«Մուզիկանտ» աթեիստ չլինե´լ


 

Աշխարհը թող խղճի և դավանանքի ազատություն գոռա ու որոտա, Թուրքիան էլ թող չորեքթաթ հաճոյանա` թե քաղաքակրթվել եմ ու արևմտյան արժեքներ եմ դավանում: Հաճոյանում է դրսում, իսկ ներսո՞ւմ:…

Անցած ուրբաթ այնտեղ մեղադրել են դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սային` կրոնական արժեքներն անարգելու և թշնամանք հրահրելու համար: Ինչպես հաղորդել է AFP-ն` վկայակոչելով երաժշտի փաստաբանների հավաստիացումները` այդ գործով դատավարությունը կսկսվի հոկտեմբերին, Ստամբուլում: Իսկ մինչ այդ հավանաբար փորձելու են հիմնավորել մեղադրանքը: Եթե 42-ամյա երաժիշտը մեղավոր ճանաչվի, նրան 1,5 տարի ազատազրկում է սպասվում:

Թուրքիո պահպանողական իսլամիստական շրջանակների դժգոհությունն է հարուցել իսլամի վերաբերյալ Սայի դիտողությունները, որոնք կոմպոզիտորը տեղադրել է իր կայքում: Իսկ ապրիլին «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում Ֆազիլը պատմել էր, որ հայրենիքում ինքը քննադատվում է այն պահից, երբ հայտարարել էր, որ աթեիստ է: Նաև հավելել էր, որ մտադիր է Ճապոնիա տեղափոխվել:

Նա կարևոր է համարել նշել, որ հավանաբար ինքն աշխարհում առաջին մահկանացուն է, ով քրեական հետապնդման է ենթարկվում` իրեն աթեիստ համարելու համար:

Եթե˜ քրիստոնյա երկրները նույնքան հետամուտ լինեին` ճշմարիտ հավատն անաղարտ, դրա հետևորդներին նույնքան նվիրյալ պահելու համար…

Հետաքրքիր է, նույն Թուրքիայում միայն աթեիստ լինե՞լն է հանցանք, թե՞ աղանդները ևս արգելվում, աղանդավորներն էլ պատժվում են: