Ընտրազանգվածների հիմնական տարբերությունը


Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ դրա, ձայների 95,55 տոկոսով նախագահ է վերընտրվել Նուրսուլթան Նազարբաևը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի շարս այլ լիդերների, արդեն հեռախոսով շնորհավորել և հետագա հաջողություններ է բարեմաղթել նրան: Ընտրություններն արտահերթ էին այն պատճառով, որ Ղազախստանի խորհրդարանը, հանդես բերելով գործող նախագահի հանդեպ առասպելյալ ստրկահաճություն, վերջերս օրենք ընդունեց` նրան «Ազգի առաջնորդ» պատվավոր տիտղոս շնորհելու և ցկյանս նախագահ հռչակելու հարցով համապետական հանրաքվե անցկացնելու մասին: Իբր` այդպիսի սրտաբուխ ցանկություն ունեին Ղազախստանի քաղաքացիները, ովքեր հարյուր-հազարավոր ստորագրություններ էին հավաքել ու նման խնդրանքով դիմել էին խորհրդարանին: Միանգամայն հնարավոր է, որ նման կարգի համախոսական դիմում իսկապես առաքվել էր երկրի օրենսդիր մարմին: Արևելաասիական հետամնաց, մանավանդ թուրքալեզու ժողովուրդներին հատուկ է իրենց ղեկավարների այդ կարգի աստվածացումը: Այնուամենայնիվ, սա 21-րդ դարն է, և արդեն 2 տասնամյակից ավելի Ղազախստանի անփոփոխ ղեկավար Նազարբաևը իմաստություն ունեցավ մերժելու «Ազգի առաջնորդ» կոչումը և չհաստատեց խորհրդարանի ընդունած օրենքը` տվյալ հարցադրումով համապետական հանրաքվե անցկացնելու մասին: Առանց այն էլ մի անգամ արդեն համաձայնել էր, որ առանց ընտրություններ անցկացնելու, զուտ համապետական հանրաքվեով, երկրի ղեկավարի իր լիազորությունները երկարաձգվեն 7 տարով: ԱՊՀ երկրների դիտորդները, ինչպես սովորաբար լինում է հետխորհրդային գրեթե բոլոր պետություններում, այդ ընտրությունները գնահատեցին իբրև «միանգամայն ազատ ու արդար»: Նրանք, իրենց բառերով, «չէին տեսել և չէին արձանագրել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վերջնական արդյունքների վրա»: Չէին նկատել նաև քվեատուփերի լցոնումներ, ընտրողների կամքի վրա բռնացումներ, նրանց ուղղորդելու երևույթներ, մրցակից թեկնածուների իրավունքների ու հնարավորությունների սահմանափակումներ, լրատվամիջոցներով հանդես գալու անհավասարություն և այլն, և այլն: Փոխարենը նման բաներ տեսել ու արձանագրել էին ԵԱՀԿ դիտորդները, որոնց գնահատականներով «Ղազախստանում կայացած ընտրությունները չափազանց հեռու էին եվրոպական չափանիշներից և չեն կարող գնահատվել որպես ժողովրդի կամքի ազատ ու արդար արտահայտություն»: Եվրոպացի դիտորդներին ցնցել էին ոչ այնքան կոնկրետ ընտրատեղամասերում առկա խախտումները, որքան` ընտրությունների ժամանակ հասարակության մեջ տիրող ընդհանուր մթնոլորտը: Նրանք անկարող էին «արդար» համարել մի ընտրություն, որին, իբր մասնակցել էր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների համարյա 90 տոկոսը: Ինքը, Նուրսուլթան Նազարբաևը, ոչ միայն զարմացած չէր այդպիսի ֆենոմենալ արդյունքներից, այլև մոսկովյան հեռուստատեսությանը տված կարճառոտ հարցազրույցում պնդում էր, թե «հակառակ եվրոպական պետությունների, որոնցում ընտրությունները սովորաբար հանգեցնում են հասարակության պառակտման, մեր ընտրութ յունները հանդիսացան ժողովրդի ամուր համախմբման վկայություն, ցուցադրեցին ամբողջ հասարակության միասնական կամքը»: Ապշեցուցիչ էր, երբ նույն մոսկովյան հեռուստաալիքներից մեկով ցուցադրեցին ընտրատեղամաս, ուր քվեարկում էր գործող նախագահի 3 մրցակիցներից մեկը: Ներկաներին պարզելով իր քվեաթերթիկը, այդ վայ-մրցակիցն ասաց. - Տեսեք, անձամբ ես քվեարկել եմ Նուրսուլթան Աբիշևիչի օգտին... Նրան ամենաարժանավորն եմ համարում, նա կարող է ղեկավարել մեր պետությունն ու առաջնորդել ժողովրդին... Ավաղ, այդպիսի բան եղել է նաև... մեզանում: ՀՀՇ-ական «թավշյա հեղափոխության» ժամանակ, դեռ մինչև Հայաստանի անկախության հանրաքվեն, անց էին կացվում Գերագույն Խորհրդի նախագահի ընտրությունները: ՀՀՇ-ն այն ժամանակվա խորհրդարանում ուներ գրեթե 5 անգամ պակաս պատգամավոր, քան կոմկուսը: Բայց հավաքելով իր կողմնակիցների ահռելի մի բազմություն, մանավանդ հետագայում «ՀՀՇ-ի ԲէՏԷԷՌ-ներ» հեգնական անունը վաստակած կանանց մի ագրեսիվ խումբ և ուղղակի հիստերիկ վիճակ ստեղծելով կառավարության նիստերի դահլիճի շուրջ (ուր տեղի էր ունենում Գերագույն Խորհրդի նստաշրջանի աշխատանքը), Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա զինակիցները բառացիորեն հափշտակեցին քաղաքական իշխանությունը: Այն ժամանակ լուրեր էին շրջում, թե Գերագույն Խորհրդի այդ բախտորոշ նստաշրջանում կոմկուսի կողմից նախագահի թեկնածու առաջադրված անձը մոտեցել էր այժմ «հայկական ժողովրդավարության հիմնադիր հայր» կոչվելու հավակնութ յունն ունեցող ՀԱԿ առաջնորդին, ցույց տվել իր քվեաթերթիկը և ասել. - Տես, Լևոն ջան, իմ անունը ջնջել եմ, քոնն եմ թողել... Եվ այսպիսի ճնշմամբ իշխանություն հափշտակածի ձայնափողերն ամենուրեք հայտարարում են, թե իբր Հայաստանում միայն այդ ժամանակ է եղել «ազգընտիր իշխանություն», միայն 1-ին նախագահական ընտրություններն էին իսկապես ժողովրդավարական, մնացած բոլորն, իբր, կեղծվել են... Ի՞նչ պակաս «ազգընտիր» է Նուրսուլթան Նազարբաևը: Նա, համենայն դեպս, «ԲԷՏԷԷՌ կանանց» հարվածային գումարտակներ չի հանել փողոց, ոչ էլ Ազգային բանակի զրահատեխնիկայով նախագահական ընտրություններից հետո «գրավել» է սեփական երկրի մայրաքաղաքը: Նազարբաևը, հակառակ մեր «ազգընտիրի», հատուկ ջոկատայիններ չի կանգնեցրել զանգվածային լրատվամիջոցների ոչ միայն միջանցքներում, այլև, ամոթ չլինի ասելը, ազգային ռադիոյի... կանանց զուգարանների դռների մոտ... Նազարբաևը նաև ինքն իրեն «ազգընտիր» չի հայտարարել, այլոց խրատ տալու, ժողովրդավարություն սովորեցնելու էժանագին կեցվածքներ չի ընդունել: Մարդն ուղղակի ուզում է... մինչև կյանքի վերջը նախագահ մնալ. պարզապես «ամաչում» է դա խոստովանել: Մարդիկ դա հրաշալի հասկանում են և, ի բարեբախտություն իրեն` ընդառաջում են: Թերևս, Հայաստանի և Ղազախստանի ընտրազանգվածների հիմնական տարբերությունն այդ է...

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ