Աֆղանական թմրամարտ կամ` պարզապես` կարիճակայֆ


 

Թմրահսկողության հարցերում մասնագիտացած ճանաչված սոցիոլոգ Դևիդ Մակդոնալդն իր հերթական գրքում հիմնավորում է, թե ինչու Աֆղանստանում հետզհետե ստվարանում է թմրամոլների բանակը: Ծայրահեղ աղքատ և պատերազմներից տառապած ժողովուրդը փորձում է այդ կերպ մոռացության մատնել հուսահատությունը: Եվ անօգուտ են թմրանյութերը քրեականացնելու արևմտյան փորձերը, որովհետև դժբախտությունից այլ ելք չգտնող մարդը միշտ էլ ճար գտնում է` տանջանքները թեթևացնելու:

Օրինակ, կարիճն էլ հո չե՞ն կարող թմրանյութերի ցանկում ընդգրկել: Իսկ Բամյան գավառի թաթարները կարիճ ծխելու տեխնոլոգիա են մշակել. թունավոր այդ սողուններին նախ ճզմում են քարերով և թողնում են` չորանա: Ապա պոչի գլխավոր հատվածը` խայթի հետ մեկտեղ աղում-փոշի են դարձնում, խառնում ծխախոտի և/կամ հաշիշի (մարխուանայի) հետ ու ծխում:

- Ազդեցությունն ակնթարթային էր: Այդ մարդու դեմքն ու աչքերն ավելի ուժգին կարմրեցին, քան սովորական հաշիշ ծխելիս է լինում: Նա շատ ուժեղ թմրեց, բայց մնաց սթափ` չնայած, երբ փորձեց տեղից ելնել` սայթաքեց ու ընկավ: Կարիճից արձակված ծուխն ավելի «քաղցր» էր, քան հաշիշը, բայց հոտը տհաճ էր, իսկ թմրեցնող ազդեցությունն ավելի երկար տևեց,- պատմել է կարիճածխության «արարողությանը» ներկա մեկը:

Ասում են, որ թմրակարիճը թույլ չի տալիս քնել, սարսափելի գլխացավեր է հարուցում և խիստ գրգռիչ է: Մի քաբուլցի պատմել է, որ 20-30 անգամ կարիճ ծխելուց հետո 3 օր ինքը դժվարությամբ է բացել աչքերը, գլխապտույտ և տեսողական զգայախաբություններ (հալյուցինացիա) է ունեցել:

Աշխարհի մյուս երկրներում խիստ հազվադեպ է կարիճածխությունը: «Ավանդական» թմրանյութերի դեմ անհաջող պայքարի արդյունքում մարդիկ չեն ձգում դեպի կարիճները: Բայց ահա Հնդկաստանի արևմտյան նահանգներում ոստիկանները ստիպված են անհաշտ պայքար մղել կարիճի թույն վաճառողների դեմ:

- Ալկոհոլ, օփիում, հերոին վաճառողների և օգտագործողների դեմ մեր հաջող գործողությունների պատճառով քաղաքների երիտասարդությունը սկսել է հավաքվել ավտոմայրուղիներում` նոր թմրանյութ` կարիճի խայթ ձեռք բերելու,- ասել է Բհարուչ քաղաքի ոստիկաններից մեկը:

Հումորո՞վ, թե՞ լուրջ` ամերիկյան NΖrco Polo-ն հավելել է, որ հավանաբար շուտով թմրամոլության դեմ պայքարի նոր «ճակատ» կբացվի. պատերազմ` ընդդեմ սարդակերպերի: