«Պիտի վերագտնենք մեզ…»


 

Ցեղասպանությունից մազապուրծ սասունցու թոռ է հայրենասիրական երգերի կատարող Մկրտիչ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Հենց սասունցու արյունը տրոփեց երակներում, և շատ հայորդիների հետ նա ևս անվարան զինվորագրվեց ազատագրական պայքարին: Մարտնչել է Գետաշենում` Թաթուլ Կրպեյանի ջոկատում, Շահումյանում և Արցախի գրեթե բոլոր վայրերում: Այսօր նրա կատարած հայրենասիրական խրոխտ երգերում և´ Էրգրի կարոտն ու մորմոքն է, և´ Արցախամարտի հաղթական ոգին...…

- Օրեր առաջ Հանրապետության նախագահը վաստակավոր արտիստի կոչում շնորհեց Ձեզ, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք:

- Շնորհակալ եմ: Ինձ համար իսկապես մեծ պատիվ է և հաճելի պարտավորվածություն` ապրել, արարել, անել ավելին, քան մինչ օրս եմ արել: Աննկարագրելի զգացողություններ ապրեցի:

Դեռևս դարասկզբին անկախ պետականությունը մեր սերնդի համար երազանք էր: Անընդհատ զրկանքներ, նսեմացում` ֆիզիկական, բարոյական և հոգեբանական: Եվ հանկարծ հաղթեցինք, պետություն կառուցեցինք: Տա Աստված, որ մեր պետությունը դարեր հարատևի, հայն ավելի հզորանա: Եվ ահա այսօր մեր Հանրապետության նախագահն ինձ կոչում է շնորհում: Դա աննկարագրելի զգացողություն էր, որ ապրեցի ամբողջ հոգով:

- Այդ երազանքի ճանապարհը շատ հայորդիների հետ նաև Դուք բռնեցիք` անվարան մեկնելով Արցախ..

- Պարզապես մեր բախտը բերեց: Մեզ էր վիճակված օրհասական այդ պահին չվարանել ու պայքարել` հանուն խաղաղ ապրելու իրավունքի: Արեցինք այն, ինչ պետք է անեինք: Եվ դրանով որևէ առավելություն չունենք ո´չ նախորդ, ո´չ գալիք սերունդների նկատմամբ:

- Դուք մեր սերնդակիցներին և ոչ միայն, հաղթանակի բերկրանք նվիրեցիք: Պարտության ու տկարության ոգին կոտրեցիք:

- Ես չեմ գտնում, որ այսօրվա անելիքները պակաս կարևոր ու խրախուսելի են: Այսօր ևս շատ խնդիրներ ունենք: Մարդը բախտավոր է, երբ գիտակցում է իր անելիքը: Մեր հասարակության մեջ կարելի է 2 շերտեր տարանջատել. մարդիկ` ովքեր իրենց շրջապատը, պաշտոնն օգտագործում են միայն սեփական շահերի համար, և մարդիկ, ովքեր այդ ամենը ծառայեցնում են պետությանը: Դարեր շարունակ մենք պետություն չենք ունեցել և պետական մտածելակերպը չափազանց թույլ է մեզանում: Հայի իսկական տեսակի անհրաժեշտությունը մեծ է: Պետք է ապրել պետության համար: Իսկ մենք նոր ենք հասկանում, որ սա պետություն է` մեր պետությունը:

- Ձեր կատարումներում գերիշխում է Արցախյան գոյապայքարի թեման: Ե՞րբ սկսեցիք երգել:

- Ես հայրենասիրական երգերի ներքո եմ մեծացել: Հայրս երգում էր, և այդ ազդեցությունն ինձ վրա անշուշտ կա: Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը, ապա` Կոմիտասի անվան պետական կոնսեր-վատորիան: Սակայն այլ ժանրով էի երգում: Պատերազմի տարիներին սկսեցի հայրենասիրական երգեր երգել: Եվ ինչպես ասում են` եթե պատերազմը` զենքով, ապա ձայնը` հայրենասիրական երգով: Այլ կերպ լինել չէր կարող: Ինձ հարազատ են այդ երգերը:

- Հատկապես երգի ասպարեզում շատ արժեքներ են խեղաթյուրվել, շատերն են տուրք տալիս օտարամոլությանը կամ պարզապես անճաշակ երաժշտություն են նախընտրում: Սակայն կա մի հատված` հիմնականում երիտասարդներ, ովքեր այնուամենայնիվ ունկնդրում են հայրենասիրական երգեր, ինչն ուրախալի է: Այսինքն` պահանջ կա:

- Միշտ էլ արժեքներն աղավաղվել են: Ինչ վերաբերում է պահանջված լինելուն, պահանջը միշտ էլ կա` թե´ աղբի, թե´ տգիտության, թե´ շքեղության: Մարդը ցանկանում է դա լսել, միգուցե անգիտակցաբար: Պիտի պարզապես ճանապարհ հարթենք ու գնանք առաջ: Պիտի այսօր սերմանենք բարին, ճշմարիտը, որ վաղը հավաքենք պտուղները: Վտանգավոր է այսպես, այս կարգավիճակով ապրելը: Վտանգավոր կարող է լինել վաղը: Մենք կորցրել ենք մեր դեմքը: Ես սիրում եմ նաև օտար մշակույթը, բայց դրան պետք է նայել և գնահատել քո ազգի աչքերով: Պիտի մաքրվենք, վերագտնենք մեզ: Դա հեշտ չէ: Այսօր թվացյալ 3 միլիոն ենք, բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են վաղը ևեթ հեռանալ Հայաստանից: Երկրի համար ապրելը քաղցր դժվարություն է: Տառապանքի մեջ քաղցրություն կա: Երկրից հեռացողը տառապանքից է փախչում, ոչ թե անօրինականությունից: Իսկ անարդարությունը բոլոր ժամանակներին է բնորոշ: Երկիրը տառապում է, իսկ մենք փախչում ենք: Չեմ ցանկանում նսեմացնել որևէ մեկին, կիսում եմ նրանց հոգսն ու ծանրությունը: Բայց պիտի վերագտնենք մեզ, պիտի դրսևորենք մեզ այնպես, ինչպես մեր պետական գիտակցու-թյունն է պահանջում: Միգուցե լավը շատ քիչ է, բայց պիտի դրանով առաջնորդվենք: Սիրո պակաս կա այսօր, մինչդեռ մեզ սե´րը տարավ Արցախ: Կյանքն անշուշտ իր հունով մեզ կտանի դեպի ցանկալին, բայց ավելի լավ է մե´նք շուտ հասնենք: Օգտվում են այն ազգերը, ովքեր կարողանում են արագացնել ընթացքը:

- Դուք Ձեր հայրենաշունչ կատարումներով քայլ եք անում այդ ճանապարհին:

- Ես ապրում եմ պատերազմի հուշերով: 26 տարեկան էի այն ժամանակ: Բախտը մեզ հնարավորություն ընձեռեց իսկապես զգալ, շոշափել, ապրել հայրենիքի սերը: Հիմա ուզում եմ մնալ այդ ժամանակի մեջ: Պատերազմից հետո մարդը չի կարողանում լիարժեքորեն ապրել: Ինչ- որ բան չի բավարարում, ինչ անում ես, կիսատ է թվում: Կյանքին իմաստ տալ չես կարողանում: Իսկ այդ տեսակի երգն ինձ համար ապրելու կերպ է, ինքս ինձ վերագտնելու եղանակ: Ցանկացած ստեղծագործություն մարդուն պիտի շարժի դեպի հայրենի հողը:

Իմ երգերի 60 տոկոսից ավելիի հեղինակը Դավիթ Ամալյանն է: Չեմ սիրում իմ ընկերոջը շնորհակալություն հայտնել, բայց կգա մի օր` մենք չենք լինի, իսկ այդ երգերը կշարունակեն ապրել ու ապրեցնել մեր տղերքի հիշատակը: Եվ դրա համար ասում եմ` շնորհակալություն:

- Ի՞նչ կասեիք հայ զինվորին` որպես ազատամարտիկ:

- Մեր բանակին սեր է պետք: Կուզենայի` մեր զինվորները գիտակցաբար ծառայեին և սիրեին միմյանց: Սիրով ապրեք, որ հետո չամաչեք: Ու սիրեք հայրենիքը: Հայրենիքի սերը տկարություն չի ճանաչում: Հայրենիքը միայն բարի կամքի, ազատ ոգու մեջ է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ