Կիսաշրջազգեստ` հանուն կիսաշալվարի Եվ` ի նշան բողոքի


12-ամյա Քրիս Ուայտհեդն ուսուցիչներին ու դասընկերներին ապշեցրել է իր «կիսաշրջազգեստային դասադուլով»: Արդեն մի քանի շաբաթ նա դպրոցում հայտնվում է կրտսեր քրոջ կիսազգեստով` թեև շոտլանդացի նախնիներ չունի: Նա այդ հագուստը կրում է ի նշան բողոքի դպրոցական նոր կարգի դեմ: Դպրոցում պահանջել են, որ տղաները դասի գան երկար տաբատով, իսկ Քրիսը կարճ շալվարն է նախընտրում և անմարդկային է համարում` մայիսի շոգերին բաց ոտքերով չշրջելը: - Ինչո՞ւ աղջիկներին կարելի է ամռանը կիսաշրջազգեստ հագնել, իսկ մեզ շորտեր չի կարելի: Դա սեռային խտրականություն է,¬ ասել է փոքրիկ ապստամբն իր ընկերներին` առավոտյան տողանի ժամանակ, երբ բոլորի զարմացած հայացքները իրեն են հառվել: Երկու տարի դպրոցում գործել է այդ կարգը, բայց Քրիսն ամեն ինչ գլխիվայր է շրջել: Դպրոցի ղեկավարությանը նա ապացուցում է, որ կանոնադրությամբ ոչ մի հոդված չի արգելում շորտեր հագնել: Քաղաքական ակտիվիստի կեցվածք ընդունած այս դեռահասի մայրը չի էլ մտածում կարգի հրավիրել որդուն: Ընդհակառակը, նա հիանում է, թե տղան «ինչպես է պայքարում հանուն նրա, ինչին հավատում է». - Ես հպարտանում եմ իմ տղայով: Շատ ուրախ եմ, որ նրա համարձակությունը բավարարեց` դպրոց գալ կիսաշրջազգեստով, որպեսզի պաշտպանի իր համոզմունք ները: Նա անում է այն, ինչ իրեն սովորեցրել են,¬ ասել է միսիս Ուայթխեդը: Դպրոցում, սակայն, չեն էլ մտածում փոխել ընդունված կարգը. - Մենք չենք պատրաստվում փոխել մեր օրենքները, որովհետև դրանք համապատասխանում են Քեմբրիջի կրթական հաստատությունների չափանիշներին,¬ ասել է ուսմասվար Ռոբերտ Քեմբլը: Քրիսին չեն արգելի քրոջ հագուստով դասի գալ, որովհետև արգելելը կնշանակի խտրականություն: Երևի ոչ մեկը չի հարցրել տնօրինությանը` - Եթե կիսաշրջազգեստը կարելի է, կարճ շալվարն ինչո՞վ է խանգարում: