ԳՅՈՒՄՐԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՆԱՊԱՏ ՉԷ


Այս օրերին արվեստասեր շատ գյումրեցիների խոսակցության գլխավոր թեման առնչվում է Մինաս Ավետիսյանին: Ավելի ճիշտ` Մինասի որմնանկարներին: Նշանավոր նկարիչը Գյումրու մի շարք արտադրական ձեռնարկություններում ստեղծել էր որմնանկարներ, որոնք նրա ստեղծագործության անկապտելի մասը դարձան, ազգային գեղարվեստը հարստացրեցին որմնանկարների մինասյան ընկալումներով: 1988-ի երկրաշարժից հետո շատ ձեռնարկություններ փլուզվեցին` վտանգելով որմնանկարները: Դրանցից մեկը ժամանակին տեղափոխվեց Վարդան Աճեմյանի անվան թատրոնի ճեմասրահ` հասանելի դառնալով բոլորին: Տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ շոշափվեց որմնանկարների հարցը, բազմաթիվ որոշումներ կայացվեցին, որոնցում «կարմիր թելի նման» անցնում էր այն միտքը, որ այդ գլուխգործոցները մարզի ու քաղաքի սեփականությունն են, նրանց հարստությունը: Ջաջուռում է գործում Մինասի տուն-թանգարանը, իսկ նկարիչն իր նախնական կրթությունն ստացել է Գյումրու նկարչական դպրոցում: Հետևաբար հենց այստեղ էլ պիտի մնային նրա որմնանկարները` այսպես նաև Գյումրին հռչակելով մինասյան արվեստի կենտրոն: Սակայն գտնվեցին պաշտոնյաներ, ովքեր Գյումրին հոգևոր անապատ հռչակելով` սկսեցին դուրս տանել որմնանկարները` դրանցից երկուսով զարդարելով Կառավարության ճեմասրահները: Արվեստը ցուցադրություն է պահանջում, դիտողների հետ մշտական շփումներ է պահանջում, մինչդեռ ոմանք փառասիրությունից դրդված` մինասյան աշխատանքները պարփակեցին Կառավարության ներսում` չհասկանալով, որ այսպես նրանք յուրովի բանտարկում են որմնանկարները, կտրում նրանց և արվեստասերների միջև կապը: Ավելին, դատարկում են Գյումրին, արվեստների ոստան հանդիսացող քաղաքը զրկում իր հարստություններից: Իսկ մինասյան որմնանկարներն առաջին հերթին քաղաքի ու նրա բնակիչների սեփականությունն են: Չբավարարվելով արդեն կատարվածով, այսօր էլ ոմանք կամենում են Մինասի որմնանկարների համար աճուրդ կազմակերպել: Ասենք, «Զվարթնոց» օդակայանի սեփականատերերն արդեն պատրաստ են մասնակցել աճուրդին և ձեռք բերել ազգային որմնանկարչության նոր գլուխգործոցները` դրանցով զարդարելով օդակայանը: Հատկապես աճուրդի գաղափարը զայրույթի նոր ալիք է բարձրացրել քաղաքում, խորացրել ատելությունը մայրաքաղաքաբնակ պաշտոնյաների հանդեպ, ովքեր դեռ աղետի հետևանքները չթոթափած քաղաքը հիմա էլ դատարկում են գեղարվեստական ժառանգությունից: - Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի այդ որմնանկարները մնան Գյումրիում, դառնան նրա կենսագրության մի մասը: Աճուրդի հետևանքով ոչ միայն Գյումրին, այլև հայ մշակույթը կարող են շատ բան կորցնել: Ի՞նչ իմանանք, որ սեփականատեր դարձածները վաղն էլ այդ աշխատանքները չեն տանի երկրից,- ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը: Ինչպես տեղեկացանք, այժմ Գյումրիում հանրային շարժում է ձևավորվում, որի նպատակն է լինելու ջանքեր գործադրել` մինասյան գլուխգործոցները քաղաքում պահելու համար: Եթե հայրենի ունևորները, գյումրեցի օլիգարխները չօգնեն որմնանկարների պահպանման համար համապատասխան տարածքներ ձեռք բերելու հարցում, ապա գյումրեցի արվեստասերները պատրաստ են դիմել ողջ աշխարհի հայությանը` ակնկալելով նրանց աջակցությունը և դատապարտելու իշխանությունների անխոհեմ նախաձեռնությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ