Մտավորականը ժողովրդի խոսնակն է


 

Հոբելյանը մտորելու, խորհելու, ապրածը վերաարժևորելու ևս մի առիթ է: Հատկապես երբ անցյալում է արդեն 6 տասնամյակ, և գնահատանքի արժանի դրվագներն այդ ճանապարհին քիչ չեն:

Բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆԸ 60 տարեկան է: Միանալով արդեն հնչած բոլոր բարեմաղթանքներին ու գնահատանքի ջերմ խոսքերին, մենք ևս ի սրտե շնորհավորում ենք` մաղթելով արևշատություն, ներշնչանքի և ստեղծագործական բուռն տարիներ, կրկնապատկված եռանդ, հաջողություններ` գալիք բոլոր ձեռնարկումներում:

1975-ից նա առաջինն էր մեր երկրում, ով հաստատուն քայլ արեց հայ- սերբական գրական-մշակութային կապերի զարգացման ճանապարհին, ապա և անվարան քայլեց այդ ճանապարհով: Հայ և սերբական գրականության շատ արժեքներ փոխադարձաբար հասանելի դարձան 2 ժողովուրդներին:

Բ. Սիմոնյանը Հայաստանի և Սերբիայի գրողների միությունների անդամ է, բանաստեղծությունների, էսսեների, առակների 8 գրքերի և շուրջ 800 հրապարակումների հեղինակ: Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սերբերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն, էստոներեն, իտալերեն, հունգարերեն, ֆրանսերեն, անգլերեն:

Իսկ նրա 35- ամյա վաստակն, անշուշտ, գնահատանքի չարժանանալ չէր կարող: Դեռ 1993-ին` հայ-սերբական մշակութային կապերը զարգացնելու և ամրապնդելու գործում ունեցած ավանդի համար Սերբիայի Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե կրծքանշանով, իսկ օրերս` ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ` ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն` ոսկե մեդալով: 2006-ից Սերբիայի կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի պատվո հյուպատոսն է:

Մեր խնդրանքով հոբելյարը ներկայացրեց իր տեսակետը մտավորականության դերի մասին.

- Ի՞նչ դեր ունի մտավորականությունը երկրի կյանքում: Ինչպիսի՞ն եք տեսնում մերօրյա հայ մտավորականին:

- Մտավորականի դերը երկրի կյանքում, անշուշտ չափազանց մեծ է: Ցանկացած երկրի հաջողությունը կախված է մտավորականությունից, քանի որ հենց նա է ժողովրդի ուղեղը, շարժիչ ուժը: Եթե փորձենք հետադարձ հայացք ձգել պատմությանը, ապա կհամոզվենք, որ բոլոր վճռորոշ պահերին մեծ է եղել մտավորականների դերը: Ղարաբաղյան շարժումը ևս այս իրողության վերահաստատումն է: Այլ կերպ ասած` մտավորականությունը ժողովրդի լեզուն է, նրա խոսնակը: Եվ ես կարծում եմ, որ այսօր ևս` դժվարին մեր ժամանակներում մտավորականությանը շատ մեծ դեր է վերապահված: Իսկ մերօրյա հայ մտավորականին տեսնում եմ բարձր գիտելիքներով զինված` նաև համաշխարհային արժեքների իմացությամբ անշուշտ: Միշտ հիշելով, սակայն, որ առանց ազգային ակունքների ոչինչ լինել չի կարող:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ