ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

ՊԱՐԸ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ Է` ԽՐՈԽՏ ՈՒ ՔՆԱՐԱԿԱՆ


 

ՀՀ նախագահի հրամանագրով ազգային պարային արվեստում ունեցած մեծ վաստակի համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ ԽԱՌԱՏՅԱՆՆ արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: Մեր հազարավոր ընթերցողների անունից շնորհավորելով նշանավոր պարողին և պարուսույցին` հրավիրեցինք զրույցի:

- Նախ մեր ուրախությունն ենք հայտնում, որ գնահատվեց Ձեր տարիների աշխատանքը, և Դուք արժանացաք մեր երկրի բարձրագույն կոչումին: Ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ առթիվ:

- Շնորհակալություն, որ ուրախ եք: Չեմ կասկածում, որովհետև մեզ տասնամյակների բարեկամությունն է կապում, և գիտեմ, որ իմ ստեղծագործության և անձիս հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքն անկեղծ է: Սովորաբար մարդիկ իրենք են հետաքրքրվում կոչումներով, անընդհատ հարցուփորձ անում, զանգահարում ինչ-որ տեղեր… Ես, անկեղծորեն ասեմ, չեմ հետաքրքրվել: Գիտեի, որ ներկայացվել եմ պատվավոր կոչման, ինչ-որ փաստաթղթեր էին լրացվել, սակայն չէի սպասում: Մեծ եղավ զարմանքս, երբ հայտարարվեց ժողովրդական արտիստի կոչման շնորհման մասին: Իհարկե, ուրախացա, հպարտացա, որ իմ երկիրը գնահատում է ինձ, ի դեմս ինձ` մեր ողջ բալետին, քանի որ այս կոչման մեջ մեր պարողներից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի: Բալետմայստերի աշխատանքը չի կարող եսակենտրոն լինել, այն ձևավորում է բալետային բեմադրությունը` ամեն մի պարողի, նվագախմբի ամեն մի արտիստի, նկարչի, մյուսների մասնակցությամբ:

- Որոշ հոռետեսներ անվերջ խոսում են, թե մեր բալետն իր բարձունքում չէ, թե շատ են անկումները, ու, ի հեճուկս շատերի, մեր թատրոնի գլխավոր բալետմայստերն արժանանում է նման կոչման…

- Ես չէի հանդգնի նման կտրուկ գնահատական տալ: Մեզանում արվեստի շատ ոլորտներ են անկում ապրել, շատերն են իջել իրենց բարձունքներից: Բալետը չէր կարող բացառություն լինել: Հատկապես բալետի հարցում մենք պետք է շատ վաղուց սկզբունքային խոսակցություն վարեինք, պիտի հետազոտեինք անկման պատճառները: Այո´, շատ շնորհալիներ հեռանում են Հայաստանից, որովհետև բալետի արտիստներին, համաձայն Հայաստանի օրենքների, զորակոչում են բանակ: Իսկ երկու տարի բալետից հեռու գտնվող արտիստը ոչ միայն արհեստավարժ շատ հատկանիշներ է կորցնում, այլև` մարմնի, ոտքերի ճկունությունը: Ուստի, հեռանում են` Եվրոպայում ունենալով մեծ հաջողություններ: Բայց միայն բանակով չպայմանավորենք այս ամենը: Մեր բալետային դպրոցը, որը ռուսական բալետի ազդեցություններով է ձևավորվել, շատ դեպքերում հեռացել է արդիականությունից, նորարարությունից, այն կերպարանափոխումներից, որոնք տիրական են դարձել արևմտյան բալետում: Բայց այսօր արդեն մեր թատրոնում ծնունդ առնող բեմադրությունները, հատկապես մեր երիտասարդ պարողների աշխատանքն իրավունք տալիս են ասելու, որ մենք ոչ միայն լավագույն ավանդույթներն ենք վերականգնում, այլև ինքներս ենք հաստատում գեղարվեստական նոր սկզբունքներ:

- Դուք նշեցիք նորարարության բացակայության մասին: Գիտեմ, որ Հայաստանում առաջինը Դուք գնացիք դեպի պարային նորարարությունը` ստեղծելով դասական բալետի հակապատկերը` հեռուստատեսային բալետը: Բայց հետո կիսատ թողեցիք Ձեր իրագործումները: Ինչո՞ւ:

- Լավ հիշեցիք… Խորհրդային ժամանակներում հեշտ չէր ավանդույթներ փշրելը, նոր ձևեր և ծրագրեր առաջադրելը: Ես պարում էի Սպենդիարյանի անվան թատրոնում, արդեն փոխարինում էի Վիլեն Գալստյանին: Իմ պարացանկում հայ և համաշխարհային բալետային նշանավոր ստեղծագործություններ էին, հյուրախաղերով հանդես էի գալիս ԽՍՀՄ առաջատար երաժշտական թատրոններում: Սակայն զգում էի, որ դասական բալետը չափազանց կաղապարված է, որ շատ բեմադրություններ վերածվում են թանգարանային իրողությունների, շատ հաճախ բախվում էի «մեռյալ թատրոնի» տեսությանը: Հեռուստատեսային բալետի գաղափարն առաջինը Հայաստանում ծնվեց, և ես հասկացա, որ հեռուստատեսության առանձնահատկությունները, տարբեր դիրքերի ընդգրկումները, շարժվող տեսախցիկի «ֆիքսումները» կարող են նպաստել բեմադրությունների համակողմանի ընկալմանը, ոճի միասնությանը: Ոճ, որը մեզ տանում էր դեպի կամերային պարի գաղափարը: Ամեն ինչ հենել էքսպրեսիային, արտասովոր շարժմանը` հայտածելով պլաստիկական նոր վճիռներ… Շատերը ելան իմ դեմ, սկսեցին քննադատել, թե Խառատյանն ավերում է դասական պարը, թե նրա փորձարարությունը մեզ պետք չէ: Մինչդեռ, համոզված եմ` եթե ինձ չխանգարեին, եթե աջակցեին, ապա այսօր մենք կունենայինք որակապես նոր բալետ:

- Եվ դա՞ էր պատճառը, որ հեռացաք թատրոնից և Երևանից:

- Պատճառներից մեկն էր: Բայց ես ոչ թե հենց այնպես հեռացել եմ` վիրավորված ու խռոված, այլ հյուրախաղերից մեկի ժամանակ հրավեր եմ ստացել Օլեգ Վինոգրադովից: Ես գերադասում եմ ստեղծագործական ազատությունը, գերադասում եմ որոնումը: Արվեստում չի կարելի միշտ պահպանողական լինել, միշտ խնկարկել անցյալի արժեքները` առաջ չգնալով, որևէ նոր բան չստեղծելով:

- Դուք Վաշինգտոնի «King» բալետային թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն եք: Վաշինգտոնում դասավանդել եք աշխարհահռչակ Մարինյան թատրոնի բալետային խմբին, AΗericΖn BΖllet TheΖtre-ին, WΖshington BΖllet-ին, TULSA բալետին, աշխատել եք Կանադայի Մոնրեալ քաղաքի Les BΖllets ClΖssic du MontreΖl և BΖllet DivertiΗento խմբերի հետ… Շարունակում եք դասավանդել նշանավոր շատ դպրոցներում, իսկ այդ ամենին զուգահեռ` մեր Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերն եք: Ինչպե՞ս եք հասցնում:

- Գալով Երևան և ստանձնելով գլխավոր բալետմայստերի պարտականությունները, իհարկե, ինչ-որ չափով կտրվեցի իմ դպրոցներից, իմ ծրագրերից, սակայն կարևորն ու առաջնայինը մեր թատրոնն է: Մի քանի բեմադրություններ են կյանքի կոչվել, ինձ համար շատ մեծ նշանակություն ունեցավ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բարդագույն կլավիրով բալետի բեմադրությունը: Հիմա նոր աշխատանքներով ենք տարված: Չկա առավել մեծ երջանկություն, քան աշխատել մի թատրոնում, որտեղ դու սկսել ես, որն այսօր կարիք ունի բարեփոխումների: Այստեղ էլ շատերի համար անսովոր էին աշխատանքի այն մեթոդները, որոնք ես առաջարկում էի: Ոմանք ըմբոստացան, չընդունեցին դասավանդման ու բեմադրման իմ մեթոդաբանությունը, սակայն այսօր արդեն մենք բոլորս համախոհներ ենք, որովհետև ամեն ինչ անում ենք մեր բալետի համար: Նաև մեծ աշխատանքներ պիտի իրականացվեն պարարվեստի քոլեջում:

- Դուք նաև ճանաչված նկարիչ եք, Ձեր շատ աշխատանքներ ցուցադրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում, Հայաստանում ունեցաք Ձեր անհատական ցուցահանդեսը: Ես չեմ հիշում բալետի մեկ այլ արտիստի, ով նաև նկարիչ է: Պար և նկարչություն. արդյո՞ք այդքան մոտ են…

- Պարը` որպես շարժման ամբողջություն և ֆենոմեն, ամեն ինչի մեջ է, նաև` գույնի ու կոմպոզիցիայի: Ամեն մի գույն իր պլաստիկան ունի, իր «պարը»: Հետևաբար, դա պարի շարունակությունն է, ճանապարհ է դեպի պար: Բայց մեկ այլ բացատրություն էլ կա: Դեռ պատանի էի, հաճախում էի պիոներ պալատում գործող քանդակի խմբակ, իսկ հետո արդեն նկարչության և քանդակագործության մեջ գիտելիքներս խորացրեցի Լևոն Վարդանյանի արվեստանոցում: Մենք հենց այնտեղ ենք ծանոթացել, դու ևս գալիս էիր արվեստանոց, որը բոլորիս համար և´ դպրոց էր, և´ հետաքրքիր բանավեճերի տեղ: Սակայն նկարչությամբ լրջորեն սկսել եմ զբաղվել այն տարիներին, երբ Օլեգ Վինոգրադովի հրավերով աշխատեցի նրա դպրոցում և բավական ժամանակ ունեցա: Նկարներս նույնպես բալետի ազդեցությունն են կրում: Դրանք բաղկացած են շրջանաձև պատկերներից, իսկ շրջանը կյանքն է, հավերժությունն ու անսահմանությունը: Իմ աշխատանքները կազմված են նաև պարույրաձև պատկերներից, որոնք ներդաշնակության և երկնառաք հոգևոր լիցքերի հետ միաձուլվելու ճանապարհն են ուրվագծում: Առկա են նաև քառակուսիներ, որոնք խորհրդանշում են գիտելիքները հստակեցնելու բանաձևը: Դա առկա է նաև բալետում:

_ Գիտեմ, որ Ձեզ հետ շատ հաճելի է զրուցել, սակայն սուղ են լրագրային էջի սահմանները: Ուստի, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել, շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար և մաղթել ստեղծագործական նոր թռիչքներ:

- Թռիչքները լինում են այն ժամանակ, երբ ձևավորվում են նախադրյալներ: Ուրեմն` մաղթենք նախադրյալներ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ