկավ նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Ռուսական հեռուստաալիքների փոխանցմամբ` նախագահը նախ վերլուծեց աշխարհում և երկրում ստեղծված իրավիճակը, ընդսմին, չմոռանալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով կոնկրետ Ուկրաինայում ստեղծված ծանր վիճակի ամբողջ պատասխանատվությունը դնել վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կառավարության վրա, ապա շարադրեց ճգնաժամի հետևանքները հաղթահարելու սեփական պատկերացումները: Դրանց մեջ սկզբունքային նշանակություն ուներ հատկապես մեկը` նախագահը խորհրդարանին առաջարկեց երկրի Սահմանադրության իր տարբերակը, խնդրելով «դրա քննարկմանն անցնել առաջնահերթության կարգով»: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նախագահը շրջանառության մեջ դրեց ոչ թե սահմանադրական բարեփոխումների փաթեթ, այլ` միանգամայն նոր սահմանադրության նախագիծ: Համաձայն այդ նախագծի, նախագահն առաջարկում էր երկրի օրենսդիր մարմնի միանգամայն նոր կառուցվածք` անցում երկպալատ պառլամենտի, ինչպես, օրինակ, Ռուսաստանում է: Ընդսմին, ստորին պալատին վերապահելով կառավարություն կազմելու և կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, տարեկան մեկ անգամ գործադիր մարմնի հաշվետվությունները լսելու, կառավարությանը վստահություն կամ անվստահություն հայտնելու գործառույթ: Շատ վերլուծաբանների կարծիքով` նախագահն իր այս նախաձեռնությամբ անակնկալի բերեց ոչ միայն Գերագույն Ռադայի պատգամավորներին, այլև ողջ ուկրաինական հասարակությանը: Ո՞րն էր այս քայլի ներքին զսպանակը: Հավանաբար այն, որ Վիկտոր Յուշչենկոն ամենևին մտադիր չէ իր լիազորությունների ավարտից հետո կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Երևի ինքն էլ խիստ կասկածում է, թե նախագահական նոր ժամկետի համար պայքարում կկարողանա հաղթանակի հասնել: Սակայն չէի ցանկանա տպավորություն առաջանար, թե Յուշչենկոն առաջնորդվում է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով: Չնայած նրա հասցեին ամեն տեսակ լուտանքների հեղեղը երբեք չի պակասել, սակայն անձամբ ես միշտ միամիտ մի հավատ եմ ունեցել Ուկրաինայի ներկայիս նախագահի պարկեշտության, պետության շահը իր համար գերակա համարելու նրա վարվելակերպի նկատմամբ: Որ դա այդպես է` երևաց նաև նրա ուղերձի այն հատվածից, որը նվիրված էր Ռուսաստանի հետ Ուկրաինայի հետագա հարաբերություններին: Ոչ մի տարակույս լինել չի կարող, որ Վիկտոր Յուշչենկոն, մեղմ ասած, ռուսներին չի սիրում: Նրա քաղաքական վարքագծում երբեմն չափազանց վառ են արտահատվել ռուսաֆոբիայի դրսևորումները: Սակայն, ինչպես վայել է իր երկրի շահերով, և ոչ թե զգացմունքներով առաջնորդվող պատասխանատու պետական գործչին, Յուշչենկոն ուղերձում հատուկ ընդգծում էր, որ «Ուկրաինան պարտավոր է նորմալ-բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»: Հետաքրքիր էր մի այլ հանգամանք ևս: Ուկրաինական նարնջագույն հեղափոխության նորօրյա Ժաննա դը Արկը` վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ուղղակի հայտարարեց, թե «ինքն այլևս նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունի և պատրաստ է նրա հետ ձեռք-ձեռքի աշխատել հանուն Ուկրաինայի ապագայի»: Վարչապետ Տիմոշենկոյի այս մետամորֆոզն էլ կարելի է բացատրել այն հանգամանքով, որ չնայած Յուշչենկոն անցյալ շաբաթ դարձյալ քարեր էր նետում վարչապետի բոստանը, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը նախագահին ու վարչապետին դարձյալ կանգնեցրել է միևնույն լծասարքում հայտնվելու պարտադրանքի առաջ: Նկատի ունեմ «Տարածաշրջանների կուսակցության» հրահրմամբ Ուկրաինայում սկսված նոր շարժումը, որը կոչվում է «Կորեք բոլորդ»: Այդ շարժման կողմնակիցները այժմ պահանջում են և° նախագահ Յուշչենկոյի, և° վարչապետ Տիմոշենկոյի հրաժարականները` հավասարապես: Եվ այդ նոր շարժումը, հավանաբար, ահագնանալու և հաջողության հասնելու որոշակի շանսեր ունի: Ինչպես ամենուրեք, այնպես էլ Ուկրաինայում ծանր տնտեսական պայմաններում հայտնված մարդկանց դժգոհությունն ու զայրույթը շատ հեշտ է ուղղել իշխանությունների դեմ: Բավական է մի կայծ, որ Կիևի «Մայդան» հրապարակը նորից փոթորկվի, երկրում սկսվի նոր հեղափոխություն: Իսկ այդ նոր հեղափոխության սուր ծայրն, անտարակույս, ուղղված է լինելու թե նախագահի, թե վարչապետի դեմ: Ահա, այդ միասնական և առայժմ պոտենցիալ թշնամու` կրկին հեղափոխականացող զանգվածների հնարավոր ճնշումներին միասնաբար դիմակայելու պարտադրանքն է, որ կրկին մեկ լծասարքի մեջ հայտնվելու անհաճո փաստի առաջ է կանգնեցրել նախագահ Յուշչենկոյին և վարչապետ Տիմոշենկոյին: Արդյո՞ք շատ ուշ չէ: Նարնջագույն հեղափոխության երբեմնի երկու առաջնորդների միջև անջրպետը շատ-շատ է խորացել, վարչապետն ու նախագահը միմյանց հասցեի չափազանց շատ և չափազանց ծանր մեղադրանքներ են շպրտել: Նույնիսկ երկուսին էլ հավասարապես սպառնացող վտանգը հազիվ թե կարող է լիովին մոռացնել տալ այդ փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները: Որ դա այդպես է, երևաց նաև Գերագույն Ռադայի խնդրո առարկա նիստում, ուր վարչապետ Տիմոշենկոն ու նրա կողմնակից պատգամավորները անթաքույց հասկանալ տվին, թե իրենք չեն պաշտպանի նախագահ Յուշչենկոյի առաջարկած սահմանադրության նոր նախագիծը: Մեկ օր անց Գերագույն Ռադան ձայների ջախջախիչ մեծամասնությամբ, այդ թվում Յուլյա Տիմոշենկոյին սատարող պատգամավորների ձայներով, այս տարվա հոկտեմբերին, ոչ թե նախագահի ցանկացած եկող տարվա հունվարին նշանակեց գալիք նախագահական ընտրությունները: Նախագահը մտադիր է բողոքարկել խորհրդարանի այդ որոշումը սահմանադրական դատարանում: Ինչու՞: Դա նրան ի՞նչ կտա: Թերևս, մի կարճ ժամանակով օգնի շեղել հասարակության ուշադրությունը նախագահի և վարչապետի հրաժարականների պահանջից: Այժմ ներքին խնդիրներից թեկուզև մի պահ ժողովրդի ուշադրությունը շեղելու, ժամանակ շահելու հրամայականը ոչ միայն Ուկրաինայի, այլև շատ այլ երկրների կառավարությունների առջև է կանգնած: Հանուն ժամանակ շահելու` ոչ միայն Յուշչենկոն ու Տիմոշենկոն, այլև շատ ուրիշներ կհամաձայնեն թաշկինակն առած շուրջպար մտնել, միայն թե…ծափ տվողներ լինեն

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ