ՃԱՊՈՆԱԿԱՆԸ ՏԵԽՆԱԾԻՆ ԷՐ


Մինչ գիտնականները հայտարարություններ են անում, Ճապոնիայում ավելանում է ճառագայթվածների թիվը Վերջին օրերին չինական թերթերն ու էլեկտրոնային կայքերը ողողվել են հայտարարություններով, որոնց հեղինակները չինական վերլուծաբաններն ու գիտնականներն են: Նրանք պնդում են, որ Ճապոնիան օվկիանոսի խորքում տեղակայել է ատոմային փորձարկումների պոլիգոն, որտեղ էլ իրականացրած հերթական փորձարկումը ձախավերության է դատապարտվել: Թաքցնելու համար ռադիոակտիվ ճառագայթման իրական պատճառները` ճապոնացիները բեմականացրել են «Ֆուկուսիմա 1» ատոմային էլեկտրակայանի վթարը` այն կապելով երկրաշարժի հետ: Չինացիներն իրենց հայտարարությունները հիմնավորելու համար դիմում են Տոկիոյի նահանգապետի արած այն ակնարկին, թե հնարավոր է` չինացիների դեմ կիրառվի ատոմային զենք: Ըստ վերլուծաբանների, հենց այդ զենքի փորձարկումն էլ վերածվել է համաշխարհային աղետի, քանի որ այսօր վտանգված է ոչ միայն Ճապոնիայի, այլև մի շարք այլ երկրների շրջակա միջավայրը, ճառագայթումը սպառնում է միլիոնավոր մարդկանց: Չինացիների պնդումներին հավատացողների թիվն աստիճանաբար մեծանում է, այդ հայտարարությամբ սկսել են հետաքրքրվել ինչպես Պենտագոնում, այնպես էլ խաղաղօվկիանոսյան երկրների գիտական ու ռազմական շրջանակներում: Չինացի գիտնականներն արդեն հետազոտություններ են կատարել և հայտարարել, որ Ճապոնիայում շատ փլուզումներ հետևանք են տեխնածին աղետի, դրանք չեն համապատասխանում երկրաշարժի «ստանդարտ» փլուզումների տիպերին ու տեսակներին: Ավելին, ըստ չինացի գիտնականների, երկրաշարժից րոպեներ առաջ սարքերը չեն արձանագրել ցնցումների կորագծեր, երկրաշարժի հավանականություն չի եղել: Չինացիները նաև պնդում են, թե ցունամին, որն առաջացել է երկրաշարժին զուգահեռ, նույնպես տեխնածին է, այն արտացոլում է պայթյունի հուժկու ալիքները: Չինացի գիտնականների հայտարարությունները գիտական լրջություն են պարունակում, դրանք չափազանց տրամաբանական են: Նման եզրահանգման են եկել հատկապես Կանադայի գիտնականները, ովքեր պատրաստվում են ամբողջապես ուսումնասիրել աղետը: