ԿԱԴՐԵՐ ՉՈՒՆԻ


 

Որքան էլ Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը փորձեր այն երևութականությունը ստեղծել, թե իր գործերը շատ լավ են, թե ինքը շարունակելու է պաշտոնավարել, այնուհանդերձ, իրազեկ աղբյուրները նշում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նրան արձակուրդ ուղարկելով` կամեցել է ժամանակ շահել և գտնել առավել հարմար թեկնածու: Մանավանդ` քիչ չեն նրանք, ովքեր կամենում են զբաղեցնել այս պաշտոնը: Առաջին հերթին քննարկվել են երկու փոխմարզպետի թեկնածության հարցերը, սակայն նրանցից ոչ մեկին այդ պաշտոնը չի տրվի, որովհետև վարչապետին պետք է, որ Շիրակում ունենա իրեն նվիրված և վստահելի անձ: Մինչև վերջերս շրջանառվում էր Սուքիաս Ավետիսյանի անունը, սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին, երբ ձևավորվի կառավարությունը, Սուքիաս Ավետիսյանը հայտնվի խորհրդարանում` զբաղեցնելով թափուրվող տեղերից մեկը: Չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանին հաջողվի Շիրակի մարզպետի պաշտոնը ստանալ կոալիցիոն համաձայնագրով, բայց թե ո՞ւմ է նշանակել տալու` այնքան էլ հայտնի չէ, քանի որ Շիրակի մարզում ժամանակին Բալասանյան Սամվելն ու Մարգարյան Հովհաննեսը ՕԵԿ-ականների շրջանում այնպիսի կադրային ջարդ են իրականացրել ու բոլորին հետնամուտք հրել, որ այսօր քիչ թե շատ նկատելի դեմքեր կուսակցությունը չունի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ