Ի ԴԵՊ

ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՑՎԵԼ ԵՆ


 

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ և ՕԵԿ ներկայացուցիչների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են կառավարության գործունեության ծրագրային հիմնադրույթները: Հիշատակվել են բազմաթիվ ոլորտներ, սակայն այդպես էլ ուշադրություն չի դարձվել մշակույթին ու գիտությանը: Այն տպավորությունն է, թե Հայաստանը չունի մշակույթ ու գիտություն, թե դրանք չեն մտնում կառավարության գործունեության ծրագրային քաղաքականության մեջ: Այստեղ, իհարկե, կա մի հակասություն, որին էլ ուզում ենք սևեռել մեր ուշադրությունը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այս հիմնադրույթները բխում են կուսակցությունների նախընտրական ծրագրերից: Եթե ՕԵԿ նախընտրական ծրագրում մշակույթն ու գիտությունը կրավորական դիրքերում էին, ինչն այդ կուսակցության վարած քաղաքականության հետևանքն է, ապա Հանրապետականի ծրագրում երկու ոլորտն էլ ներկայացված էին համակողմանիորեն, դրանք դիտարկվում էին մեր ռազմավարության հիմնասկզբունքներից: Ուրեմն, ինչո՞ւ է անտեսվել իշխող կուսակցության նախընտրական ծրագրի մի հսկայական մաս, ո՞վ է որոշել, որ ՀՀԿ ծրագիրը պետք է խմբագրվի` համապատասխանեցնելով ոմանց քիմքին:

Ընտրություններում ՀՀԿ համոզիչ հաղթանակի մեջ կարևոր դեր կատարեց կուսակցության ծրագիրը, որը շատերին ոգևորեց, հույսեր նեշնչեց, որ կուսակցությունը կկարողանա լուծել մշակույթի ու գիտության խնդիրները` այսպիսով մեր երկրին վերադարձնելով իր շատ արժեքներ և Հայաստանն ինտեգրելով համաշխարհային գիտությանն ու մշակույթին: Հիմա Տիգրան Սարգսյանի կառավարությունն, ըստ էության, հրաժարվում է այդ ամենից:

Այստեղ մտահոգողն այն է, որ ԱԺ-ում, ուր ներկայացվելու են ծրագրային հիմնադրույթները, մեքենաբար ընդունելու են դրանք` ուշադրություն չդարձնելով կատարված «խմբագրումներին»:

Այս հայեցադրույթներում բացակայում են նաև արդյունաբերությունն ու մարզերի զարգացման հիմնահարցերը: Առանց արդյունաբերության չի´ կարող հզոր պետություն լինել, չի´ կարող լինել մրցունակ տնտեսություն, մինչդեռ կառավարությունը «մոռացության» է տվել նաև դա: Հերթական անգամ կառավարությունը չի կամեցել հիշատակել մարզերը, որոնցում այսօր գրեթե բացակայում է պետական ծրագրային քաղաքականությունը, ոչինչ չի արվում մարզերի զարգացման համար: Ուրեմն, այս հայեցադրույթները չեն կարող ընդունելի լինել այնպես` ինչ տեսքով արդեն մշակվում են: Հայտնի է, որ կառավարության գործունեության հիմքում դրված է երկրի Նախագահի նախընտրական ծրագիրը, քանի որ Նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության գլուխը: Հիմա հիմնադրույթներից դուրս են թողնված նաև Նախագահի նախընտրական ծրագրի շատ դրույթներ: Որքան գիտենք, նախագահ Սերժ Սարգսյանն իր ծրագիրը չի փոխել...

Ուրեմն, ինչպե՞ս է պատահել, որ երկու քաղաքական ուժ որոշել են մշակել աղճատված մի ծրագիր, որը չի արտահայտում իրականությունը:

Լ.Մ.