ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ` ԵՌԱՄՅԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ


 

Հայտնի է դարձել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատամարտիկ Ժորա Աթոյանին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ժորա Աթոյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 325 հոդվածի առաջին մասով` ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծելու և դրանցով զինվորական կենսաթոշակ ու դրամական աջակցություն ստանալու համար:

Ըստ հայցվոր կողմի` Ժորա Աթոյանը 2005-2010 թթ. կեղծված փաստաթղթերով ստացել է ընդհանուր առմամբ 8 միլիոն 700 հազար դրամ: Պետմեղադրողը դատարանից պահանջել էր 6.5 տարի ազատազրկում: Ուշագրավն այն է, որ Ժորա Աթոյանի մասնակցությունը ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը շատերը հաստատեցին, Գյումրիում շատերն են հիշում, թե ինչ երջանկություն էր Աթոյանների տնակում, երբ նա վիրավոր վերադարձել էր պատերազմից: Նրա մասնակցությունը հաստատեցին իր զինընկերները: Սակայն դատավճռի հիմքում հայցվոր կողմի պահանջն ու դատախազի մեղադրանքը դրվեցին: Թե ի՞նչ վճիռ կկայացնի Վերաքննիչ դատարանը` կարելի է ենթադրել, քանի որ մեր դատարաններում շատ հաճախ ոչ թե արդարադատության, այլ պատվիրատուի «պատվով» են առաջնորդվում: