Պոռնոարտիստ, մարդասպան, համ էլ` մարդակեր


 

Իսկապես` խելակորո˜ւյս աշխարհ, խելահե˜ղ ժամանակներ, որոնց անկանգ պտույտի մեջ ճզմվում է ամենայն արժեք, պղծվում է մարդկայինը: Ու ամենասարսափելին այն է, որ կատարվող դաժանությունները, այլասերումը օրավուր մարդկային պատկերացումներից դուրս նոր գարշանքներ են արձանագրում:

Կանադացի այս ստահակի` Լուկա Մանյոտայի գործում սոսկալի նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Ինչպես տեղեկացրել է NΖtinΖl Post-ը` երեք օր առաջ (երեքշաբթի օրը) Վանկուվերի տարբեր հատվածներում գտնվող 2 ուսումնական հաստատություններ ծանրոցներ են ստացել, որոնց մեջ մարդու ոտնաթաթեր և ձեռքի դաստակ է եղել: Այդ մարմնամասերի տիրոջ անձը դեռ պարզված չէ, իսկ ոստիկանությունն էլ վստահ չէ, թե այդ հանցագործությունը կապված է դաժան այն սպանության հետ, որն անցյալ շաբաթ կատարել էր նույն Լուկան, ով ճանաչված է նաև որպես Վլադիմիր Ռոմանով ու Էրիկ Նյուման Քլինթոն:

29-ամյա դերասանը նախկինում ևս լուրջ խնդիրներ է ունեցել օրենքի հետ. նրա «հաշվին» գրանցված են մի քանի կողոպուտներ ու բռնաբարություններ: Եվ` ոչ միայն: Առժամանակ առաջ հաղորդվել էր, որ 29 տարեկան մի երիտասարդ սառցահատիչով սպանել է իր զուգընկերոջը, անդամահատել և դիակի կտորտանքը փոստով ուղարկել է կանադական առաջատար քաղկուսակցություններ: Ոստիկանությունն արագ բացահայտել է սպանվածի անձը` Չինաստանից եկած ուսանող Ցզյուն Լին: Իսկ դաժանամոլ Լուկայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Հանցագործը Փարիզ էր թռել ու մի քանի օր լա˜վ զվարճացել տարբեր ակումբներում: Ոստիկանությանը չէր հաջողվել բռնել նրան: Նա էլ մեկնել էր Բեռլին, որտեղ և վերջապես ձերբակալվել է` ինտերնետ-սրճարանի աշխատակցի զգոնության շնորհիվ:

Ինտերնետում հայտնված` նրա կատարած սպանության տեսագրությունն ուսումնասիրած մասնագետները հիմքեր ունեն կարծելու, որ Մանյոտան կերել է Ցզյունունի դիակի մի մասը: