ԱՀԱԶԱՆԳ Թե վերելակները լեզու ունենային


Արշակունյաց 2 (ներկայումս` 2ա) հասցեում 1982 թվականից գործող Մամուլի տանը շատ բան է փոխվել: Մուտքից արդեն զգացվում է, որ շուրջ 3 տասնամյակ հիմնանորոգում չունեցող շենքը խնամքով է պահպանվում Պետգույքի գործակալության կողմից. իհարկե` այս օղակի հնարավորության սահմաններում: Իսկ շենքի պարետի պարտականությունները ստանձնելու օրից Գուրգեն Մովսիսյանին վաղ առավոտից մինչ ուշ երեկո կարելի է տեսնել շենքի տարբեր հարկերում` լուսավորության և մաքրության հարցերով մտահոգ: Այցելուն հենց մուտքից և շինության նախասրահից զգում է խնամքոտ ձեռքի առկայությունը: Բայց ահա զույգ վերելակների` ոչ մի կերպ չլուծվող խնդիրը ստվերում է այստեղ կատարվող ամեն աշխատանք: Ի սկզբանե այս վերելակները չեն արդարացրել իրենց գոյությունը. 15 հարկանի հիմնարկային շենքի համար նախատեսված 2 փոքր խցիկները, բնականաբար պետք է շատ արագ շարքից դուրս գային: Շենքը սպասարկողների ջանքերով, սակայն, մինչ օրս գործում են դրանք: Գործում են, բայց ինչպե՞ս… 1979 թ. արտադրության այդ վերելակներով 1982 թվականից օրական 8 ժամի փոխարեն 16-18 ժամ անընդմեջ առնվազն 600-700 մարդ է վեր ու վար անում. դրանցով նաև գույք է տեղափոխվում և շինանյութեր: Ի դեպ, դրանց շահագործման առավելագույն տևողությունը 25 տարի է, մինչդեռ ահա 29 տարի 4 մարդ-տարողությամբ խցիկները շարունակում են գոյատևել` երբեմն¬երբեմն թեթև «վախեցնելով» ուղևորներին, մեկ¬մեկ էլ 1-2 օրով «ծուլանալով»: Օրերս դրանցում ամրացված հայելիները, մաքրությունն ու պայծառ լուսավորությունն անգամ չեն փրկում տխուր պատկերը և անվտանգության երաշխիք չեն: Բարեբախտաբար` առ այսօր դժբախտ պատահար տեղի չի ունեցել (դարձյալ` սպասարկողների ուշադրության շնորհիվ): Իսկ եթե տեղի ունենա՞. ո՞վ է պատասխան տալու: Ավելի լավ չէ՞, որ տվյալ պատասխանատուն այժմվանից մտահոգվի կամ հանձնարարություն ստանա` ֆիզիկապես ու բարոյապես մաշված անցյալ դարի հուշարձան-վերելակները նորերով փոխարինել: «ԱՎԱՆԳԱՐԴ»