«Հակադրախտային» գնդակ


Այս մասին, թերևս, միայն հումորով կարելի էր խոսել: Բայց ահա Միացյալ Նահանգների ռազմական կարիքների համար զինամթերք արտադրող Silver Bullet Gun Oil ընկերությունն իր կայքում ամենայն լրջությամբ գրել է. - Խոզի ճարպը, որով պատված են գնդակները, երաշխավորում է, որ այդ գնդակով սպանված մուսուլմանը դրախտի թավուտներ չի ընկնի: Եվ տարօրինակ այս «խոստովանությունը» հնչել է բեն Լադենի սպանության առիթով: Արտադրող ընկերությունը հավաստիացրել է, որ հատկապես խոզի ճարպը գլխավոր զենքն է ահաբեկիչների դեմ: Հատուկ այդ փամփուշտները մեծ պահանջարկ ունեն Աֆղանստանում և Իրաքում գրոհայինների առաջնորդներին ոչնչացնող հրամանատարների շրջանում: Պարզվում է` ամերիկյան զինվորականները զենքի համար «հակաիսլամական» քսուք գնում են դեռևս 2004 թվականից: Արտադրող ընկերության տվյալներով` այս ընթացքում իրենք ԱՄՆ Զինված ուժերին վաճառել են այդ նյութի հարյուրավոր շշեր: Խոզի ճարպն այդ քսուքում ընդամենը 13 % է, բայց ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ այդքանն էլ բավական է, որպեսզի դրախտի դռները փակվեն ահաբեկիչների առջև և նրանց քշեն մահվան դժոխքը: Բոլորը գիտեն, որ իսլամական կրոնում խոզը կեղտոտ կենդանի է համարվում, և արգելվում է խոզի միս ուտել: Հավանաբար հենց սրանով են առաջնորդվում ճարպիկ գործարարները: Բայց, ինչպես երևում է` իրենք ավելի շատ են հավատում կրոնական այդ մոլորությանը, քան խոզի մսից հրաժարվող մուսուլմանները: