Առկա են և° առիթը, և° պատճառը


Միգուցե տնտեսական ճգնաժամի բացակայության պարագայում դրամի արժեզրկումը, զուտ անձնական շահախնդրությունից ելնելով, հանրության առանձին շրջանակների շահերից բխեր, ու, ինչպես հաճախ է պատահում, արտարժույթի շուկայում տեղի ունեցած ցնցումից ոմանք միլիոններ վաստակեին… Միգուցե: Բայց այս անգամ այնպես ստացվեց, որ «սև երեքշաբթիից» տուժեցին բոլորը` բացառությամբ, թերևս, նրանց, ովքեր մարտի 3-ի նախօրեին փողային սպեկուլյացիաների արդյունքում հաջողեցրին մի քանի միլիոն «վաստակել»: Սա էլ, անշուշտ, կարճաժամկետ ներգործությամբ չհայտարարված «գործարք» էր, և ամեն ինչ մարտի 3-ով էլ վերջացավ: Հետևանքներն են, որ դեռ երկար են շարունակելու վնասել երկրին ու հասարակությանը: Եվ այն, ինչը դեռ մի քանի շաբաթ առաջ ընդամենը կանխատեսումների շրջանակներում էր, ներկայումս արդեն չոր վիճակագրության տեսքով է մեզ հրամցվում: Այսպես, Կենտրոնական բանկի տվյալներով` այս տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկիր ներթափանցող մասնավոր տրանսֆերտների կամ այլ կերպ ասած դրսից ուղարկվող փողի ծավալը շուրջ քսան տոկոսով նվազել է: Այսքանը` միայն պաշտոնական տվյալներով, որոնք, սովորաբար, ամբողջական չլինելով, լավատեսական են թվում և արդյունքում իրական պատկերն այդպես էլ չեն ամբողջացնում: Հերիք է միայն հաշվի առնել մասնավոր ճանապարհներով, այսինքն առանց բանկային համակարգի օժանդակության փող փոխանցելու մյուս հայտնի ու անհայտ ճանապարհների առկայությունն ու այդ «խողովակների» միջոցով տեղ հասնող գումարների ծավալների նվազումը, և իրավիճակը շատ ավելի լավ կպատկերացնենք: Ասել է թե, մասնավոր տրանսֆերտների ծավալը կիսվել է, սակայն սրանով հանդերձ` որքան պակասում է դրամի (կամ ավելի ճիշտ ներկրվող դոլարի) ծավալը, այնքան գնաճն ավելի մեծ թափ է հավաքում: Եվ իրոք, ճգնաժամի «արտահայտչաձևերը» ամենուր տարբեր են… Համենայն դեպս լրատվամիջոցները մեզ շարունակաբար ներկայացնում են, թե աշխարհը համակած նոր դժբախտությունը ամենուր լճացում է առաջացրել, և զանազան ապրանքներ արտադրող ու կործանման շեմին հայտնված ընկերությունները ստիպված իրական ու զգալի զեղչեր են հայտարարում: Թեպետ գնանկումն էլ չի հարթում իրավիճակը, այնուամենայնիվ, աշխարհում ընդունված է դարձել բիզնեսի նշված տարրական նորմի կիրառումը: Մինչդեռ մեզանում անգամ դոլարի արժևորման պարագայում որևէ մեկն այդպես էլ զեղչերի (իրական) կիրառման մասին մտածել անգամ չցանկացավ: Ու որքան էլ զարմանալի լինի, տնտեսվարողները խոստովանում են, թե իրենց համար նախընտրելի է ներկրված ապրանքներն այդպես էլ պահեստներում թողնել, քան դրանց գինը նվազեցնել կամ գոնե պահպանել: Չնայած ինչի՞ մասին կարող է խոսք լինել, եթե ոչ հեռու անցյալում, երբ դրամը զգալիորեն արժևորվում էր, և ըստ էության հակառակ գործընթացն էր տեղի ունենում, գնաճը թեև անհամեմատ դանդաղ տեմպերով, բայց իր հաղթարշավը դարձյալ շարունակում էր: Իսկ ներկա իրավիճակում, երբ թանկացումների պայմանական հիմնավորումներն ավելի «հավատընծա» կարող են լինել, փաստորեն առկա են և° առիթը, և° պատճառը… Ահա թե ինչու է ցանկացած գնապիտակ այդչափ հեշտությամբ փոխարինում նախորդին: Ահա թե ինչպես է ստացվում, երբ մեծ ու փոքր խանութներում վաճառողը ոչ այնքան իր հիմնական գործով` ապրանք տրամադրելով ու գումար վերցնելով է զբաղված, այլ նոր գնապիտակներ պատրաստելով ու տեղադրելով: Ու թեթև ձեռքով շարունակաբար վերանայվող գներն ակնհայտորեն այնպիսի ծանր հետևանքներ են առաջացնելու, որոնք մեծ դժվարությամբ են հաղթահարվելու կամ էլ այդպես էլ չլուծված են մնալու: Ի վերջո, ինչպես է լինում, որ ամեն մի նոր օր հատկապես գնաճով է նշանավորվում: Եթե միայն վերջին մեկ ամիսը դիտարկենք, ապա «լավագույն» դեպքում թանկացում ների երկու հիմնապատճառ կարող ենք մատնանշել` «սև երեքշաբթին» և ապրիլի 1-ը: Որքան էլ այդ օրերը մեր հիշողություններում անջնջելի հետքեր թողած լինեն, այնուամենայնիվ, վերհիշենք, որ մի դեպքում դոլարն արժևորվեց, երկրորդ դեպքում գազն ու էլեկտրաէներգիան թանկացան: Բայց նշված ժամանակատվածն ընդգրկող բոլոր երեսուն օրերն էլ գնապիտակափոփոխությամբ են առանձնացել: Ընդ որում, եթե նշված երկու գործոններն էլ ամենալուրջ ու համատարած ազդեցությունն ունենային գների վրա, միևնույն է, անհնարին էր, որ ամեն ինչ թանկանար ու թանկացումներն էլ այսքան համատարած լինեին: Այնպես որ, չարժե ամեն ինչ ճգնաժամի առկայությամբ, ազդեցությամբ ու ներգործությամբ պայմանավորել: