«Նա մեր ուսուցիչն է»


Հիրավի, մեծ է նրա վաստակը, հյուսած կենսագրությունը` ուսանելի: 1944¬ից ձգվում է գեներալ-գնդապետի զինվորական ուղին, վերջին 20 տարին` հայկական զինված ուժերում: Թրծվելով Խորհրդային բանակում` 7 տարի շարունակ զբաղեցրել է Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալի բարձր պաշտոնը: Բարեխիղճ ծառայության ու նվիրվածության համար արժանացել է ԽՍՀՄ բանակի գեներալ¬մայորի կոչման: Սակայն ավելի փառահեղ ուղի էր նրան սպասվում Հայոց բանակում: Նախախնամության «կամքն» էր` պիտի թրծվեր նաև Արցախյան գոյապայքարի կրակներում: Երբ հայկական զինված ուժերի կազմավորման հարցը դարձել էր հրամայական, մայր հողի կանչը նրան բերեց հայրենիք: Նշանակվեց ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի գլխավոր շտաբի պետ` անմնացորդ նվիրվելով բանակաշինության գործին: Գեներալ¬լեյտենանտի և գեներալ¬գնդապետի բարձր կոչումները մեր երկրում առաջին անգամ շնորհվել են Գ. Դալիբալթայանին: Հրադադարից հետո Զինված ուժերի բարեկարգմանն ուղղված աշխատանքներում ևս նա ներգրավվեց` որպես ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, ապա` 2007¬ից` Պաշտպանության նախարարի խորհրդական: Պաշտպանության նախարարության և «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնությամբ կազմակերպված` գեներալ¬գնդապետի ծննդյան 85-ամյակին նվիրված տոնական ցերեկույթում սրտաբուխ ու ջերմ էին նախարար Սեյրան Օհանյանի բարեմաղթանքի և գնահատանքի խոսքերը. - Արցախյան ազատամարտի, Հայոց բանակի կերտման և պետականության այս 20 տարիների ընթացքում մեծ ավանդ ունեցած մարդկանց, ինչպես նաև ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Կրկնակի պատիվ է, քանի որ այսօր մեծարում ենք մի մարդու, ով եղել է մեր մեծ ուսուցիչը, մեր առաջնորդներից մեկը: Սիրելի´ Գուրգեն Հարությունի, այսօր մենք այստեղ ենք` Ձեր կողքին, շնորհավորում ենք Ձեր 85-ամյակը և ասում, որ Ձեզ շատ ենք սիրում և հարգում: Այս օրն ընդունելու ենք որպես բնագիծ, սահման, որպեսզի Ձեզ հետ ունեցած մեր բոլոր արդյունքները մեկ անգամ ևս արժևորենք և պատասխանատվության զգացումով հետագա ճանապարհների, հաղթանակների համար ուղենիշ համարենք: Հայոց բանակի կերտման առաջին իսկ օրից Դուք եղել եք մեր կողքին: Եվ մենք` զինվորականներս, այդ ամենի մեջ տեսնում ենք Ձեր վաստակը: Եթե չլինեին Խորհրդային բանակում ունեցած Ձեր ձեռքբերումները, ապա ինչ¬որ մի բան կպակասեր… Եթե փորձենք խոսել Արցախյան ազատամարտում ունեցած Ձեր ներդրման մասին, կնշանակի խոսել մի քանի օր, մի քանի տարի: Մեր բոլոր մարտական գործողությունները վարվել են ռազմարվեստի և ժամանակակից ռազմական գիտության չափանիշներին համաձայն: Այդ գործում մեծ ներդրում ունեք Դուք: Եթե անդրադառնանք միայն Շուշիի ազատագրման օպերացիային, այն իրականացվեց այսօրվա պահանջներին համապատասխան և փայլուն ձևով արտացոլեց հայ զինվորի, զինվորականի, հրամանատարի համաձուլվածքը, նրանց մտերմությունը: Դուք մեծ ներդրում ունեք ոչ միայն որպես զորավար, գեներալ, այլև հասարակ զինվոր: Մարտի դաշտում Դուք միայն հրամանատար չէիք: Ես հիշում եմ, երբ Արցախում ասում էինք, թե որտեղ Դուք զինվորի հետ առաջին գծում եք լինում, մենք հաղթանակ ենք տոնում: Այո´, Արցախյան գոյապայքարում ապացուցեցինք, որ բռունցք ենք ու գիտենք հաղթանակի արժեքը: Դա համազգային պայքար էր, որի շուրջ համախմբվեց ողջ ժողովուրդը: Հաղթեցինք, որ Արցախն ազատ շնչի: Իրենց հողի վրա, իրենց շեներում ապրող երախտագետ արցախցիների բարեմաղթանքները փոխանցեց ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը. - Ուզում եմ Արցախի ողջ ժողովրդի և բանակի անունից շնորհավորել մեր գեներալին: 85 տարին պատկառելի տարիք է, որը նա անցել է բազմաթիվ փորձություններով: Նման մարդկանց կարիքը մենք շատ էինք զգում: Գեներալ¬գնդապետ Գ. Դալիբալթայանն այն գեներալներից է, ով Խորհրդային բանակի փորձը բերեց Հայաստան: Առաջին իսկ օրվանից մասնակցեց գոյապայքարին, կազմակերպեց բազմաթիվ ռազմական գործողություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարանք: Արցախի ժողովուրդը սիրում և գնահատում է մեր գեներալին: Ահա այսպիսին է գեներալ¬գնդապետ Գուրգեն Դալիբալթայան զինվորականն ու մարդը: Կուրծքը զարդարող բազմաթիվ շքանշաններն ու մեդալները նրա մեծ վաստակի առհավատչյան են: Փառահեղ ուղի անցած գեներալն այսօր հայ զինվորին պատգամում ու նաև պարտավորեցնում է առաջին հերթին սիրել հայրենիքը` հավատարիմ մնալով հայրենյաց պաշտպանի վեհ կոչմանը: