ՏԱՇԻՐՅԱՆ ԳԱՎԱՌԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ


Մենք կարող էինք «Տաշիր-2011» մրցանակաբաշխությանն անդրադառնալ երեք օր առաջ, սակայն, միտումնաբար, ուշացրեցինք հրապարակումը` սպասելով «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի կոչի ճակատագրին: Ինչպես գիտենք, տաշիրյան բնակարանաբաշխությունից անմիջապես հետո վերոնշյալ ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը հանդես էր եկել կոչով` առաջարկելով հայկական շոու-բիզնեսի աստղերին` Սամվել Կարապետյանից ստացած իրենց բնակարանները հանձնել աղետի գոտում անտուն մնացածնե րին… Մեր սպասումներն, իհարկե, զուր էին, որովհետև մեր «խեղճ ու թշվառ» աստղերը հազիվ են ծայրը ծայրին հասցնում, հազիվ են կարողանում օրվա հաց վաստակել, ինչպե՞ս կարող էին վերջապես ստացված բնակարանները զիջել ուրիշների: Անշուշտ, իմ լավ բարեկամ Վահան Թումասյանի կոչը պոպուլիզմի մի նոր դրսևորում էր, անիրականանալի քայլ: Սակայն դրանում մի չափազանց հետաքրքիր միտք կար, որը վերաբերում էր ոչ միայն աստղերին, այլև բոլոր հայ օլիգարխներին, ովքեր գնաճն օրավուր անտանելի դարձնելով, չեն ուզում իրենց դիզած միլիարդավոր դրամներից մի չնչին գումար էլ աղետահար մարդկանց նվիրել: Աստղ հորջորջվողներն, անշուշտ, չէին կարող այնքան փխրուն սիրտ ունենալ, որ կուլ գնային հորդորներին և մի բարի գործով պսակազարդեին իրենց անունները: Եվ մենք որևէ պահանջ նրանց չենք էլ ներկայացնում, որովհետև պահանջներ ներկայացվում են իսկական աստղերին, արվեստում մեծագույն ձեռքբերումների հասածներին: Մինչդեռ միջակությունը հազիվ հաղթահարող, ֆոնոգրամմայի տակ միայն «երգող» մարդկանցից ի՞նչ պահանջես: Նրանք լավ են հասկացել այն մեծ ճշմարտությունը, որ հարկավոր է կյանքից վերցնել այն ամենը, ինչ հնարավոր է, քանի որ կյանքը վաղանցուկ է: Բայց վաղանցուկ է նաև իրենց փառքը: Նրանցից մի քանիսն այսօր արդեն մոռացված են, այսօր արդեն անհնար է նրանց լսել… Ի վերջո, այդ աստղ կոչվողները կարող են միանգամայն արդարացիորեն հայտարարել, թե իրենք մեղք չունեն, որ ազգիս մեծահարուստներն իրենց բնակարաններ են նվիրել: Տվածը պետք է վերցնել և ամուր պահել: Հատկապես Երևանում նվիրված բնակարաններն, ի վերջո, կապիտալ են. երբ դադարեն երգել` կվաճառեն այդ բնակարանները, ստացված եկամուտներով կապրեն… Թող նույն այդ մեծահարուստները բնակարաններ էլ նվիրեին ազգիս նշանավոր գիտնականներին, գրողներին, իսկական արվեստագետներին, թող նրանց էլ կանչեին իրենց «տաշի-տուշիին» ու պարգևատրեին: Չեն կանչել, ուրեմն այս ազգին այլևս գիտնականներ ու գրողներ, արվեստի ճշմարիտ գործիչներ պետք չեն: Կարևորը արաբաթուրքական մուղամների ոճով երգող ու ռաբիսը բարգավաճեցնող երգիչ-երգչուհիներն են, որոնց մեջ, իհարկե, կան և տաղանդավոր մարդիկ: Բայց երբ նույն այդ տաղանդավորները բեմ են բարձրանում կիսագրագետ «երգիչ-երգչուհիների», երգից հազարավոր մղոններ հեռու կանգնած մարդկանց հետ ու ծռմռվում-կոտրատվում փող ունեցողների առջև` ուզում ես այլևս չհարգել դրանց, չլսել դրանց կատարումները, որքան էլ որ դրանք տաղանդավոր լինեն… Իսկ «Տաշիր-2011»-ն իսկապես գավառայնության ու վատ ճաշակի «հաղթահանդես» էր: Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից էլ վատ մի բան, որն այս անգամ տեղի էր ունենում Մոսկվայում, Կրեմլյան պալատում և հեռարձակվում «Արմենիա» հեռուստատեսության եթերով` հասանելի դառնալով նաև աշխարհի շատ երկրների ակնդիրների: Հայաստանյան հեռուստաեթերից արդեն հոգնեցնելու աստիճան միօրինակ երևացող նույն դեմքերը, մգլահոտ արտանետող երգերը, հաղորդավա րական միևնույն տափակությունները… Նորությունը Քսենյա Սոբչակն ու Նիկոլայ Բասկովն էին, որոնք դարձել են ռուսական էժանագին շոուների և պոռնոհանդեսների խորհրդանիշերը: Ծաղրելով դահլիճում նստած մոտ 4 հազար ունկնդիրների` Բասկովն արդեն հազարերորդ անգամ չուզեց նեղություն տալ իր կոկորդին ու ֆոնոգրամմայի տակ «երգեց» իր բանկետային դարձած «Շարմանկան»` կարծես հասկացնել տալով մեր հայրենակիցներին, որ իրենք, այնուամենայնիվ, Ռուսաստանում օտար են… Թեկուզև այսօր նույն Ռուսաստանում հայերն ահռելի ներդրումներ են կատարում, «Տաշիրի» կազմակերպիչ Սամվել Կարապետյանն է միլիարդավոր դոլարներ ծախսում առևտրական կենտրոններ կառուցելու համար: Ի՞նչ տվեց մեր երգարվեստին այս «Տաշիրը», ինչո՞վ այն դարձավ նշանակալի երևույթ մեր մշակույթի պատմության մեջ: Մեր պատասխանը բացասական է լինելու, որովհետև գավառայնություն «բուրող» և մեր աստղերի ստեղծագործական թշվառությունը երևան հանող այս մրցանակաբաշխությունն ընդամենը ծաղր էր մեր երգարվես տին. մի խումբ կուշտ ու գոհ մարդկանց ցինիզմի արտահայտություն և ուրիշ ոչինչ:

էջի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ